ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դպրոցականների հետ գիտության մասին խոսելը ձեռքբերում է: Այն գաղափարներն ու նախագծերը, որոնց ականատես եղանք համադպրոցական գիտության փառատոնում, ցույց են տալիս, որ գործ ունենք հասուն, սեփական միտք ու դիրքորոշում ունեցող մարդկանց հետ: Արդյունքները վստահություն են ներշնչում, որ կրթության համակարգում ճիշտ գործընթացներ են իրականացվում. ձեւավորվել է այն միջավայրը, որտեղ երեխաները կարողանում են իրենց գաղափարներն առաջ քաշել եւ աշխատել դրանց շուրջ:

Այդ ճանապարհին կարեւոր է հատկապես դպրոցների աջակցությունը, քանի որ ուսուցիչների ճիշտ ուղեկցումն է երեխաներին հասցնում ցանկալի արդյունքի».- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցած Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մասնակիցների պարգեւատրման ժամանակ:
Միջոցառմանը ներկա է եղել նաեւ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով փառատոնին մասնակցող դպրոցականներին, շեշտել է, որ Համադպրոցական գիտության փառատոնն իր ամենասիրելի միջոցառումներից է:
Ըստ նախարարի՝ փառատոնը պետք է ընդլայնվի՝ ընդգրկելով ավելի մեծ թվով եւ աշխարհագրությամբ դպրոցներ, ներառելով գիտակարգերի ավելի լայն շրջանակ:
Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել Համադպրոցական գիտության փառատոնի այն մասնակիցներին, որոնք հնարավորություն են ստացել մասնակցելու Լեհաստանում կայանալիք միջազգային փառատոնին: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել փառատոնի գործընկերներ կազմակերպություններին, մասնավորապես՝ «Արփա» ինստիտուտին, որի հետ համագործակցությամբ է մեկնարկել եւ կայացել փառատոնը: Նմանօրինակ նախագծերի իրականացման նպատակով, ըստ Ժաննա Անդրեասյանի, նախարարությունը բաց է համագործակցության համար:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շեշտել է, որ երկրորդ տարին անընդմեջ ԵՊՀ-ն հյուրընկալում է Համադպրոցական գիտության փառատոնի մասնակիցներին, որոնք նոր գաղափարներ են բերում՝ հույս հայտնելով, որ նրանցից շատերը կդառնան ԵՊՀ ուսանողներ. «Համադպրոցական գիտության փառատոնում ներկայացված նախագծերը կրթական բարեփոխումների տեսանելի արդյունքներն են»:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից իրականացվող Հայկական համադպրոցական գիտության փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման եւ դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:
2024 թ. փառատոնին «Մաթեմատիկա եւ ծրագրավորում» «Ֆիզիկա եւ աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ» անվանակարգերում ներկայացվել է շուրջ 80 նախագիծ:
2024 թ. փառատոնի ընթացքում 5 տարբեր անվանակարգերում 23 նախագիծ արժանացել է 1-ին, 2-րդ եւ 3-րդ կարգի մրցանակների, որոնցից 3 նախագիծ՝ «Մաթեմատիկա եւ ծրագրավորում», 5 նախագիծ՝ «Ֆիզիկա եւ աստղագիտություն», 4 նախագիծ՝ «Քիմիա», 6 նախագիծ՝ «Կենսաբանություն» եւ 5 նախագիծ՝ «Հասարակական գիտություններ» անվանակարգերում: 12 նախագիծ արժանացել է պատվոգրի, 3 նախագիծ հնարավորություն է ստացել մասնակցելու միջազգային մրցույթի:
«Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024»-ում ներկայացված ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի «Մելատոնինի ու լիպոյաթթվի ազդեցությունը քաղցկեղածին բջիջների վրա», Վանաձորի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի «Խիտոզան՝ ապագայի պոլիմեր» եւ Երեւանի «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի «Ծանր մետաղները ջրում» նախագծերը հնարավորություն են ստացել մասնակցելու «Երիտասարդ գիտնականների համար ԵՄ մրցույթին (EUCYS: The European Union Contest for Young Scientists)», որը տեղի կունենա Լեհաստանի Կատովից քաղաքում սեպտեմբերի 9-14-ը։
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ 100»
Հաշվի առնելով, որ 2024 թվականին ամբողջ աշխարհում նշվում է մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանը, «Նյու Ջեներեյշն փրոջեքթը», անմասն չմնալով մի շարք համերգային նախագծերից՝ հունիսի 8-ին նախաձեռնել է հոբելյանական համերգ՝ ի պատիվ համաշխարհային հայի «Նյու Ջեներեյշն փրոջեքթը» Հայաստան է հրավիրել Ազնավուրի երգերի հայտնի եւ անհավանական նմանությամբ կատարող Ղասսան Յամմինին, որը ելույթ կունենա Հայաստանի Հանրապետության հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր, նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի մասնակցությամբ: Համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում. Ղասսան Յամմինը Եվրոպայում հաճախ է տարբեր նվագախմբերի հետ հանդես եկել, տարիներ շարունակ կատարել է Ազնավուրի երգերը աշխարհի մի շարք բեմերում, սակայն առաջին անգամ Հայաստանում հանդես եկավ վերջերս՝ դեկտեմբերի 29-ին «Նյու Ջեներեյշն փրոջեքթի» հրավերով Արամ Խաչատրյան համերգասրահում: Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ եւ դիրիժոր Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ երեկոյի ընթացքում կհնչեն մեծն շանսոնյեի հայտնի ու սիրված երգերը:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ԹԱՆԳԱՐԱՆԻՑ
Ռուսական արվեստի թանգարանը հիմնադրման հոբելյանական տարում կներկայանա նոր եւ հետաքրքիր ձեւաչափով` համագործակցելով «Կերոն» հիմնադրամի հետ: Թանգարանի եւ զարգացման հիմնադրամի միջեւ կնքվեց համագործակցության հուշագիր։
2024-ին թանգարանը նշում է իր հիմնադրի՝ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, խորհրդային բժշկության առաջատար ներկայացուցիչ, պրոֆեսոր Արամ Հակոբի Աբրահամյանի ծննդյան 125-ամյակը եւ թանգարանի հիմնադրման 40-ամյակը։
«Թանգարանների գործունեության համար շատ կարեւոր են համագործակցությունները հատկապես այն կազմակերպությունների հետ, որոնք խթանում են մշակույթի զարգացումը եւ աջակցում են նորարարական ծրագրերին». – ասել է Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը: Մկրտչյանը տեղեկացրել է նաեւ, որ այդ օրը կտրվի նաեւ համատեղ իրականացվող կրթամշակութային նախաձեռնությունների՝ «Երաժշտական ուրբաթներ» եւ «Կրթական շաբաթներ» ծրագրերի մեկնարկը։ Հունիսից մինչեւ սեպտեմբերի վերջ Ռուսական արվեստի թանգարանի դիմացի հատվածում յուրաքանչյուր ուրբաթ երեկո կհնչի դասական երաժշտություն` կենդանի կատարմամբ, իսկ շաբաթ առավոտյան կլինեն ինտերակտիվ կրթական ծրագրեր փոքրերի եւ մեծահասակաների համար։
«Ակնկալում ենք, որ այս համագործակցությամբ կխթանվի թանգարանի նոր ձեւաչափով հանդես գալը, որը եւ կնպաստի այցելուների աճին. – եզրափակել է թանգարանի տնօրենը:

ՍՊԵՐՑՅԱՆԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ԹՎՈՒՄ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի եւ «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ռուսական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների հավակնորդների թվում է:
Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: Բացի «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանից, հավակնորդների թվում են նաեւ Կոնստանտին Տյուկավինը («Դինամո»), Մաքսիմ Գլուշենկովը («Լոկոմոտիվ»), Մատեո Կասիերան («Զենիթ»), Աբոսբեկ Ֆայզուլլաեւը (ԲԿՄԱ), Սրջան Բաբիչը («Սպարտա»), Եվգենի Լատիշոնոկը («Բալթիկա»), Ալեքսանդր Մաքսիմենկոն («Սպարտակ»), Իրակլի Կվեկվեսկիրին («Ֆակել»), Ջոն Կորդոբան («Կրասնոդար»):
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության ավարտին մնաց երկու տուր: «Կրասնոդար»-ը չեմպիոնի հավակնորդների թվում է:

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ «ՈՉ-ՈՔԻ»-ՆԵՐՈՎ
Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկել են Շարժայի շախմատային մրցաշարում:
ԱՄԷ-ում ընթացող 7th Sharjah Masters 2024 միջազգային մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներ Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը կիսել են միավորը:
Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով եւ բաղկացած է 9 տուրից: Masters կարգի մրցաշարին մասնակցում է 88 շախմատիստ:

ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՄՐՑԱՇԱՐԻՑ
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Հռոմի Masters մրցաշարից:
Հռոմի Մաստերս մրցաշարի տղամարդկանց մենախաղի 4-րդ շրջանում Խաչանովը մրցեց աշխարհի 32-րդ ռակետ, Չիլին ներկայացնող Ալեխանդրո Տաբիլոյի հետ: 2,5 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը զիջեց երկու սեթերից հետո` 7:6, 7:6 հաշվով:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 17-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ եւ 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակիչից:




Լրահոս