«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արայիկ Էդիկի Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել:
Մեղադրանքն այն հիմքով է, որ Ա. Անտոնյանը Սասուն Ասպատուրյանի միջոցով ծանոթացել է Կարեն Սաշայի Հայրապետյանի հետ, եւ իմանալով վերջինիս որդու` Էրիկ Հայրապետյանի առողջական խնդիրների եւ դրանց առկայությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու խաբեությամբ հիմքերի մասին՝ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, գիտակցելով իր լիազորությունների շրջանակում խոստումը կատարելու անհնարինությունը, իբրեւ զորակոչիկ Էրիկ Հայրապետյանին ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը կազմակերպելու նպատակով, համաձայնության է եկել Կարեն Սաշայի Հայրապետյանի հետ՝ Կ. Հայրապետյանի ներկայացրած անձի` որդու` զորակոչիկ Էդիկ Կարենի Հայրապետյանի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը է. Հայրապետյանին հետազոտող բժիշկների վրա ներգործելու եղանակով պատրաստելու հարցի շուրջ, ապա ձեւացրել է, թե իբեւ իր ներգործության հետեւանքով են բժիշկների կողմից Է. Հայրապետյանին տրվում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար անհրաժեշտ ախտորոշումները, որի դիմաց՝ իբրեւ կաշառք, պահանջել է խոշոր չափի՝ 728 100 ՀՀ դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար եւ հափշտակել այն, որից 388.320 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլարը քրեական վարույթով չպարզված օրը Երեւան քաղաքում ստացել է Կարեն Հարապետյանի եղբոր՝ Արմեն Հայրապետյանի միջոցով: Այսինքն՝ Արայիկ Էդիկի Անտոնյանը կատարել է 2003 թվականին ընդունված «քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք /համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասին/:
Բացի դրանից, Սուրեն Վաշիկի Ղեւոնդյանի միջոցով ծանոթացել է Շահեն Արտյոմի Ղարագուլյանի հետ, եւ իմանալով վերջինիս որդու՝ Արտյոմ Ղարագուլյանի առողջական խնդիրների եւ դրանց առկայությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու հիմքերի մասին, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, գիտակցելով իր լիազորությունների շրջանակում Արտյոմ Ղարագուլյանին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու անհնարինությունը, խաբեությամբ՝ իբրեւ առանձնապես խոշոր չափերով՝ 7.240.650 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոդար գումարի դիմաց Շահեն Ղարագուլյանի ներկայացրած անձի՝ որդու՝ զորակոչիկ Արտյոմ Ղարագուլյանի օգտին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար անհրաժեշտ բժշկական ախտորոշումները ստանալու եւ պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու միջոցով, զինվորական ծառայությունից անհիմն ազատելու հարցի շուրջ համաձայնության է եկել Շահեն Արտյոմի Ղարագուլյանի հետ, ապա, իբրեւ պաշտոնատար անձի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու եւ նրան փոխանցելու համար, գործով չպարզված վայրում 2015-2017թթ. տարբեր օրերի մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափի՝ 7.240.650 ՀՀ դրամին համարժեք 15 000 ԱՄՆ դոլար գումար, վստահեցրել է՝ իբրեւ ձեռք կբերի Արտյոմ Ղարագուլյանի գլխում կիստայի առկայություն հաստատող փաստաթղթեր, որի հիման վրա կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամները Արտյոմ Ղարագուլյանին վերջնականապես կազատեն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից, հավաստիացնելու համար իր խոստումների հիմնավորվածությունը Շահեն Ղարագուլյանի անունից նաեւ դիմում է գրել կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակաության դեմ եւ հափշտակել է որպես կաշառք իրեն փոխանցված առանձնապես խոշոր չափի՝ 7.240.650 ՀՀ դրամին համարժեք 15 000 ԱՄՆ դոլար գումարը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
3000 ԴՐԱՄ ԳՈՒՄԱՐՈՎ ՇԱՀԱԳՐԳՌԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից կատարված քննչական եւ վարութային գործողությունների, ինչպես նաեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ բացահայտվել են հավաքներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու դեպքեր Վանաձոր քաղաքի բնակչի կողմից:
Այսպես՝ սոցիալական խնդիրներ ունեցող եւ բարեգործական հասարակական կազմակերպության շահառուներ հանդիսացող Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ ՀՀ ազգային անվտանգության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում հաղորդում են ներկայացրել այն մասին, որ իրենց համաքաղաքացի 27-ամյա երիտասարդը, նյութապես շահագրգռելով՝ գումարներ տրամադրելով, իրենց մասնակից է դարձրել 2024թ. Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հավաքներին եւ բողոքի ակցիաներին:
Հաղորդման կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձեռնարկված քննչական եւ վարութային անհրաժեշտ մի շարք գործողությունների, ՀՀ անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ հիշյալ անձը, թիրախավորելով բարեգործական ճաշարանից օգտվող՝ սոցիալապես անապահով մի շարք քաղաքացիների, նյութապես շահագրգռելու եղանակով՝ նրանց մասնակից է դարձրել ՀՀ-ում տեղի ունեցող հավաքներին եւ բողոքի ակցիաներին:
Մասնավորապես՝ հիշյալ անձը 2024 թվականի ապրիլի 24-ին մարդատար ավտոմեքենաներով Տավուշի մարզի Ոսկեպար համայնք է տեղափոխել գումարի դիմաց հավաքներին մասնակցելու համաձայնություն տված թվով 7 անձանց, որտեղ հոգացել է նրանց սնվելու հարցերը, ինչից հետո, պայմանավորվածության համաձայն՝ հիշյալ քաղաքացիները միացել են տեղում անհնազանդության ակցիա իրականացնող անձանց եւ մինչեւ ուշ երեկո մասնակցել միջպետական ավտոճանապարհը փակելու գործողություններին, ապա վերադարձել են Վանաձոր քաղաք ու ստացել նախապես խոստացված 3000-ական ՀՀ դրամ գումարները։
ԳԻՇԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՐԺՄԱՆ
5 ԱՋԱԿԻՑ
Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը։
«72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման ակտիվ աջակից հանդիսացող առնվազն 5 քաղաքացի, այդ թվում՝ «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գեւորգյանը։ Անազատության մեջ պահվող քաղաքացիներին այցելել ու նրանց պաշտպանությունը ստանձնել է իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Նրանք բերման են ենթարկվել՝ ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով, որը բնականաբար, հերքվել է անձնական խուզարկությամբ։ Այդուհանդերձ, քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ ձերբակալվել են։
Հայտարարում ենք, որ նշված վարութային ակտերը ստորագրողների արարքում առկա է ապօրինի ձերբակալման ակնհայտ հանցակազմ, սակայն կառավարող ուժի քաղաքական իշխանության պայմաններում առկա չէ արարքի արդյունավետ քննության որեւէ հեռանկար». – ասված է հայտարարության մեջ։
ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՊԱՐԵԿՆԵՐԸ
Լոռու մարզի պարեկները մայիսի 11-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղում ծառայություն կատարելիս նկատել են կասկածելի վարքագիծ դրսեւորող մի քաղաքացու, որը, պարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել:
Պարեկները մոտենալով՝ նրա գոտկատեղին զենքի նմանվող առարկա են նկատել: Քաղաքացին ապօրինի կերպով հրազեն կրելու կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Բազումի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը։
Անձնական խուզարկությամբ՝ վանաձորցի 56-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտով, իսկ պահեստատուփում եղել է նույն տրամաչափի 6 փամփուշտ։
Նրա պայուսակում հայտնաբերվել են գաղտնի փականով 2 դանակ, պարսատիկ, կաթուցիչ, պոլիէթիլենային տոպրակում՝ տարբեր չափսերի մետաղական գնդիկներ եւ հեղյուսներ, էլեկտրապատիճ սարք: Բացի այդ, տղամարդու գուլպայի միջից հայտնաբերվել է 0,95 գրամ դեղնականաչավուն զանգված, ինչի վերաբերյալ նա հայտնել է, որ այն թմրամիջոց է, անձնական օգտագործման համար պատրաստել է վայրաճ կանեփի թփերից:
Վանաձորցի տղամարդը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն։ Նա ձերբակալվել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ. հանգամանքները պարզվում են: