
Գիշերը Բիշքեկում անկարգություններ են եղել: Ղրղզստանի մայրաքաղաքի մի շարք շրջաններում բնակիչները ակցիաներ են անցկացրել՝ արդարադատություն պահանջելով Բիշքեկի հանրակացարաններից մեկում մայիսի 13-ին օտարերկրացիների և Ղրղզստանի քաղաքացիների միջև տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասնակիցների համար:
Երկրի առողջապահության նախարարության տվյալով՝ անկարգությունների հետևանքով տուժել է 30 մարդ, այդ թվում՝ օտարերկրացիներ: Տուժածներից երեքը մնում են հիվանդանոցում:
Ոստիկանությունն ուժեղացված հսկողության է սահմանել բոլոր հանրակացարաններում, որտեղ բնակվում են օտարերկրացիներ: Բողոքի ակցիաները դադարել են: