Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտան խոսել է 35-ամյա ֆուտբոլիստի ապագայի մասին.
«Ճանաչում եմ շատ չեպիոնների, սակայն քչերն են ունեցել ֆուտբոլի հանդեպ այսպիսի անհավանական կիրք, որը Մխիթարյանն ունի։ Հենց կիրքը, այլ ոչ թե փողը, նրա դեպքում հենց այդպես է։ Այդ պատճառով, Մխիթարյանը միշտ կատարելագործվում է, և նույնիսկ 35 տարեկանում լավ մարզավիճակում է։ Ե՛վ երեխաները, և՛ մեծերը կարող են հաճույքով հետևել նրա չեմպիոնական ուղուն, այն դրական արժեքներին, որոնք դրսևորում է։ Նրա բարձր վճռականությունն ու սիրելի գործով զբաղվելը հանգեցնում են մարզական վարպետության։ Եվ ես վստահ եմ, որ Հենրիխը կդառնա ավելի ուժեղ»,- գործակալի խոսքը մեջբերում է linterista.it-ը։
«Ինտերում» կարիերան ավարտելու մասին հարցին Ռաֆայելա Պիմենտան նշել է, որ այդ մասին իրեն ոչինչ հայտնի չէ և երբեք նրանից չի լսել կարիերան ավարտելու մասին։
«Նա երբեք չի մտածել այդ մասին, քանի որ կարող է պահել լավ մարզավիճակն ու ամբողջ ուժերը ներդնել խաղադաշտում։ Կտեսնեք, որ նա դեռ ունի ասելիք»,- եզրափակել է գործակալը։
Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը միլանյան ակումբի կազմում անցկացրել է 45 հանդիպում, խփել է 2 գոլ ու կատարել 11 գոլային փոխանցում։ Մխիթարյանի գործող պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2026թ․ հունիսի 30-ը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։