Կալանավորվածների ազատ արձակումը կապում եմ քաղաքական պրոցեսների հետ. Սիրանուշ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար կալանքի տակ պահել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Բաքվի դատարանը հինգ ամսով երկարացրեց Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

ArmLur.am-ը կապ հաստատեց «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ, հասկանալու համար՝ ի՞նչն է պատճառը Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարացման.
«Ոչ միայն Ռուբեն Վարդանյանի այլ նաև մնացած բարձրաստիճան քաղաքական, և ռազմական ղեկավարության գործերով նման երկարաձգումներ կան և հետաքրքրական է, որ ավելի երկար ժամանակով քան նախորդները: Եթե ի սկզբանե մենք ունեինք 4 ամիս ժամկետով կալանավորում և հետագա երկարաձգումներ նույն ժամանակահատվածով, այստեղ մենք տեսնում ենք վիճակի վատթարացում, թեև միջազգային ստանդարտները ճիշտ հակառակն մոտեցման օգտին են խոսում, եթե անգամ կալանավորման սկզբնական փուլում հիմքեր կարող են լինել դրանք ժամանակի ընթացքում նվազում են և գործում է ազատության մեջ մնալու կանխավարկածը և սա իրոք ուշադրության արժանի էր»:

Նրա կարծիքով՝ գործը չունի բավարար իրավական փաստարկվածություն և փաստական հանգամանքները նույնպես չեն խոսում որևէ հանցագործությունների օգտին, քաղաքական դրդապատճառներով նրանց ազատ չեն արձակում:

«Ես անձամբ կանխատեսում եմ, որ 5 ամիս հետո դատավարություն չի լինելու հաշվի առնելով, որ նոյեմբերին այնտեղ նախատեսված է կլիմայի փոփոխության հետ կապված բարձր մակարդակի հանդիպում և դրա ֆոնին այնպիսի դատավարությունների կազմակերպումը, ինպիսին կարող է միջազգային քննադատության արժանանալ, որևէ կերպ ցանկալի չէ, ուստի կանխատեսում ունեմ, որ ևս այլ ժամկետով դա կերկարաձգվի, իսկ ազատ արձակումը կապում եմ քաղաքական պրոցեսների հետ»:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս