Տեղի ունեցավ միջազգային՝ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան։ Մայիսի 16-ից հայկական կոլորիտով ընտանեկան կատարկերգությունը հասանելի է կինոթատրոններում։ Ֆիլմի պրեմիերային ներկա էին ստեղծագործական կազմի անդամները, դերասանները, այլ աստղային հյուրեր։
«Ֆիլմը ընտանեկան արժեքների մասին է, ընտանիքի ինստիտուտի կարեւորության մասին։ Ես չեմ հիշում նման ժանրի որեւէ այլ ֆիլմ, որտեղ մանրամասն կերպով ներկայացվի հայկական ավանդական հարսանիքը, ցուցադրվի ամեն օրն իր խորհրդով։ Ֆիլմին լրացուցիչ արժեք է հաղորդել «Նուբար» ազգագրական երգի անսամբլը. արտիստները մաքրամաքուր հայկական ստեղծագործություններ են կատարել ամբողջ ֆիլմի ընթացքում։ Ամեն արարողության հետ կապված թեմատիկ երգեր են հնչել». – նշում է ֆիլմի բեմադրող ռեժիսոր Հայկ Կբեյանը։
«Ֆիլմում պարզ հնչում է միտքը, թե ինչու են հայկական ընտանիքները ամուր։ «7 օր, 7 գիշեր»-ի շնորհիվ մենք աշխարհին ճանաչելի կդառնանք որպես ամուր ընտանիքների երկիր։ Ֆիլմը ստեղծելիս օգտվել ենք հատուկ գրականությունից, մեզ օգնել են մասնագետներ՝ վերարտադրելու ամբողջ 7 օրվա եւ 7 գիշերվա արարողակարգը։ Ամեն օրն ունի իր նպատակը։ Եվ այնքան հետաքրքիր է, որ ոչ մի ավանդույթ հենց այնպես չի ստեղծված». -նշում է ֆիլմի սցենարիստ Նարեկ Ավագյանը։ Նրա խոսքով՝ մարդիկ տեսնելու են լավ ֆիլմ, որն ունի լավ պատմություն, յուրահատուկ խորհուրդ եւ հետաքրքիր դրամատիկ ընթացք։ «7 օր, 7 գիշեր»-ը փորձ է հայկական այս ավանդույթը դարձնել միջազգային եւ գուցե ինչ-որ բան փոխել աշխարհում դեպի լավը։
Ֆիլմի հերոսներից Հովհաննեսը հանրահայտ ազգագրագետ է, ում կյանքի ողջ նպատակը հայկական ազգային մշակույթի տարածումն ու պահպանումն է։ Երկարամյա աշխատանքի արդյունքում նրան, ի վերջո, հաջողվում է Հայաստան հրավիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետներին՝ 7 օր եւ 7 գիշեր տեւող հայկական ավանդական հարսանիքը որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգություն գրանցելու համար, սակայն հենց առաջին օրը Հովհաննեսը լուրջ վնասվածք է ստանում իր օգնականի անփութության ու մի ռուս ընտանիքի պատճառով, ում նա եղբոր խնդրանքով պետք է օդանավակայանից հասցներ հյուրանոց։ Այժմ նրա գործը պիտի ավարտին հասցնի ռուս ընտանիքը, սակայն ընտանիքում առկա մթնոլորտը (ամուսինները կանգնած են ամուսնալուծության եզրին), Հովհաննեսի անլուրջ օգնականն ու հարսանեկան ծեսերը ներկայացնող թատերախմբի ներքին անհամաձայնությունները ամեն բան վեր են ածում իսկական քաոսի։
Ֆիլմը նկարահանվել է Հաայաստանում։ Ստեղծագործական թիմը հույս ունի, որ ֆիլմի շնորհիվ 7 օր, 7 գիշեր հարսանիքի կոնցեպտը կվերականգնվի մեզանում եւ տարածում կստանա։
Բեմադրող ռեժիսոր՝ Հայկ Կբեյան, բեմադրող օպերատոր՝ Արթուր Ուստյան։ Պրոդյուսերներ՝ Սարիկ Անդրեասյան, Ղեւոնդ Անդրեասյան, Տիգրան Համբարձումյան, Գեորգի Շաբանով։ Սցենարը՝ Նարեկ Ավագյանի։ Կոմպոզիտոր՝ Վահե Գրիգորյան։ Դերերում՝ Զոյա Բերբեր, Սերգեյ Մարին, Արման Նավասարդյան, Արմեն Մարգարյան, Լեւոն Հարությունյան, Սոֆիա Պետրովա, Եգոր Նիկոլենկո, Ալինա Բարկալովա, Յուլիա Շարովա: Ֆիլմի պաշտոնական սաունդթրեքի հեղինակը Hayat Project-ն է։
Նշենք նաեւ, որ hայաստանյան պրեմիերայի հետ զուգահեռ ֆիլմը կներկայացվի նաեւ մի շարք ԱՊՀ երկրներում։
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ղ. ՅԱՄՄԻՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԵՐԳԵՐՈՎ
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի շրջանակում նրա երգերը կներկայացնի լիբանանցի երգիչ Ղասսան Յամմինը:
Նա ելույթ կունենա Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան:
«Շառլ Ազնավուր 100» խորագրով համերգը տեղի կունենա հունիսի ութին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երեկոյին կհնչեն մեծն շանսոնյեի հայտնի ու սիրված երգերը:
Ղասսան Յամմինը Եվրոպայում հաճախ է տարբեր նվագախմբերի հետ հանդես եկել, տարիներ շարունակ կատարել Շառլ Ազնավուրի երգերը աշխարհի մի շարք բեմերում:
Առաջին անգամ Հայաստանում հանդես է եկել նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին. ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ նա մեր երկիր կայցելի «Նյու ջեներեյշն փրոջեքթի» հրավերով:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ «ԲՆՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՆԵՐ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը եւ Երեւանի բուսաբանական այգին համատեղ կիրականացնեն «Բնության դեսպաններ» խորագրով բնապահպանական ցուցահանդես:
«Բնության դեսպաններ» ցուցահանդեսի նպատակն է համախմբել բնապահպանական կրթություն իրականացնող կազմակերպություններին եւ դպրոցներին՝ ստեղծելով համագործակցության հարթակ ապագա նախաձեռնությունների համար։
էքսպոյին տաղավարներում կողք կողքի իրենց նախագծերն են ցուցադրելու մրցութային կարգով ընտրված տասնչորս դպրոց Երեւանից եւ Հայաստանի Հանրապետության մարզերից, ինչպես նաեւ բնապահպանական կրթություն իրականացնող շուրջ տասը կազմակերպություն։
Միջոցառման ամբողջ ընթացքում կլինեն բացօթյա դասընթացներ, վարպետաց դասեր, բնապահպանական տարբեր թեմաներով սեմինարներ եւ գործնական աշխատարաններ։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ցուցահանդեսի ինֆորմացիոն գործընկերն է:
Ցուցահանդեսին Երեւանի բուսաբանական այգում մինչեւ տասնվեց տարեկան երեխաների մուտքն անվճար է։
ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՈՒԺԵՐԸ ՓՈՐՁԵԼ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուեւը խոսել է հայ ֆուտբոլիստի՝ կարիերան Եվրոպայում շարունակելու հնարավորության մասին:
«Նաիրը շատ է աշխատում իր վրա: Բավականին էմոցիոնալ, միաժամանակ անկեղծ, պարկեշտ եւ աշխատասեր տղա է։ Նա բոլոր ջանքերը գործադրում է առաջընթաց գրանցելու եւ իր նպատակներին հասնելու համար։
Նաիրը շատ է ցանկանում ուժերը փորձել Եվրոպայում, ինչպես «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստներից շատերը, բայց դեռ վաղ է դրա մասին խոսելը», – նշել է Կլյուեւը։
Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը ռուսական թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, դարձել 9 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ:
ԲԱՉԿՈՎԸ ՉԻ ՄԵԿՆԻ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարում 10 մասնակից կունենա:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ներկայացրեց կազմը. Բարեղամ Հարությունյան (51 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Նարեկ Հովհաննիսյան (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (80 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ), Դավիթ Չալոյան (92+), Անուշ Գրիգորյան (52 կգ), Եկատերինա Սիչովա (54 կգ), Անի Հակոբյան (66 կգ):
Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
Թաիլանդի վարկանիշային մրցաշարը կմեկնարկի մայիսի 23-ին:
Հայաստանի դեռեւս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում:
ՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են: Այս մասին գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան 4 տոմս։
Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո՝ պետք է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:
Տոմսերի արժեքներն են՝ հյուսիսային եւ հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ, արեւելյան տրիբունա՝ 3000 եւ 5000 դրամ, արեւմտյան տրիբունա՝ 8000 եւ 10000 դրամ:
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային խաղը տեղի կունենա հունիսի 7-ին: