Մայիսի 15-ին, Դվինում, ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում միջոցառման ռազմավարական գործընկերը՝ ֆլագշիփ հովանավոր Արդշինբանկը, կազմակերպել էր տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում։ Արդշինբանկի նախաձեռնությունը միավորել էր մեկ հարթակի վրա միջազգային փորձագետներին, պատժամիջոցների վերահսկման գործընթացների շահագրգիռ կողմերին՝ թե՛ մասնավոր, թե՛ պետական հատվածից։ Քննարկման նպատակն էր փոխանակել կարծիքներ և օգնել մասնակիցներին պատժամիջոցների համապատասխանության գործնական իրականացման հարցում։
Անդրադառնալով ֆինանսական հաստատությունների դերին՝ նշվեց, որ հիմնական մարտահրավերը ճիշտ հավասարակշռություն գտնելն է ռիսկերի նվազեցման և բիզնեսի հաջող շարունակականության միջև։ Հաշվի առնելով պատժամիջոցային ծրագրերի և իրավասությունների բարդությունը, ինչպես նաև այն, որ մեծ հաստատությունները վստահում են ավտոմատացված և հաճախ արհեստական բանականության կողմից կառավարվող գործընթացներին, ավելի ու ավելի կարևոր է ուժեղացնել վերլուծական կարողությունները և համապատասխանության ապահովման ներքին մշակույթը։
Պանելային քննարկումը վարեց Արդշինբանկ ՓԲԸ վարչության անդամ, ռիսկերի կառավարման տնօրեն Լուսինե Ներսիսյանը, խոսվեց Ֆինանսական հաստատությունների դերի մասին պատժամիջոցների համապատասխանությունն ապահովելու գործում, պետություն-մասնավոր հատված համագործակցության պայմանավորվածությունների մասին՝ պատժամիջոցներից խուսափելու դեմ պայքարելու համար, ինչպես նաև տեղեկատվության թափանցիկության ապահովման կարևորության մասին։ Պանելային քննարկմանը հրավիրված փորձագետներն էին Առաքել Մելիքսեթյանը՝ ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական մոնիթորինգի կենտրոնի ղեկավարը, Էլիցա Կավրակովան՝ Ռայֆայզեն բանկի ինստիտուցիոնալ հաճախորդների խմբի ղեկավարը, Մարտիալ Նիկոլաս Սմեցը՝ ARGOS Advisory and Audit տնօրենը, Մայքլ Ստրոտմանը՝ Յունիկրեդիտ խմբի Ֆինանսական պատժամիջոցներ ավագ իրավախորհրդատուն և Վիլիամ Րիչը՝ Citi-ի բանկային հաճախորդների պատժամիջոցների համապատասխանություն գծով ղեկավարը:
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի ավելի քան 380.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։
Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor’s (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր:
Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:
ՎԶԵԲ-ը հիմնադրվել է 1991 թվականին և ունի 39 անդամ երկիր Միջին Եվրոպայից մինչև Միջին Ասիա։ Բանկի առաքելությունը հետխորհրդային ազդեցության երկրներին իրենց մասնավոր հատվածները հաստատելու աջակցությունն է։ Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ է դարձել 1992 թվականի դեկտեմբերի 7-ին և ՎԶԵԲ-ի կապիտալում վերջինիս բաժնեմասը կազմում է 10 մլն եվրո: ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հիմնական ոլորտներն են՝ էներգետիկան, տրանսպորտը, ֆինանսական հատվածը։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: