«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Դատելով իրավիճակից՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նրանից ազատվելու հարցում լուրջ է տրամադրված եւ գնալով օղակը սեղմում է դատավորի շուրջ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմա էլ Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, ու գործն արդեն ԲԴԽ-ում է։
Ինչ կլինի հետո՝ ցույց կտա ժամամակը, սակայն ակնհայտ է, որ Անդրեասյանը փորձում է Հովսեփյանին առհասարակ հեռացնել դատական համակարգից։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Նաիրա Հովսեփյանից մեկնաբանություն ստանալ եւ հասկանալ, թե ինչ է կատարվում իր անվան շուրջ, սակայն վերջինս, ի պատասխան մեր հարցադրմանը՝ ասաց. «Խաղաղ օր եմ մաղթում»:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվեց ԲԴԽ անդամի պաշտոնից։
Դատավոր Նաիրա Հովսեփյանը 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մայրն է, ումից փորձում է ազատվել Անդրեասյանը՝
չհարգելով նրա միակ որդու հիշատակը, որը հերոսաբար զոհվել է Արցախում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: