«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղային ավտոմեքենայում վիճաբանության մեջ մտած Սամվել Վարդանյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Քննչական կոմիտեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրել երկու իրար հակասող հատկանիշներով: Քրեական օրենսգրքի՝ խուլիգանության ու տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ ատելություն հրահրող հրապարակային խոսքի տարածման հոդվածներով։ Նա տնային կալանքի տակ է։
Սակայն, աղմկահարույց մյուս դեպքով, սայլը տեղից չի շարժվում կամ, միգուցե, իրավապահները ջանասիրություն ցուցաբերել չեն ուզում։
Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո՝ ձերբակալված երիտասարդն իրեն այցելած պատգամավորներին ու փաստաբաններին պատմել էր՝ ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս՝ ապրիլի 15-ի գիշերը, իր նկատմամբ իրականացվել էր բռնություն։ Մասնավորապես՝ դիմակավորված 4-5 անձինք մոտեցել էին ոստիկանության մեքենային (իսկ այդ ժամանակ ոստիկանները գնացել էին իրենց բնական կարիքները հոգալու), դաժան ծեծի էին ենթարկել Սամվել Վարդանյանին, իջեցրել էին տաբատը, թքել վրան։
Արդյունքում` բռնության մասին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հաղորդման հիման վրա` ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգում կատարելու հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ): Այս գործը ոչ մի կերպ չի բացահայտվում:
ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Դատելով իրավիճակից՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նրանից ազատվելու հարցում լուրջ է տրամադրված եւ գնալով օղակը սեղմում է դատավորի շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմա էլ Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, ու գործն արդեն ԲԴԽ-ում է։ Ինչ կլինի հետո՝ ցույց կտա ժամամակը, սակայն ակնհայտ է, որ Անդրեասյանը փորձում է Հովսեփյանին առհասարակ հեռացնել դատական համակարգից։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Նաիրա Հովսեփյանից մեկնաբանություն ստանալ եւ հասկանալ, թե ինչ է կատարվում իր անվան շուրջ, սակայն վերջինս, ի պատասխան մեր հարցադրմանը՝ ասաց. «Խաղաղ օր եմ մաղթում»: Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվեց ԲԴԽ անդամի պաշտոնից։ Դատավոր Նաիրա Հովսեփյանը 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մայրն է, ումից փորձում է ազատվել Անդրեասյանը՝ չհարգելով նրա միակ որդու հիշատակը, որը հերոսաբար զոհվել է Արցախում:
Եսթեր Կարապետյանը վարչության պետ է կառավարության կառույցներում։ Համաձայն ներկայացվող փաստաթղթերի (փաստաթղթերը տե՛ս ArmLur.am կայքում)՝ սույն պաշտոնյան տարվա ընթացքում աշխատել է 4 հիմնարկում եւ, ըստ երեւույթին, մի քանիսում՝ միաժամանակ (դա օրենքը խստիվ արգելում)։ Արձանագրելով ժամանակագրությունը՝ Եսթեր Կարապետյանը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ե՜ւ Կրթական տեսչական մարմնում մասնակցել է գնման գործընթացին, ե՜ւ հաղթել է ԲՏԱ մրցույթում, ե՜ւ հրամանագրվել է վարչապետի աշխատակազմում եւ հայտնի չէ, թե այդ ժամանակ աշխատե՞լ է Երեւանի քաղաքապետարանում եւ «Լիմիթլես ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ում թե՞ ոչ։ Հ.Գ. Թերեւս ճիշտ կլինի ԿԿՀ-ն վերանվանել ԸԿԿՀ` Ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
Խորհրդարանական ընդդիմությունը չի շտապի Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում, քանի դեռ բոլոր ռիսկերը ապահովագրված չեն: Դեռ մայիսի 9-ին, երբ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթը հասավ Երեւան, նա Հանրապետության հրապարակից հայտարարեց՝ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսելու. բայց դեռ ոչինչ չի արվել ու հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում եւս, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իմպիչմենտի գործընթաց դեռ չի նախաձեռնվի: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են: Տեղեկացնենք, որ նախ՝ վարչապետին իմպիչմենտ հայտարարելու օրակարգով նիստ հրավիրելու համար պետք է 36 պատգամավորներ համապատասխան ձեւաթուղթը ստորագրեն, ներկայացնեն ԱԺ (ընդդիմությունն ունի այդքան ձայն. անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը Սրբազանի հետ զրույցում համաձայնել է միանալ նախաձեռնությանը), ապա 54 պատգամավորներ պետք է ներկայանան ԱԺ նիստին, քվորում ապահովեն, ինչը մեծ մասամբ կախված է խորհրդարանական մեծամասնությունից՝ ՔՊ-ից: Ակնհայտ է, որ այդ հարցը քննարկելիս ՔՊ-ականներին ԱԺ բերելու համար հանրային լուրջ ճնշում է անհրաժեշտ, որպեսզի իշխանականները ստիպված լինեն խորհրդարան գալու եւ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը քննարկելու, ապա քվեարկելու: Ստացվում է, որ իմպիչմենտի հարցը խորհրդարան մտցնելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, իսկ այն ընդունելու համար՝ 54: Իսկ ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել. բանն այն է, որ եթե իմպիչմենտի նախաձեռնությունը այս փուլում տապալվի, ապա միայն վեց ամիս հետո կարող են այն կրկին օրակարգ մտցնել: