Ծանրոցներ ծնողները բանակ ուղարկում են. ՊՆ-ի անտեղյակությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը այսօր գրել էր, որ պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել։

Նկարագրել էինք. «01․05․2018 թվականին, ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Առանձնահատուկ կարեւորություն եմ տալիս հայոց բանակի ժամկետային զինծառայողների ծնողների վրա հավելյալ հոգսեր բարդելու պրակտիկան շատ արագ վերացնելուն եւ իմ առաջին հանձնարարականը պաշտպանության նախարարին լինելու է արագ եւ անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, որպեսզի բացառվի բանակում ծառայող որեւէ զինվորի կարիքի բավարարումը նրան բանակ ուղարկած ծնողի վրա դնելը»:
Ընդհանրապես, «տռուսիկ-մայկաները» բանակ չուղարկելու մասին Փաշինյանը շատ է խոսել: Բայց հակառակ դրան մամուլը պարբերաբար գրում է փաստեր, որ զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել։

Հատկապես 44-օրյա պատերազմից հետո այդ խնդիրն ավելի սուր է բարձրացված, քան նախկինում էր։ Ծնողները մշտապես ահազանգում են, որ ստիպված են ամեն ինչ ուղարկել երեխաներին՝ հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ, կանխիկ գումար եւ այլն»:

«Ժողովուրդ» օրաթերթի այս հրապարակմանն ի պատասխան Պաշտպանության նախարարությունը հայտարարաություն տարածեց՝ ասելով.
«Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով և սեփական ցանկությամբ, ինչն ամենևին չի նշանակում, թե զինծառայողները ինչ-որ պարագայի կամ սննդի կարիք ունեն»:

Ստացվում է, որ ՊՆ-ն կրկին փորձում է խույս տալ սկանդալներից։ Հերթական պոպուլիստությունը ցուցաբերելով՝ ՊՆ-ն այս ամենաթողությունը կրկին գցեց ծնողների վրա, այս անգամ պնդելով, որ ծանրոց ուղարկելը ծնողների ցանկությունն է։
Նախկինում ևս ծնողները ծանրոցներ էին ուղարկում թե՛ զինվորների կարիքից ելնելով, թե՛ սեփական ցանկությամբ։
Այն ժամանակ էլ պարտադրաբար ոչինչ չէին անում, սակայն արձանագրենք այն փաստը, որ եթե զինվորը այդ ծանրոցի կարիքը չունենա՝ ուղարկել կամ չուղարկելու հարց չի քննարկվի։
Եթե հիմա ուղարկվող ծանրոցի կարիքը չունեն զինվորները, ապա որն էր պատճառը նախկինում ներկա իշխանության կողմից ծանրոց ուղարկելու երևույթին դատապարտելը։




Լրահոս