ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԿԱՊ ՉՈՒՆԵՐ ՖՈՐՈՒՄԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ անցկացվում էր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի 4-րդ տարեկան հանդիպում եւ բիզնես ֆորումը։
Ֆորումի շրջանակում, որը Հայաստանում սկսվել է մայիսի 14-ից եւ շարունակվելու է մինչեւ մայիսի 16-ը, մասնակցում են աշխարհի խոշորագույն կազմակերպությունների ներկայացուցիչներ, կան հատուկ հրավիրված հյուրեր արտասահմանից, ինչպես նաեւ մի շարք օտարերկրյա դեսպաններ։
Երեկ ֆորումի 2-րդ օրն էր, երբ որպես բանախոս հանդես եկավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա Օպերայի շենք մտավ՝ «դավաճա՛ն հողատու» վանկարկումների ներքո՝ շրջապատված հազարավոր ոստիկաններով:
Փաշինյանը, խոսքը սկսելուց առաջ, նախ ներողություն խնդրեց, քանի որ պիտի հայերեն ելույթ ունենար, ապա ելույթում բեմից հայտարարեց իր՝ 6 տարվա կառավարության ընթացքում ձեռք բերած «հաջողությունները»՝ թվերով։
Մասնավորապես, Փաշինյանը նշեց, որ թեեւ 6 տարիների ընթացքում ՀՀ-ն անցել է Covid-19-ի համավարակի, պատերազմների միջով, այնուամենայնիվ գրանցել է 30% տնտեսական աճ։ Տնտեսագետները կփաստեն, որ եթե այդպես լիներ, ապա Հայաստանը կհավակներ դառնալ Սինգապուրը, եւ կստեղծվեր «հայկական հրաշքը»։
Ինչեւէ, սա միակ արձանագրված փաստն էր, որը կապ ուներ այս Ֆորումի հետ։ Փաշինյանը բեմից օգտագործեց շանսը եւ խոսեց ոչ թե բուն ֆորումի կամ ՀՀ-ում այսքան պատվիրակություններ հյուրընկալելու մասին, այլ նույն պահին դրսում բողոքի եւ իրազեկման ակցիաներ իրականացնող քաղաքացիներին ուղերձ հղեց։
Նա պարբերաբար շեշտեց, որ. «Մենք խաղաղության կոչ ենք անում, որի ապացույցն է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, սակայն ո՛չ մենք, ո՛չ Ադրբեջանը չգիտենք՝ ինչ ասել է խաղաղություն»։
Փաշինյանը, պահը բաց չթողնելով, ընդգծեց, որ սահմանագծում եւ սահմանազատում անում են Խորհրդային միության փլուզումից հետո ունեցած քարտեզներով՝ կրկին հիշեցնելով Ալմաթիի հռչակագիրը։
Փաշինյանի ելույթը, որը կապ չուներ այս ֆորումի հետ, անհասկանալի էր մեկ տասնյակից ավելի հյուրերի համար։
Նկատենք, որ Օպերայի ներսում եւ բակում խնջույք էր, իսկական տոն, սակայն ոստիկանական պատնեշներից այն կողմ բուռն ակցիաներ էին, խտացված դժգոհութոյւն, քաղբանտարկյալների լուսանկարներով պաստառներ եւ երբեմն բռնություններ՝ քաղաքացիների նկատմամբ:
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը երեկ շրջել եւ ֆորումի մասնակիցների հետ զրուցել է, ինչից էլ պարզ դարձավ, որ նրանք նույնիսկ տեղյակ էլ չեն՝ ինչ է կատարվում Օպերայի շրջակայքից դուրս, ինչ են մարդիկ պահանջում: Այնուամենայնիվ, որոշները տեղյակ էին, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանագծման եւ սահմանազատման գործընթացների մեջ են, սակայն մեկնաբանել տեսախցիկի առաջ որեւէ կերպ չցանկացան։ Ավելին՝ հյուրերից մի քանիսը տարածքը լքելիս միայն տեսան, թե ինչ է կատարվում, հետաքրքրվեցինք՝ տեղյակ են, ինչպես են վերաբերվում տեղի ունեցող երեւույթներին, սակայն պատասխանը մեկն էր՝ սա ակցիա է, որը սատարում է Վրաստանին։
Բացատրելով, որ հավաքված քաղաքացիները դեմ են միակողմանի սահմանագծմանը եւ սահմանազատմանը, որն իրականում կապիտուլյացիա է, ու նաեւ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ֆորումի մասնակիցները որպես արձագանք չէին զարմանում, այլ ասում էին, որ հասկանում են, թե ովքեր են Փաշինյանի՝ բեմից ուղարկված մեսիջների հասցեատերերը։
Իշխանությունը երեկ առավելագույնս ջանացել էր, որ քաղաքացիների աղմուկը լսելի չլինի Օպերայի բակում եւ 15-ից ավելի բարձրախոս էին տեղադրել, ապահովել կենդանի երաժշտություն։
Իշխանությանը, կարող ենք ասել, չհաջողվեց հյուրերին հետ պահել ցուցարարներից, սակայն իրեն Փաշինյանն ապահովագրել էր՝ նույնիսկ Օպերայի դահլիճում մեկ մարդու հաշվով մեկ անվտանգության աշխատակից կանգնեցնելով։

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ողջ կազմով, ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի ամեն խոսքին, քայլին ու ծրագրերին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է թիմակիցներին Սրբազանի հայտարարությունների հետ կապված անպայման հակափաստարկներ ներկայացնել, հերքել ու տարբեր պնդումներով ցույց տալ, որ Բագրատ Սրբազանը «նախկիններից» է, ու նրա նպատակը «նախկիններին» իշխանության բերելն է: Բայց հրահանգվել է դա անել կոռեկտ, առանց անվանական վիավորանքների, որպեսզի միջազգային գործընկերները «ամոթանք տալու» առիթներ չունենան: Նույն աղբյուրները փոխանցում են, որ տեւական ժամանակ է, ինչ Փաշինյանի հետ տետ-ա-տետ չեն հանդիպել թիմակիցները, քննարկմումներ չեն ունեցել, բայց տարբեր ձեւերով մեսիջներ են ստանում` Բագրատ Սրբազանին անհայտ օգտատերերի միջոցով վարկաբեկելու ուղղությամբ: Ակտիվ է նաեւ Փաշինյանի ընտանեկան կայքը: Հիշեցնենք, որ Փաշինյանի հետ վերջին ժամանակներում ՔՊ-ն հաճախ էր հանդիպում, բայց Սրբազանի սկսած շարժումով պայմանավորված՝ հանդիպումները չեն կայանում, քանի որ մտավախություններ ունեն, որ բողոքի ակցիաները կարող են տեղափոխվել իրենց գրասենյակի հարակից տարածքներ: Դրա համար Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակահատվածում նաեւ վարչության հետ հանդիպում չի ունեցել (նրանք ամեն երեքշաբթի հանդիպում էին), ու վարչությունը անհամբեր սպասում է, թե երբ են հավաքվելու` իրավիճակը քննարկելու ու իրենց անելիքները հասկանալու համար:

Երեւանի քաղաքապետի՝ 10.05.2024 թվականի որոշմամբ՝ թույլ է տրվել «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» ՓԲԸ անվան մեջ օգտագործել «Երեւան» բառը (կենտրոնը պետք է կառուցվի «Հայփոստի» շենքի բազայի վրա)։ Այս որոշումը կարդալիս ակամա հիշում ենք 10 միլիոն արժողությամբ ծառի ծրագիրը, որ պետք է տնկվեր տարիներ առաջ, միլիարդավոր դոլարների ներդրումները, որ ՔՊ իշխանության գալուց անմիջապես հետո՝ պետք է «հեղեղեին» ՀՀ տնտեսությունը, եւ բազում այլ չիրականացված խոստումներ։ Ուղղակի ընթերցողին հիշեցնենք, որ աշխարհին հայտնի առեւտրի համաշխարհային հատուկենտ կենտրոններ, կոմպլեքսներ կան Նյու Յորքում, Դուբայում։ Հ.Գ. Համեմատե՛ք Մանհեթենն ու Սարյան փողոցի «Հայփոստի» շենքը եւ կպատկերացնեք, թե որ իրականության մեջ է գտնվում ՀՀ-ն՝ արդեն 6 տարի։

Քաղաքական վերջին բուռն գործընթացներին զուգահեռ Նիկոլ Փաշինյանն ավելի փակ ու զգուշավոր է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն ակտիվ նոր քաղաքական պրոցեսներ է սկսել, մի կողմից ամենուր անհնազանդության ակցիաներ են, մյուս կողմից էլ Բագրատ Սրբազանը պարբերաբար հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի, գործիչների ու այլ ոլորտների ներկայացուցիչների հետ, զուգահեռ այս ամենին՝ Փաշինյանը որդեգրել է ավելի պասիվ գործելաոճ: Ինչպես մեզ իշխանականներն են պատմում, նա առանց այն էլ շատ փակ է եղել, ՔՊ-ականներից՝ հաշված մարդկանց հետ է շփվել, բայց վերջին օրերին ավելի զգուշավոր է դարձել, ու ՔՊ-ում չգիտեն՝ ինչ կա նրա մտքին, ինչ է պատրաստվում անել: Արդյոք կորոշի եւ անակնկալ հրաժարակա՞ն կտա, երբ ճնշումը մեծանա, թիմում չգիտեն, բայց եւ քննարկում են ինչպես պարպել օրեցօր խորացող դժգոհությունը իրենց իշխանության նկատմամբ: Բոլոր հարցումները, իհարկե, ցույց էին տալիս մինչ այս, որ Փաշինյանի կառավարությանն այլեւս չի վստահում հասարակության կեսից ավելին, բայց հիմա, նրանք համոզվում են դրանում եւ տեսնում, թե ինչպես է հանրության դժգոհ հատվածը կոնսոլիդացվում Բագրատ Սրբազանի շուրջ, եւ անգամ կատաղի հակաքարոզչությունը չի օգնում. մարդիկ վստահում են Սրբազանին:




Լրահոս