Սնկից թունավորվել է 8 մարդ. նախարարությունը զգուշացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ:
Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով:

ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ սնկի թունավոր լինելը ստուգել եփելիս եռացող ջրի մեջ արծաթե առարկա, կարտոֆիլ կամ այլ բան ավելացնելով և գույնի փոփոխությանը հետևելով. դրանք միֆեր են:
📌 Ցանկալի է սնկերը սննդում օգտագործել միայն խոհարարական մշակումից հետո:
Սնկից թունավորման դեպքերը կանխարգելելու համար խորհուրդ է տրվում.
🔹 սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ
🔹 չհավաքել ճանապարհների եզրերից
🔹 չգնել պատահական վայրերից
🔹 ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել իրար։
Թունավոր սնկերը պարունակում են այնպիսի նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն):

🔸 չուտել հում սունկ
🔸 երեխաներին չկերակրել սնկով
🔸 խորհորդ չի տրվում ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկ
🔸 սնկի հետ չօգտագործել ալկոհոլ
🔸 թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում
🔸 թունավորման դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ։
Սնկից թունավորումն ունենում է սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում:

Կլինիկական հիմնական ախտանշաններն են` որովայնի կտրուկ ցավ, սրտխառնոց, անընդհատ փսխումներ, առատ քրտնարտադրություն, թքահոսություն, գլխապտույտ, գլխացավ, անհագ ծարավի զգացում, հալյուցինացիաներ` առանց քնկոտության, ցնորք, գիտակցության կորուստ, դեմքի կարմրություն, սրտխփոց, վախի զգացում, ցավ լյարդի շրջանում:




Լրահոս