Երկրում տիրող իրավիճակի, անցկացվող խաղաղ անհնազանդության ակցիաների եւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին ArmLur.am-ը զրուցել է հեռուստամեկնաբան, լրագրող Նաիրի Հոխիկյանի հետ:
-Պարո՛ն Հոխիկյան, նկատում ենք, որ ասում են, թե Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթը, որը Տավուշից եկավ Երեւան, քիչ-քիչ մարել է. աջակիցները գնալով պակասում են, եւ չեն գալիս: Պատճառը ո՞րն է, որ այս շարժումը, որ Տավուշից Երեւան հասավ, պահանջեց վարչապետի հրաժարականը եւ ամենակարեւորը՝ պայքար էր մղում հողերի հանձնման դեմ, մարում է:
-Ես չեմ կարող ասել, թե մարեց կամ մարում է շարժումը. ընդհանրապես, քաղաքական գործընթացներն ունենում են վայրիվերումներ: Հանուն արդարության պետք է ասեմ, որ, ցավալիորեն, ազգայնամետ տրամադրությունները որոշակիորեն նվազում են, բայց դա ունի իր բնական պատճառները, ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ: Բայց, ի տարբերություն նախորդ շարժումների, հիշենք «Հայրենիքի փրկության» շարժումը, դիմադրության շարժումը, անցյալ տարվա սեպտեմբերի շարժումը, որը կապված էր արցախցիների բռնի տեղահանման հետ, այս շարժման դեպքում որեւէ մեկը չի կարող իրավունք վերապահել իրեն եւ մեղադրել ժողովրդին՝ ասելով, թե մարդիկ փողոց դուրս չեկան, որովհետեւ սա այն եզակի դեպքն է 2020 թվականից հետո, որ 100.000 եւ ավելի մարդ ոտքի է կանգնել՝ չհաշված այն մարդկանց, որոնք փաստացի սատարում են այս ակցիային, պարզապես չեն կարող ֆիզիկապես գալ եւ մասնակցել: Առանց չափազանցնելու ասեմ, որ օրական հարյուրավոր նամակներ եմ ստանում ՀՀ-ում ապրող մարդկանցից (դեռ չասած՝ սփյուռքը), որոնք սպասում են, ինչ-որ կերպ իրենց մասնակցությունն ունենալուն: Նրանք սպասում են Սրբազանի կողմից հստակ քայլերի եւ կոնկրետ պլանի: Ես ինքս հույս ունեմ, որ Բագրատ Սրբազանն ունի հստակ ծրագրեր, նպատակներ, որոնց մասին նախապես չի հայտարարվում, եւ դա բնական է, որովհետեւ երբ ամեն ինչ հայտարարվում է նման դեպքերում, ապա հակառակորդներին դրանով եւս ինֆորմացիա է տրվում, որից կարող են օգտվել: Բայց, ընդհանուր առմամբ, հասարակական այս մտահոգությունները արդարացված են եւ հասկանալի:
-Պարո՛ն Հոխիկյան, նաեւ տեսնում ենք, որ շարժումը ուղեկցվում է իշխանական քարոզչամեքենայի գործադրմամբ: Փորձում են Սրբազանի անվան հետ խաղալ, արատավորել նրա գործունեությունը. պարբերաբար գրում են, որ ունի աստղաբաշխական թվեր արժեցող մեքենա, տուն, եւ ուզում են այսպիսով ճնշում գործադրել քաղաքացիների վրա, որպեսզի վերջիններս չգան, չմասնակցեն ակցիաներին: Ի՞նչ եք կարծում, այս քայլերը որեւէ արդյունք կթողնե՞ն շարժումը մարման տանելու իրենց պլանի վրա:
-Ինչպես յուրաքանչյուր սուտ, այնպես էլ Ձեր մեջբերածը, ունենում է իր հիմար հետեւորդներին: Այն մարդիկ, որոնք պիտի հավատան, թե Սրբազանը իբր զավակներ ունի, որոնց բանակից ազատել է, բնականաբար, հասկանում ենք, որ Մասլոուի բուրգի սկզբունքով՝ իրենց համար ֆիզիոլոգիական պահանջների բավարարումն է էականը, սպասել նրանցից, որ Սրբազանի մասին պետք է լավ կարծիք ձեւավորեն, անիմաստ է. այդ մարդիկ երբեք ազգի որակը չեն ներկայացրել: Իսկ Նիկոլ Փաշինյանը աշխատում է հիմնականում այդ զանգվածի հետ, թեպետ, ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը այնքան է անկում ապրել, որ այսօր չի գերազանցում 6-7 տոկոսը:
Իսկ ակցիայի առումով այժմ այնպիսի իրավիճակ է, որ շարժման առաջնորդը, կարելի է ասել, անխոցելի է:
-Պարո՛ն Հոխիկյան, ասացիք, որ վարչապետի վարկանիշը բավականին ընկել է, արդյո՞ք սա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը, գուցե, պետք է վախենա նաեւ այս շարժման հետագա ընթացքից:
-Իհարկե վախենում է: Դրա արտահայտությունը մենք տեսնում ենք հազարավոր կարմիր բերետավորների, ոստիկանների, նրանց՝ քաղաքացիների նկատմամբ կիրառած բիրտ ուժի տեսքով: Կարծում եք՝ մարդը, որը չի վախենում այս շարժումից, այդքան ոստիկան կկուտակի՞ քաղաքի կենտրոնում… Հայաստանը դարձել է ոստիկանապետություն: Ասես ինքներդ Ձեր հարցի պատասխանը տվեցիք, երբ իշխանությունը ունենում է ցածր վարկանիշ դիմում է ոստիկանական ուժերի օգնությանը:
Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
ԹՈՇԱԿՆԵՐԸ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ
13.04.2018թ. ելույթ ունենալով Ազատության հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացել, որովհետեւ դա իշխանության քաղաքականությունն է՝ մարդկանց մատնել թշվառության»:
Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ այս տարի Նիկոլ Փաշինյանն իր իշխանության օրոք Է մարդկանց մատնել թշվառության: 10.01.2024թ., մամուլի ասուլիսում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ 2024 թվականին կենսաթոշակները չեն բարձրանա։ 31.01.2024թ. մամուլի ասուլիսում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց. «Պատճառը, որ 2024-ին թոշակները չեն բարձրանալու, պայմանավորված է մեր ծախսային առաջնահերթություններով»։
Ասաց, որ դեռ 2022 թվականին է որոշվել, որ թոշակները 2024-ին չեն բարձրանալու, քանի որ, ըստ նրա՝ կառավարությունը կարծում է, որ պետք է պատասխանատու քաղաքականություն վարի եւ չստանձնի պարտավորություններ, որոնք ռիսկեր են ստեղծում դրանք չկատարելու համար:
Կառավարության՝ 10.02.2022թ. նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչու թոշակները բարձրացնելու հարցում կառավարությունը այդքան ակտիվ չէ, որքան դատավորների, դատախազների, քննիչների հարցում։ Նա ասաց. «Մի բան է շահառուների 2 հազարանոց խմբի թոշակ բարձրացնելը, եւ այլ բան է շահառուների 500-600 հազար մարդուց բաղկացած խմբի թոշակ բարձրացնելը: Այս դեպքում պետք է նաեւ հասկանանք, որ ծախսերն անհամեմատելի են: Այնտեղ 2, 4 կամ 5 հազար դրամով թոշակ բարձրացնելու համար տասնյակ միլիարդավոր դրամներ են պետք ու ամեն տարի: Դա, իհարկե, մեր պարտավորությունն է, եւ մենք պետք է անենք: Բայց, հընթացս շահառուների ավելի փոքր խմբերի սոցիալական խնդիրները լուծելով՝ մենք նաեւ քայլ-քայլ, փուլային եղանակով ավելի ընդլայնված խնդիր ենք լուծում»:
ՏՆՕՐԵՆԻՆ ԱԶԱՏԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Առողջապահության ՔՊ-ական նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր աշխատանքից ազատել էր ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Դանիելյանին:
Ինչից հետո ազատման դիմում էր գրել նաեւ Հայաստանի՝ մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ արյունաբանության եւ մանկական ուռուցքաբանության ամբիոնի վարիչ եւ Իմունաուռուցքաբանության հետազոտական կենտրոնի տնօրեն Գեւորգ Թամամյանը՝ հայտարարելով, որ Սամվել Դանիելյանին ազատվելու պահանջ է ներկայացվել, քանի որ նա ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս ամենը բժշկական հանրության մոտ իսկական խուճապ, միեւնույն ժամանակ՝ զարմանք է առաջացրել:
Բանն այն է, որ Սամվել Դանիելյանն ու Գեւորգ Թամամյանը ոչ միայն պրոֆեսիոնալ մասնագետներ են, այլեւ, ըստ էության, իրենց ոլորտում միակն են ու փոխարինողներ, նեղ մասնագիտական առումով, չունեն:
Այսինքն՝ ՔՊ-ական նախարար Անահիտ Ավանեսյանն իր նեղ կուսակցական շահերի համար վտանգի տակ է դրել խնդիր ունեցող քաղաքացիներին, այդ թվում՝ երեխաներին, քանի որ այս պահին Սամվել Դանիելյանին ու Գեւորգ Թամամյանին Հայաստանում փոխարինող մասնագետներ չկան:
ԶՈՐՔԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը կավարտվի առաջիկայում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին լրագրողներին տեղեկացրել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Անար Էյվազովը հանդիսավոր արարողության ժամանակ, որը կայացել է Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանից ռուս խաղաղապահների դուրսբերման առիթով։
«Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ ձեռք բերված խաղաղապահների դուրսբերման համաձայնագրի համապատասխան՝ տեղի է ունենում միջոցառում՝ ռուս խաղաղապահների գործունեության ավարտի հետ կապված։ Այսօր միջոցառմանը մասնակցում են բարձրաստիճան սպաներ Ադրբեջանից եւ Ռուսաստանից։ Խաղաղապահների դուրսբերման գործընթացը կավարտվի առաջիկայում։ Այժմ մենք գտնվում ենք խաղաղապահների բազայում, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Նշեմ, որ խաղաղապահների դուրսբերումն Ադրբեջանի տարածքից իրականացվում է պլանի համապատասխան։ Այս մասին տեղեկություն կներկայացվի լրացուցիչ». – ասել է Էյվազովը։