Շիրակի մարզի Հոռոմ գյուղի միջնակարգ դպրոցում, որեւէ արտառոց բան չի կատարվում, կրթական գործընթացը ընթանում է իր բնական հունով. որեւէ հաստիքների ավելցուկ կամ կեղծ հաստիքներ դպրոցում չկան: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Հոռոմ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արա Ղալմուխյանը:
«Քաղաքացի Սմբատ Արտոնյան անուն ազգանունով անձնավորություն երբեւէ չի բնակվել եւ չի բնակվում Շիրակի մարզի Հոռոմ գյուղում, եւ նա տեղյակ լինել չի կարող, թե Հոռոմի միջնակարգ դպրոցում ինչ է կատարվում. որեւէ կեղծ հաստիքներ դպրոցում չկան: Ինչ վերաբերում է թոշակառու նախկին զինղեկին ազատելու եւ լաբորատորի ժամանակավոր պարտականությունը կատարելուն՝ ասաց, որ ունի միջին մասնագիտական կրթություն, ունի 47 տարվա աշխատանքային ստաժ, մասնակցել է կամավոր ատեստավորմանը, սակայն 37.5%-ով դուրս է մնացել»:
Տնօրենի խոսքով՝ կա կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարի համապատասխան հանձնարարականը, մեջբերելով օրենքը՝ բարձրագույն կրթություն չունեցող այն մասնագետներին, որոնք կամավոր ատեստավորման արդյունքում չեն հաղթահարել նվազագույն շեմը եւ սահմանված կարգով ազատվել են աշխատանքից, դիտարկել նրանց համար հանրակրթական ուսումնական հաստատությունում առկա թափուր այն հաստիքները զբաղեցնելու հնարավորութունը, որտեղ որոշ դեպքում բարձրագույն կրթության պահանջ սահմանված չէ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ կարեւորելով ուսուցիչների բազամափորձ վաստակը ու ներդրումը կրթական համակարգում՝ կքննարկվի բարձրագույն կրթություն ստանալու մասով պետական աջակցության ընթացակարգեր սահմանելու հարցը:
Նրա խոսքով՝ դպրոցի նախկին լաբորանտը մահացել է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին, եւ 2024 թվականի մարտի 1-ին աշխատանքի է նշանակել նախկին բազմավաստակ ուսուցչին, որի հետ պայմանագիրը լրանում է սեպտեմբերի 1-ին:
«Լաբարանտը աշխատանքի է ընդունվել պաշտոնական կես դրույքով: Սեպտեմբերից սկսած՝ պետք է դպրոցի լաբորատորիաները, այդ թվում՝ եւ մեր դպրոցը, զինվեն մասնագիտական գույքով. այդ դեպքում նոր մասնագետ պետք է զբաղեցնի հաստիքը». -ասաց Արա Ղալմուխյանը:
Անդրադառնալով դպրոցի լաբորատորիայի գործելուն՝ ասաց, որ դա չի համապատասխանում իրականությանը: «Լաբորատորիայում փորձի նյութեր չկան, բայց գործիքներ կան, դա ֆիզիկայի լաբորատորիա է ոչ թե քիմիայի»:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը, ահազանգի հիման վրա գրել էր, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի միջնակարգ դպրոցում լաբորատորիա հասկացողություն գոյություն չունի:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«ՔԱՐ ԼՌՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ». ԶԱԽԱՐՈՎԱ
«Դա ինքնիշխան պետության ներքին գործն է». այսպես է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել ՀՀ-ում սկսված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ու բողոքի ակցիաները:
Ընդ որում, նա համեմատել է Արեւմուտքի արձագանքները Վրաստանում, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ սկիզբ առած բողոքի ակցիաներին եւ Հայաստանում սկսված շարժմանը:
«Գիտեք՝ մենք միշտ ասում ենք, որ այս կամ այն երկրում ներքաղաքական կյանքը, ինքնիշխան պետության ներքին գործն է, սակայն տվյալ պարագայում Արեւմուտքի արձագանքն ապշեցնում է իր կայունությամբ: Բանն այն է, որ խոսքը հերթական երկակի ստանդարտների մասին է, եւ այս օրինակը լավագույնս ցուցադրում է այդ ամենը: Տեսեք՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները բառացիորեն ամեն օր հարձակվում են Վրաստանի իշխանությունների վրա՝ իբրեւ թե ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար… Իսկ ի՞նչ ենք տեսնում Հայաստանի դեպքում. Արեւմուտքի քար լռությունը երկրում տեղի ունեցող զանգվածային ձերբակալությունների ֆոնին, այնտեղ նաեւ կոշտ ուժ է կիրառվում: Կարծես թե Արեւմուտքը մի կոճակն անջատել է». – ասել է Զախարովան:
Նա ընդգծել է, որ «Արեւմտյան հայտնի լրատվամիջոցները հրահանգով թեժացնում են Վրաստանում ցույցերի թեման, այնպիսի մակարդակի ռեպորտաժներ են պատրաստում, որ ցուցարարներին ներկայացնում են որպես հերոսների, որպես ցուցարարների, որոնք գործում են օրենքի շրջանակում, ներում են նրանց ամեն իրավախախտում եւ նրանց ցանկացած հակաօրինական գործողություն արդարացնում են»:
«Ինչ վերաբերում է Հայաստանում բազմահազարանոց բողոքի ակցիաներին, ապա Արեւմտյան առաջատար ԶԼՄ-ները, կարծես թե, դրանք ստվերում են թողնում՝ ձեւացնելով, թե այնտեղ ոչինչ տեղի չի ունենում: Կամ էլ Հայաստանում տեղի ունեցող այս զարգացումներն Արեւմտյան ԶԼՄ-ները մատուցում են որպես հայ ժողովրդի կամքը չարտահայտող եւ, իբրեւ թե, դրսից համակարգվող իրադարձություն». – ասել է Զախարովան:
ԷՐԴՈՂԱՆԸ ԳՆԱՑԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իրավապահ մարմիններում կառավարության դեմ դավադրության մասին տեղեկությունների ֆոնին, ներկայացել է խորհրդարանում իր կուսակցության նիստին:
Էրդողանը դահլիճ է մտել իր կողմնակիցների բուռն ծափահարությունների ներքո: Նա ասել է, որ իշխանությունները քաջատեղյակ են՝ ովքեր են «խամաճիկավարները»:
Ավելի վաղ Turkiye թերթը հայտնել էր, որ գիշերն Էրդողանն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել հետախուզության եւ արդարադատության նախարարության ղեկավարների հետ։ Պատճառը Էրդողանի դաշնակից, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի կողմից հնարավոր հեղաշրջման փորձի մասին նախազգուշացումն էր։
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիքայան հայտարարել է, որ մտադիր է բացահայտել իշխանությունների եւ ժողովրդի դեմ աշխատող կառույցները, որպեսզի նրանք ներկայանան դատարան՝ խոստանալով կիսվել հետաքննության արդյունքներով։
Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել Անկարայի անվտանգության տնօրինության մի քանի աշխատակիցների հեռացումը։ Նրանց մեղադրել են Այխան Բորա Կապլան հանցավոր կազմակերպության հետ կապ ունենալու մեջ, նրանց տները խուզարկել են։
Ըստ Բահչելիի՝ սա կարող է դավադրություն լինել իշխանությունների դեմ, հետեւաբար, ըստ նրա, դա չի կարելի անել միայն մի քանի ոստիկանների հեռացմամբ։
Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՐՑՈՎ ԿՈՉ
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է, որ անվանակարգերն այժմ բաց են 2025 թվականի «Ավրորա» մրցանակի՝ արթնացնող մարդկության համար:
Երեկ «Ավրորա» 2024 թվականի մրցանակաբաշխության ժամանակ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը Հայաստանի կառավարությանը կոչ է արել առաջնահերթություն տալ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը Վարդանյանի եւ բոլոր քաղբանտարկյալների բաց թողնմանը։
«Դահլիճում շատերը տասնամյակներ է գիտեին Ռուբեն Վարդանյանին, գիտեին նրան որպես այս նախագծի սիրտն ու հոգին: Մեզ եւ հայերի, հատկապես՝ սփյուռքի հայերի համար, շատ ցավալի փորձ է տեսնել մեր եղբորը բանտարկված իր համոզմունքների եւ մարդասիրական գործունեության համար». – ասել է Նուբար Աֆեյանը։
ՇԱՐԺՈՒՄԸ՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություների համաձայն՝ իրավապահ մարմինների ներկայացուցիները մեկ օր առաջ՝ վաղ առավոտյան, եղել են կառավարությունում:
Ըստ ամենայնի՝ կառավարությունում լինելու պատճառը կապված է երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հայտարարության հետ: Վերջինս նշել էր, որ երեկ՝ ժամը 16:00-ին, հավաքվելու էին Ազատության հրաարակում եւ անհնազանդության ակցիա իրականացնելու: Եվ ահա, իրավիճակին զուգահեռ, իրավապահները գործի են անցել ու շրջափակվելու է Օպերայի տարածքը:
Մասնավորապես՝ ՆԳՆ-ն հայտնել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին՝ ժամը 15:00-20:00-ն, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթեւեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։
«Մասնավորապես՝ փակ է լինելու Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչեւ Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկը, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչեւ Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոցի խաչմերուկը։ Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը եւ խնդրում այդ ժամերին շրջանցել մայրաքաղաքի նշված հատվածները». – ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ցուցարարները ակտիվանում էին եւ միանում Բագրատ Սրբազանին, իսկ Օպերայի ողջ տարածքը շղթայված էր հազարավոր ոստիկաններով։