ԲԻԶՆԵՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 15-ին, Դվինում, ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում միջոցառման ռազմավարական գործընկերը՝ ֆլագշիփ հովանավոր «Արդշինբանկը», կազմակերպել էր տնտեսական եւ առեւտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում։

«Արդշինբանկի» նախաձեռնությունը միավորել էր մեկ հարթակի վրա միջազգային փորձագետներին, պատժամիջոցների վերահսկման գործընթացների շահագրգիռ կողմերին՝ թե՛ մասնավոր, թե՛ պետական հատվածից։ Քննարկման նպատակն էր փոխանակել կարծիքներ եւ օգնել մասնակիցներին պատժամիջոցների համապատասխանության գործնական իրականացման հարցում։
Անդրադառնալով ֆինանսական հաստատությունների դերին՝ նշվեց, որ հիմնական մարտահրավերը ճիշտ հավասարակշռություն գտնելն է ռիսկերի նվազեցման եւ բիզնեսի հաջող շարունակականության միջեւ։ Հաշվի առնելով պատժամիջոցային ծրագրերի եւ իրավասությունների բարդությունը, ինչպես նաեւ այն, որ մեծ հաստատությունները վստահում են ավտոմատացված եւ հաճախ արհեստական բանականության կողմից կառավարվող գործընթացներին՝ ավելի ու ավելի կարեւոր է ուժեղացնել վերլուծական կարողությունները եւ համապատասխանության ապահովման ներքին մշակույթը։
Պանելային քննարկումը վարեց «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության անդամ, ռիսկերի կառավարման տնօրեն Լուսինե Ներսիսյանը. խոսվեց Ֆինանսական հաստատությունների դերի մասին պատժամիջոցների համապատասխանությունն ապահովելու գործում, պետություն-մասնավոր հատված համագործակցության պայմանավորվածությունների մասին՝ պատժամիջոցներից խուսափելու դեմ պայքարելու համար, ինչպես նաեւ տեղեկատվության թափանցիկության ապահովման կարեւորության մասին։ Պանելային քննարկմանը հրավիրված փորձագետներն էին Առաքել Մելիքսեթյանը՝ ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական մոնիթորինգի կենտրոնի ղեկավարը, Էլիցա Կավրակովան՝ «Ռայֆայզեն» բանկի ինստիտուցիոնալ հաճախորդների խմբի ղեկավարը, Մարտիալ Նիկոլաս Սմեցը՝ ARGOS Advisory and Audit տնօրենը, Մայքլ Ստրոտմանը՝ Յունիկրեդիտ խմբի Ֆինանսական պատժամիջոցներ ավագ իրավախորհրդատուն եւ Վիլիամ Րիչը՝ Citi-ի բանկային հաճախորդների պատժամիջոցների համապատասխանություն գծով ղեկավարը:
«Արդշինբանկը» Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաեւ «փրայվիթ բանկինգի» ու ակտիվների կառավարման ոլորտներում։ «Արդշինբանկն» ունի ավելի քան 380.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ եւ օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաեւ ներկայացուցչություն՝ Փարիզում։
«Արդշինբանկը» Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor’s (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) եւ Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր:
Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:
ՎԶԵԲ-ը հիմնադրվել է 1991 թվականին եւ ունի 39 անդամ երկիր Միջին Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա։ Բանկի առաքելությունը հետխորհրդային ազդեցության երկրներին իրենց մասնավոր հատվածները հաստատելու աջակցությունն է։ Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ է դարձել 1992 թվականի դեկտեմբերի 7-ին եւ ՎԶԵԲ-ի կապիտալում վերջինիս բաժնեմասը կազմում է 10 մլն եվրո: ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հիմնական ոլորտներն են՝ էներգետիկան, տրանսպորտը, ֆինանսական հատվածը։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
ՎԶԵԲ առեւտրի խթանման ծրագրի շրջանակում, FCI-ի եւ ITFA-ի գործընկերությամբ, երեկ Երեւանում կայացել է «Ֆակտորինգ, մատակարարման շղթայի ֆինանսավորում եւ թվայնացում EBRD TFP երկրներում» թեմայով պանելային քննարկումը: Դրան մասնակցել են ներկայացուցիչներ ՎԶԵԲ-ից, Մոնղոլիայի, Վրաստանի եւ Հայաստանի առեւտրային բանկերից:
«Կոնվերս» բանկի Ֆինանսական հաստատությունների եւ միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանն իր խոսքում նշել է. «Թեեւ Հայաստանում ֆակտորինգային ֆինանսավորումը ներկայացված է բավականին վաղուց, դրանում ներգրավված են սակավաթիվ ֆինանսական հաստատություններ: «Կոնվերս» բանկը դրանցից մեկն է. ներկայում մենք որոնում ենք լավագույն լուծումները եւ միջազգային փորձառությունը Հայաստանում ադապտացնելու, ֆակտորինգի պրոդուկտը բարելավելու եւ մեր հաճախորդներին առաջարկելու համար: Ֆակտորինգի նկատմամբ պահանջարկի աճի տեսանկյունից կարեւորում ենք օրենսդրական դաշտի բարելավումը, պրոդուկտի ճանաչելիության բարձրացումը, ինչպես նաեւ շահագրգիռ բոլոր կողմերի համատեղ ջանքերով թվային հարթակի ստեղծումը ֆակտորինգի տրամադրման ողջ գործըթացը սպասարկելու նպատակով»:

ԲԱՆԿԸ՝ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
«Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲԸ-ն, ընդդեմ քաղաքացիների, բազմաթիվ հայցերով մտել է ՀՀ վարչական դատարան։
Ստորեւ ներկայացվում է հայցերից մեկը. «Ելնելով վերոնշյալից, եւ հիմք ընդունելով վկայակոչված իրավական նորմերն ու Պայմանագիրը, դատարանին խնդրում եմ՝ Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել 2,332,320 /երկու միլիոն երեք հարյուր երեսուներկու հազար երեք հարյուր քսան/ՀՀ դրամ գումար, որից 2,035,000 ՀՀ դրամը որպես վարկի գումար, իսկ 278,520 ՀՀ դրամ որպես տոկոսագումար, 16,000 ՀՀ դրամ որպես հաշվարկված տույժ, 2,800 ՀՀ դրամ գերածախսի գումար: 2024թ. մայիսի 14-ից սկսած թիվ 05CRL028-2020 Վարկային Պայմանագրով վարկի գումարի նկատմամբ հաշվարկել եւ հօգուտ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի բռնագանձել Պայմանագրով սահմանված տարեկան 17% տոկոսադրույքի չափով տոկոսները, բայց ոչ ավել քան 17.06.2032թ.: Պատասխանողից բռնագանձել հօգուտ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲ ընկերության նաեւ սույն հայցադիմումը ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի տուրքի գումարը 69,970 ՀՀ դրամ գումարի չափով, որպես հայցագնի 3% տոկոսը: Միաժամանակ խնդրում եմ ՀՀ Քաղ. դատ. օր-ի 147 հոդվածի համաձայն՝ գործի քննությունը իրականացնել Հայցվորի բացակայությամբ»:




Լրահոս