ՈՏՆԱՀԱՐՎՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 11-ին Շուշիում ստորագրվել է Հեյդար Ալիեւի Հիմնադրամի եւ ISESCO-ի միջեւ համագործակցության հուշագիր, որը նախատեսում է մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտում փորձի փոխանակում նոր տեխնոլոգիաների մշակում, ինչպես նաեւ համատեղ նախագծերի իրականացում։

Հիշեցնենք, որ ISESCO-ն Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) մասնագիտացված ճյուղն է, որն զբաղվում է իսլամական կրթական, գիտական եւ մշակութային հարցերով՝ նպատակ ունենալով ամրապնդել կապերը իսլամական ազգերի միջեւ եւ խթանել կայուն զարգացումն այդ բնագավառներում: Նմանատիպ հուշագրերն ու պայմանագրերը Շուշիի իսլամացման գլոբալ ծրագրի մի մասն են կազմում։ Դեռեւս 2021 թվականից Ադրբեջանի մշակույթի նախարարության մամուլի ծառայության հավաստմամբ, Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը փաստաթղթեր է ներկայացրել հայկական պատմական Շուշի քաղաքը (44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք) «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծարար քաղաքների ցանցում» ընդգրկելու համար։ Իսկ նախարար Անար Քերիմովին 2021 թ. սեպտեմբերի 17-ին Խիվա (Ուզբեկստան) քաղաքում տեղի ունեցած թյուրք նախարարների միջազգային 38-րդ հանդիպմանը հաստատել է, որ Բաքուն պատրաստվում է 2023 թվականին Շուշին հռչակել «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»՝ ակտիվացնելով կապերը թյուրք ժողովուրդների ընդհանուր մշակույթի զարգացմամբ զբաղվող «TURKSOY» միջազգային կազմակերպության հետ։ Բացի դրանից, 2021-2022 թթ. օկուպացված Շուշիում տեղի են ունեցել տարբեր բնույթի համաժողովներ, որոնք քաղաքի պատմական, մշակութային կերպարը նենգափոխելու եւ գործընթացը միջազգայնորեն ամրագրելու, քաղաքը միջազգային հանրությանը եւ կազմակերպություններին որպես զուտ ադրբեջանական ներկայացնելու եւ այդ ամենն օրինականացնելու նպատակ էին հետապնդում։
Այս միտումներն ակնհայտ են ներկայացված բոլոր ծրագրերում ու ելույթներում, որոնցում Շուշին ներկայացվում է բացառապես որպես ադրբեջանական եւ թյուրքական բնակավայր՝ բացարձակ լռության մատնելով Շուշի քաղաքի հայկական մշակութային հարուստ ժառանգությունը, պատմական անցյալն ու բազմաթիվ հուշարձանների գոյությունը: Ի մասնավորի՝ 2022 թ. հոկտեմբերի 21-ին Բաքվում տեղի է ունեցել թյուրքական պետությունների կազմակերպության հոգեւոր առաջնորդների երրորդ համաժողովը՝ «Թյուրք-իսլամական ժառանգության հարստությունը եւ դրա նշանակությունը արդի խնդիրների լուծման համատեքստում» թեմայով, որի նախօրեին՝ հոկտեմբերի 20-ին, Շուշիում կնքվել է փաստաթուղթ, եւ հիմք դրվել Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության մահմեդական վարչությունների ղեկավարների խորհրդի ստեղծմանը։ Ուշագրավ է, որ համաձայնագրում կա մշակութային արժեքների վերականգնման հարցերում թյուրք գործընկերների հետ պայմանավորվածության մասին մատնանշում, համաձայն որի՝ հայկական օկուպացիայի ընթացքում վնասված մահմեդական ժառանգության վերականգնման ծրագրերում պետք է ապավինեն միացյալ օգնությանը:
Մեր արձագանքը
Հայ մշակույթի կարեւորագույն կենտրոն հանդիսացող պատմական Շուշի քաղաքի հռչակումը որպես ադրբեջանական՝ ակնհայտորեն ոտնահարում է քաղաքի պատմության, վերջինիս իսկության եւ ամբողջականության հիմնարար սկզբունքները: Յուրացման քաղաքականությունն իրավական տեսանկյունից Ադրբեջանը խախտում է խախտում է 2001 թ. «Մշակութային բազմազանության պաշտպանության մասին» եւ 2005 թ. «Մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանության եւ խրախուսման մասին» կոնվենցիաների դրույթները, որոնց անդամ է։ Խախտվում է նաեւ Շուշիի հայ հանրույթի մշակույթի իրավունքը, որն ամրագրված է 1966 թ. «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի» 15-րդ հոդվածով։ Այն երաշխավորում է յուրաքանչյուրի` մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը։ 2007 թ. «Մշակութային իրավունքների Ֆրիբուրգի հռչակագիրը» եւս սահմանում է նման իրավասություն՝ մշակութային իրավունքները համարելով ինքնության դրսեւորման, տարբեր մշակութային ռեսուրսներից եւ գիտելիքից օգտվելու հնարավորություն։
Բացի դրանցից՝ Ֆարոյի 2005 թ. «Մշակութային ժառանգությունը հասարակության համար» կոնվենցիան եւս պարունակում է դրույթներ մշակութային ժառանգության իրավունքի վերաբերյալ: Քաղաքի ինքնության օտարումը, ժառանգության գործառույթի փոփոխությունները ենթադրում են զգալի վնաս ժառանգության ոչ նյութական բաղադրիչներին, ինչպիսիք են տվյալ ժառանգության վերաբերյալ գիտելիքն ու պատմությունը, որոնք դրան իմաստ ու արժեք են հաղորդում։
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument watch) ակադեմիական հարթակ:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱԱՆ

ՀՀ-Ն ԿՄԱՍՆԱԿՑԻ IRONMAN ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Ալեքսեյ Օրեշկինը, որը նախորդ տարվանից հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո, 2024 թվականի IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել: Առաջնությունը կանցկացվի Հավայան կղզիներում այս տարվա հոկտեմբերին:

Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքն Օրեշկինը վաստակել է ապրիլի վերջին՝ Ironman-ի Աֆրիկյան տարածաշրջանի առաջնության իր խմբում առաջատար դիրքեր զբաղեցնելու շնորհիվ: Հայաստանը ներկայացնող մարզիկն այս տարի հանդես կգա նաեւ դեկտեմբերին Նոր Զելանդիայում կայանալիք Ironman 70.3 (Half Ironman) աշխարհի առաջնությանը։
«Այսպիսի մասշտաբային միջոցառումներում Հայաստանի միակ ներկայացուցիչը լինելը մեծ պատիվ եւ նշանակալի իրադարձություն է ինձ համար: Մայրիկիս պապը՝ Սարգիս Մանասյանը, 1919 թվականին եղել է Հայաստանի ներքին գործերի նախարարը: Մայրս ասում էր՝ եթե թեկուզ մեկ կաթիլ հայկական արյուն ունես, չես կարող հայ չլինել: Նրա մահից հետո ցանկացա ամրապնդել կապերս Հայաստանի հետ, ստանալ ՀՀ քաղաքացիություն եւ միջազգային հարթակներում իմ ուժերի ներածին չափով եւս բարձր պահել Հայաստանի անունը: Սա ինձ համար շատ կարեւոր է»,- պատմում է Օրեշկինը, որը ծնվել է Մոսկվայում, իսկ այժմ բնակվում է Սինգապուրում: Օրեշկինը եռամարտով ակտիվորեն զբաղվում է 2017 թվականից, բայց ամենաբարձր արդյունքները սկսել է գրանցել վերջին 3 տարիների ընթացքում:
«Հենց այնպես չես կարող հայտնվել աշխարհի առաջնությունում. ավելի քան 500 մասնակիցներից աշխարհի առաջնության ուղեգիր են նվաճում 20-30 մարզիկներ: Խմբում պետք է առնվազն լավագույն եռյակում լինես՝ արտոնագիր ստանալու համար».- պատմում է Ալեքսեյ Օրեշկինը:
Նշենք, որ Ironman-ը երկար հեռավորությունների եռամարտի շարք է. դրանք անցկացվում են հետեւյալ հաջորդականությամբ՝ առանց ընդհատումների 2,4 մղոն (3,86 կմ) լող, 112 մղոն (180,25 կմ) ճանապարհային հեծանվավազք եւ 26,2 մղոն (42,195 կմ) մարաթոնային վազք: Ironman-ը համարվում է աշխարհի ամենադժվար մեկօրյա մրցաշարերից:

ՆՈՐ ԴՊՐՈՑԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ
Իջեւան համայնքի Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանին հարցրել ենք. «Մայիսի 15-ը սահմանազատման վերջին օրն էր, այդ օրը Կիրանց չափագրողներ չե՞ն գնացել»։ Նա հայտնեց, որ գյուղ չափագրողներ չեն գնացել, իր տվյալներով՝ բանակցություններ են ընթանում։ Մեր հարցին, թե ովքեր են բանակցողները, ասաց, որ չգիտի։ Կ. Շահինյանի խոսքերով՝ դեռեւս ճշտված չեն վիճահարույց 3 սյուների տեղադրման կետերը, եթե 3 կետերը լինեն ըստ ներկայացված սահմանազատման քարտեզի, ապա Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի կամուրջը, դրանից 130 մետր էլ դեպի Կիրանց գյուղը, անցնում են Ադրբեջանին։ Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ այդ դեպքում Կիրանցում կառուցվող դպրոցի շենքը (այն շահագործման կհանձնվի այս տարվա սեպտեմբերին) կհայտնվի ադրբեջանցի զինյալների անմիջական տեսադաշտում, ոչ մի ծնող չի համաձայնվի, որ իր երեխան այնտեղ դասի հաճախի։ Կառավարությունից հայտնել են, որ սահմանապահները համաձայնեցված սահմանի վրա կանգնելու են առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետեւ այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:

ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆԻ ԲՈՒԺԿԵՏԻ ՇԵՆՔԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
Հեռավոր սահմանամերձ Բարեկամավան գյուղի բուժկետի տանիքի կեսը 3 տարի առաջ ուժգին քամին քշել-պոկել է?միահարկ շենքի կեսը ծածկ չունի, անձրեւները լցվում են բուժկետի ներս, որի պատերի վերին անկյուններում մեծ բորբոսասնկեր են աճում։ Բուժկետի ներսում հակասանիտարական վատթար վիճակ է, պատերի սվաղը թափված է, կառույցի ճակատային մասում եւս նույն վիճակն է ։ Բուժկետը գործում է Տավուշի մարզպետարանի ենթակայության ներքո, հարեւան գյուղի՝ սահմանամերձ Կոթիի բժշկական ամբուլատորիային կից։ Բարեկամավանի բուժկետն ունի մեկ աշխատակից՝ բուժքույր Նազիկ Մեհրաբյանը, որն իր առողջության համար վտանգավոր պայմաններում է աշխատում։ Հակասանիտարական այդ պայմաններում են սահմանամերձ Բարեկամավանի բնակիչները բուժօգնություն եւ խորհրդատվություն ստանում, պատվաստումներ ստանում, այդ պայմաններում են պահվում բուժկետի գույքը եւ դեղորայքը։ Տավուշի մարզպետարանից հայտնել էին, որ Կարմիր խաչի միջազգային ընկերությունը վերանորոգում է Բարեկամավանի գյուղապետարանի շենքը, որի նորոգումն ավարտելուց հետո՝ բուժկետը կտեղափոխվի այնտեղ։ Արդեն երկու ամիս է, ինչ գյուղապետարանի շենքի նորոգումն ավարտվել է, սակայն բուժկետը գյուղապետարանի շենք չի տեղափոխվել։ Նոյեմբերյանի համայնքապետարանից տեղեկացանք, որ համայնքապետարանը համաձայնություն ունի ամերիկյան «Փարոս» հիմնադրամի հետ, որպեսզի ընթացիկ տարում հիմնադրամը նորոգի Բարեկամավանի բուժկետի շենքը եւ բուժհիմնարկը գործի իր շենքում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս