Երեկ ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Դանիելյանն ազատվել է աշխատանքից, այս մասին հայտարարել է բժիշկ Գևորգ Թամամյանը, ով ևս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Գևորգ Թամամյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել էր, որ Սամվել Դանիելյանի ազատման պատճառը Բագրատ Սրբազաբի հետ ողջագուրվելն է եղել։
Բժիշկ Գևորգ Թամամյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել է, որ ողջագուրումը և գրկախառնումը եղել է Տավուշի մարզում քայլերթի մեկնարկի սկզբում։
Բագրատ Սրբազանը, երբ Դիլիջանից երթով գալիս էր, պարոն Դանիելյանը գնացել ողջագուրվել է նրա հետ։ Դրանից հետո մի քանի անգամ նրան հորդորել են ազատման դիմում ներկայացնել, չի գրել։ Սամվել Դանիելյանն էլ մերժել է՝ ասելով 20 օրից իր պաշտոնավարման ժամկետը լրանում է, իմաստ չկա։
Հարկ է նշել, որ Դանիելյանի և Թամամյանի պես մասնագետներ ՀՀ-ում չկան, նրանք մասնագիտացված են մանկական ուռուցքաբանոթյան և արյունաբանության ոլորտում․ նրանց փոխարինող գտնելը հեշտ չէ։
Թամամյանը Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարն է, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ և պրոֆեսոր է, նաև ԵՊԲՀ ռեկտորի խորհրդականն է։ Իսկ Սամվել Դանիելյանը Ռ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն և ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբան է։
Գևորգ Թամամյանը և Սամվել Դանիելյանը մեծ ավանդ ունեն «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի ստեղծման գործում։ Հավելենք նաև, որ Սամվել Դանիելյանը և Գևորգ Թամամյանը «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրներ են և հոգաբարձուների խորհրդի անդամներ են, իսկ «Սիթի օֆ սմայլ» հոգաբարձուների խորհրդի նախագահը Բագրատ Սրբազանն է։
Հիշեցնենք, որ Թամամյանը այն բժիշկ ու մասնագետն է, ով խափանեց նախկին նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը՝ նրան տալով անհարմար հարցեր, որից Թորոսյանը վրդովված հեռացավ ասուլիսից։
Իսկ Թամամյանը Թորոսյանի հեռանալուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ Արսեն Թորոսյանն ամբողջությամբ օտարերկրյա ներդրողին է հանձնել ճառագայթային բժշկության ոլորտը, որը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։
Հավելենք նաև, որ ստեղծված իրավիճակն այն բանի ապացույցն է, որ իշխանությունները գործում են վրեժը սրտում և տարիներ առաջ «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի և Աննա Հակոբյանի բաժանումը հանգուցալուծվեց բժիշկների ազատման դիմումների վրեժով։
Էմմա Միքայելյան