Վճռաբեկ դատարանի նոր դիրքորոշումների ամփոփում ըստ իրավական ինստիտուտների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերությունը շարունակում է ներկայացնել ուղեցույցներ, օգտակար տեղեկատվական նյութեր գործընկերների համար։ Այս անգամ ներկայացնում ենք Վճռաբեկի դատարանի վերջին նախադեպային որոշումներից մի քանիսը, որոնք վերաբերում են հետևյալ հարցերին․

1․ Պետական կարիքների համար ապրանքների մատակարարում

2․ Ջրամատակարարում

3․ Փոխառություն

4․ Պարտավորության անվիճելիություն

5․ Սնանկության գործի վարույթը կարճելու հիմքեր

6․ Սնանկության մասին տեղեկությունների հրապարակում

7․ Ապացուցման գործընթացը վարչական դատավարությունում

8․ Վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումը

9․ Ապրանքի դասակարգման իրավաչափությունը վիճարկելը

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆՈՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
ԸՍՏ ԻՐԱՎԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Իրավական հարցը․
Վճռաբեկ դատարանն անդրադարձել է պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագրի շրջանակներում պետական պատվիրատուի (գնորդի) կողմից պայմանագրի պայմաններին համապատասխան մատակարարված ապրանքների ընդունումն ապահովող անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարելու պարտականության կատարմանը։

Դիրքորոշումը․
Պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագրային իրավահարաբերությունների շրջանակներում պետական պատվիրատուն և մատակարարը (կատարողը) ստանձնում են այդ պայմանագրի կատարմանն ուղղված պարտավորություններ։ Մասնավորապես՝ մատակարարը (կատարողը) պարտավորվում է պետական պայմանագրի պայմաններին համապատասխան ապրանքները հանձնել պետական պատվիրատուին կամ նրա ցուցումով այլ անձի (ստացողին), իսկ պետական պատվիրատուն՝ ձեռնարկել դրանց ընդունումն ապահովող անհրաժեշտ բոլոր գործողությունները և վճարել դրանց դիմաց։ Ընդ որում, անհրաժեշտ գործողությունների կատարումը ենթադրում է այնպիսի միջոցների գործադրում, որոնք ապրանքների տեսակի և(կամ) դրանց հանձնման եղանակի տեսանկյունից պիտանի ու բավարար են ապրանքները փաստացի տիրապետման ընդունելու համար։ Վճռաբեկ դատարանը գտել է, որ մատակարարված ապրանքները չընդունելու, լրիվ կամ մասնակի դրանցից հրաժարվելու դեպքերում պետական պատվիրատուն պետք է դրսևորի այդ մասին վկայող հստակ և որոշակի վարքագիծ։

Մատակարարման պայմանագրի կատարման նպատակով ապրանքները պետական պատվիրատուին կամ նրա ցուցումով այլ անձի հանձնելու մատակարարի (կատարողի) պարտականության պատշաճ իրականացումը կարող է կախված լինել պետական պատվիրատուի (գնորդի) կողմից ապրանքների ընդունումն ապահովող անհրաժեշտ գործողությունները կատարելուց, երբ ապրանքի տեսակով և(կամ) դրա հանձնման եղանակով պայմանավորված՝ պետական պատվիրատուն (գնորդը) նախապես պետք է ձեռնարկի ապրանքների ընդունման համար անհրաժեշտ որոշակի գործողություններ։
Մատակարարման իրավահարաբերությունների շրջանակում մատակարարի կողմից պայմանագրով սահմանված ապրանքները մատակարարելու պարտականությունը պատշաճ կատարված լինելու փաստը գնահատելիս դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն նաև այն հանգամանքը, թե արդյոք պետական պատվիրատուն (գնորդը) ձեռնարկել է տվյալ տեսակի և(կամ) հանձնման տվյալ եղանակով ապրանքների ընդունումն ապահովող բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ գործի փաստական հանգամանքները պարզելու ու գործում առկա բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու արդյունքում միայն հանգելով որոշակի եզրակացության։

Որոշումը՝ https://cassationcourt.am/decisions/?decision_search%5Bsearch%5D=%D4%B5%D4%B4%2F17651%2F02%2F20&decision_search%5B_token%5D=9b6bb44df208883e8915553a7c442ce.3nFR1mFl6eAHtwZ13nOYfOfhcWga398ogIT0GNCaB-Q.rD4Crg4O27Ay71QYmSX9LKGZEiNuhYVFzsaDX7zLT5fsFSnuCSKH2GDhPg

Իրավական հարցը․
Վճռաբեկ դատարանն անդրադարձել է միացված ցանցի միջոցով ջրի մատակարարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառելի իրավական նորմերը որոշելու հարցին, և դրանց շրջանակներում մատակարարի կողմից բաժանորդին խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման հարաբերություններից առաջացող փաստերը հաստատելու ապացույցների շրջանակին:

Դիրքորոշումը․
էներգամատակարարման պայմանագրի մասին կանոնները կիրառելի են նաև ջրի մատակարարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ՝ պայմանով, որ այլ բան սահմանված չլինի օրենքով, այլ իրավական ակտերով կամ չբխի այդ պարտավորության էությունից։ Տվյալ դեպքում էներգամատակարարման պայմանագրի մասին կանոն է հանդիսանում նաև այն, որ այն դեպքում, երբ էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս կենցաղային սպառման համար էներգիա օգտագործող քաղաքացին, ապա պայմանագիրը կնքված է համարվում միացված ցանցին սահմանված կարգով աբոնենտի առաջին փաստացի միացման պահից։ Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 560-րդ հոդվածի 2-րդ կետում նշված համապատասխան իրավակարգավորումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ջրի մատակարարման հարաբերությունների նկատմամբ նշված կանոնը ևս կարող է կիրառելի լինել, եթե դրանում նշված պարտադիր այլ վավերապայմանների հետ միաժամանակ այլ բան սահմանված չլինի օրենքով, այլ իրավական ակտերով կամ այլ բան չբխի այդ պարտավորության էությունից։ Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել պարզել՝ արդյո՞ք այլ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված է ջրի մատակարարման պայմանագիրը կնքված համարելու այլ պահ, կամ այդ պարտավորության էությունից կարող է բխել պայմանագրի կնքման այլ պահ։

Վճռաբեկ դատարանը հանգել է հետևյալին․
1. Հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 378-Ն և թիվ 379-Ն որոշումներով ջրի մատակարարման պայմանագիրը կնքված համարելու՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 552-րդ հոդվածի 2-րդ կետում նշված կանոնից տարբերվող այլ կանոն սահմանված չլինելու պայմաններում ջրի մատակարարման պայմանագիրը կնքված է համարվում միացված ցանցին սահմանված կարգով աբոնենտի առաջին փաստացի միացման պահից, եթե ջրի մատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս կենցաղային սպառման համար ջուր օգտագործող քաղաքացին։
2. Վերը շարադրված դեպքերում բաժանորդի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառելի են Հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 379-Ն որոշման հավելված 1-ով հաստատված օրինակելի պայմանագրի պայմանները և թիվ 378-Ն որոշմամբ հաստատված Կանոնները՝ բաժանորդի կողմից ծառայություններից գրավոր չհրաժարվելու դեպքում․
3. Մատակարար-բաժանորդ հարաբերություններից առաջացող փաստերը հաստատելու համար բավարար հիմք է Հաշվառման քարտում արտացոլված և պատշաճ կարգով դատարանին ներկայացված տեղեկատվությունը։

Որոշումը՝ https://cassationcourt.am/decisions/?decision_search%5Bsearch%5D=%D5%8D%D4%B42%2F0881%2F02%2F21&decision_search%5B_token%5D=efc81b5d28c2733e07246.NDPn7Ze4bFgIDE7fXuzhvFO0Ph2FHEZ6PrrhK79hGPQ.Rny0lfjTXgg9VByyGbqE7BXMXVbxRhwXcPiWbNMwUIcGV5_V__8CYG9adg

Իրավական հարցը․
Արդյո՞ք բաժանիչ հաշվեկշիռը կարող է դիտարկվել փոխառության իրավահարաբերությունների առկայության փաստը հաստատող թույլատրելի ապացույց՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները:

Դիրքորոշումը․
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ թեև փոխառության իրավահարաբերությունների առկայությունը կարող է հաստատվել գրավոր ապացույցներով, այդուհանդերձ ցանկացած գրավոր ապացույց չէ, որ այդ փաստի հաստատմանն ուղղված թույլատրելի ապացույց է։ Այսպես՝ ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների՝ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 2-րդ կետով թույլատրել է միայն որոշակի ապացույցների օգտագործումը, ինչպիսիք են՝ փոխառության պայմանագիրը, ստացականը կամ ցանկացած այլ գրավոր ապացույցը, որը հաստատում է փոխառության առարկան՝ դրամական գումարը կամ որոշակի քանակի գույքը փոխատուի կողմից փոխառուին որպես փոխառություն հանձնված լինելու փաստը։ Այլ կերպ ասած՝ իրավունքի նորմը, սահմանելով փոխառության իրավահարաբերությունների առկայությունը հաստատող գրավոր ապացույցների թույլատրելի շրջանակը, միաժամանակ բացառել է դրանով չնախատեսված՝ գրավոր այլ ապացույցների օգտագործման հնարավորությունը։
Շարադրվածի արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ փոխառության իրավահարաբերությունների առկայության փաստի հաստատմանն ուղղված թույլատրելի ապացույցներ են բացառապես փոխառության պայմանագիրը, ստացականը կամ ցանկացած գրավոր այլ ապացույցը, որը հավաստում է փոխառության առարկան փոխատուի կողմից փոխառուին ի սեփականություն հանձնված լինելու և վերջիս կողմից այն ընդունված լինելու կողմերի հանդիպակաց ու համընկնող կամահայտնության մասին։ Այսինքն՝ փոխառության պայմանագրից կամ ստացականից տարեբերվող գրավոր այլ ապացույցը փոխառության իրավահարաբերությունների առկայության փաստի հաստատման թույլատրելի ապացույց կարող է լինել միայն այն դեպքում, եթե պարունակում է տեղեկություններ փոխառության առարկան փոխատուի կողմից փոխառուին որպես փոխառություն հանձնված լինելու մասին։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հավելել է, որ վկայակոչված ապացույցների բացակայության դեպքում գործին մասնակցող անձը զրկվում է փոխառության իրավահարաբերությունների առկայության փաստը հաստատելու համար այլ ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից՝ իրավունքի նորմով չնախատեսված այլ ապացույցների օգտագործումն անթույլատրելի լինելու պատճառաբանությամբ՝ կրելով նաև փաստի վիճելի մնալու դատավարական հետևանքները։

Որոշումը՝
https://cassationcourt.am/decisions/?decision_search%5Bsearch%5D=%D4%B1%D5%8E%D4%B4%2F4681%2F02%2F16&decision_search%5B_token%5D=efc81b5d28c2733e07246.NDPn7Ze4bFgIDE7fXuzhvFO0Ph2FHEZ6PrrhK79hGPQ.Rny0lfjTXgg9VByyGbqE7BXMXVbxRhwXcPiWbNMwUIcGV5_V__8CYG9adg

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐ

Իրավական հարցը․
Իրավաչա՞փ է արդյոք վարչական ակտից բխող՝ օրենքով սահմանված հարկեր վճարելու պարտավորությունը վիճելի համարելն այն դեպքում, երբ քաղաքացիական դատավարության կարգով վիճարկվում է ոչ թե այդ վարչական ակտը, այլ նման պարտավորության առաջացման հիմք հանդիսացող գործարքը։

Դիրքորոշումը․
Զարգացնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ համապատասխան իրավասու պետական մարմնի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետում նշված հիմքով օրենքով սահմանված ժամկետում պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմելու համար պարտադիր պայման է նաև անբողոքարկելի դարձած վարչական ակտի առկայությունը, որից բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր, այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունը։ Ընդ որում՝ քննարկվող հիմքով անձին սնանկ ճանաչելու մասին դիմում քննելիս արդեն իսկ անբողոքարկելի դարձած վարչական ակտի առկայությունն ինքնին կանխորոշում է պարտապանի վճարային պարտավորության անվիճելիությունը, եթե վերջինս չի ապացուցում դրա դեմ առարկելու բավարար հիմքերի առկայությունը :

Որոշումը՝ https://cassationcourt.am/decisions/?decision_search%5Bsearch%5D=%D5%8D%D5%B6%D4%B4%2F0066%2F04%2F21&decision_search%5B_token%5D=efc81b5d28c2733e07246.NDPn7Ze4bFgIDE7fXuzhvFO0Ph2FHEZ6PrrhK79hGPQ.Rny0lfjTXgg9VByyGbqE7BXMXVbxRhwXcPiWbNMwUIcGV5_V__8CYG9adg

Իրավական հարցը․
Վճռաբեկ դատարանն անդրադարձել է անձին սնանկ ճանաչելու մասին դիմումը մերժված լինելու պայմաններում նույն անձի կողմից նույն պարտապանին սնանկ ճանաչելու մասին նույն դիմումով Սնանկության դատարան կրկին դիմելու իրավական հնարավորության առանձնահատկություններին։

Դիրքորոշումը․
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում նշված հիմքով կրկին ներկայացված հարկադրված սնանկության դիմումի շրջանակներում պարզվում է, որ դիմումը կրկին ներկայացվել է նույն անձի կողմից, նույն անձին սնանկ ճանաչելու մասին պահանջով, նախկինում ներկայացված դիմումը մերժվել է սնանկության հիմքերի ակնհայտ չլինելու պատճառաբանությամբ և այդ հիմքերի առկայությունը կրկին ակնհայտ չէ, նախկինում ներկայացված դիմումում նշված սնանկության հիմքերի համեմատ կրկին ներկայացված դիմումում նշված սնանկության հիմքերը նույնն են, ապա դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ մասի 1-ին մասի 2-րդ կետով, պարտավոր է որոշում կայացնել սնանկության գործի վարույթը կարճելու մասին։ Մինչդեռ, իրավիճակն այլ է, երբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում նշված հիմքով կրկին ներկայացվում է հարկադրված սնանկության դիմում, որի շրջանակներում պարզվում է, որ թեկուզև դիմումը կրկին ներկայացվել է նույն անձի կողմից, նույն անձին սնանկ ճանաչելու մասին պահանջով, և նախկինում ներկայացված դիմումը մերժվել է սնանկության հիմքերի ակնհայտ չլինելու պատճառաբանությամբ, սակայն սնանկության հիմքերի առկայությունն արդեն ակնհայտ է դարձել, այսինքն՝ կրկին ներկայացված դիմումում փոխվել (փոփոխվել) են փաստական հանգամանքներն ու (կամ) դիմումի իրավական հիմքը, և հաստատվում է, որ անձը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, ու սնանկ ճանաչելու մասին վճռի կայացման պահին վերը նշված կետանցը շարունակվում է։ Այս դեպքում բացակայում է ինչպես նույն անձի կողմից նույն անձի դեմ դիմում ներկայացնելու՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասում նշված արգելքը, այնպես էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված՝ գործի վարույթը կարճելու հիմքը։

Որոշումը՝ https://cassationcourt.am/decisions/?decision_search%5Bsearch%5D=%D5%8D%D5%B6%D4%B4%2F0994%2F04%2F21&decision_search%5B_token%5D=efc81b5d28c2733e07246.NDPn7Ze4bFgIDE7fXuzhvFO0Ph2FHEZ6PrrhK79hGPQ.Rny0lfjTXgg9VByyGbqE7BXMXVbxRhwXcPiWbNMwUIcGV5_V__8CYG9adg

Իրավական հարցը․
Վճռաբեկ դատարանն անդրադարձել է ֆիզիկական անձանց կողմից կամավոր սնանկության դիմում ներկայացվելու դեպքերում իր սնանկության մասին տեղեկությունները հրապարակելու առանձնահատկություններին։

Դիրքորոշումը․
Օրենսդիրը, ի տարբերություն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված ընդհանուր կանոնի, նույն օրենքի 93-րդ հոդվածի 6-րդ մասով համապատասխան առանձնահատկություն է սահմանել ֆիզիկական անձանց կամավոր սնանկության դիմումի առումով՝ ֆիզիկական անձի կողմից կամավոր սնանկության դիմում ներկայացվելու դեպքերում սնանկության մասին տեղեկությունները հրապարակելու պարտականությունը դնելով հենց տվյալ ֆիզիկական անձի վրա։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմք ընդունելով նույն օրենքի 91-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումը, ֆիզիկական անձի՝ կամավոր սնանկության դիմումի հիման վրա հարուցված սնանկության դեպքում ենթակա է կիրառման հենց նույն օրենքի 93-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնը։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված հատուկ կանոնը բխում է ֆիզիկական անձանց, ինչպես նաև կամավոր սնանկության վարույթների առանձնահատկություններից, երբ պարտապան ֆիզիկական անձին իր իսկ դիմումի հիման վրա հարուցված սնանկության վարույթի շրջանակներում տրվում է ակտիվ դերակատարություն՝ հիմք ընդունելով նաև այն հանգամանքը, որ անհրաժեշտ տեղեկատվությունը գտնվում է նրա տնօրինման ներքո, և վերջինիս կողմից դրանց հրապարակումը ենթադրում է ժամանակի ու միջոցների խնայողություն։

Որոշումը՝ https://cassationcourt.am/decisions/?decision_search%5Bsearch%5D=%D5%8D%D5%B6%D4%B4%2F0350%2F04%2F23&decision_search%5B_token%5D=efc81b5d28c2733e07246.NDPn7Ze4bFgIDE7fXuzhvFO0Ph2FHEZ6PrrhK79hGPQ.Rny0lfjTXgg9VByyGbqE7BXMXVbxRhwXcPiWbNMwUIcGV5_V__8CYG9adg

ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ

Իրավական հարցը․
Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստն արդյո՞ք կարող է հաստատված համարվել այնպիսի ապացույցի հիման վրա, որը գործի նյութերում բացակայում է։

Դիրքորոշումը․
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վիճարկման հայցի շրջանակներում վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը դատարանը որոշում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Նշվածից հետևում է, որ կողմերի ներկայացրած ապացույցների, իսկ անհրաժեշտության դեպքում դատարանի նախաձեռնությամբ, ի պաշտոնե գործելու սկզբունքի շրջանակներում, ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման արդյունքում է միայն դատարանի մոտ ձևավորվում ներքին համոզմունք ներկայացված հայցը բավարարելու կամ մերժելու կապակցությամբ։ Ընդ որում՝ դատարանի մոտ ձևավորված ներքին համոզմունքն իր օբյեկտիվ դրսևորումը պետք է ունենա դատական ակտի պատճառաբանական մասում՝ դատական ակտի հիմնավորվածության ու պատճառաբանվածության պարտադիր պահպանման ենթակա պահանջները ապահովված համարելու համար։
Այսինքն՝ դատարանը, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքը հաստատված կամ հերքված համարելու համար պետք է իր տիրապետության տակ՝ գործի նյութերում, ունենա համապատասխան փաստի հաստատումը կամ հերքումը հիմնավորող ապացույց, որի հետազոտման և գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքը պետք է արտացոլվի դատական ակտի պատճառաբանական մասում տեղ գտած հիմնավորումներում, որի պարագայում միայն դատարանի կողմից կայացված դատական ակտը կարող է լինել իրավաչափ և օրենսդրության պահանջներին համապատասխանող։ Հակառակ դեպքում, եթե որևէ փաստի հաստատված լինելը դատարանը հիմնավորում է այնպիսի ապացույցով, որը գործի նյութերում բացակայում է, ապա այն հանգեցնում է դատարանի՝ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու պարտականության խախտման։

Որոշումը՝
https://cassationcourt.am/decisions/?decision_search%5Bsearch%5D=%D5%8E%D4%B4%2F0446%2F05%2F22&decision_search%5B_token%5D=efc81b5d28c2733e07246.NDPn7Ze4bFgIDE7fXuzhvFO0Ph2FHEZ6PrrhK79hGPQ.Rny0lfjTXgg9VByyGbqE7BXMXVbxRhwXcPiWbNMwUIcGV5_V__8CYG9adg

Իրավական հարցը․
Վճռաբեկ դատարանն անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով ամրագրված՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտի և դրա կիրառման առանձնահատկություններին:

Դիրքորոշումը․
Օրենսդրորեն սահմանված ընդհանուր կանոնի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը հանգեցնում է նաև վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման՝ մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Միևնույն ժամանակ, վիճարկվող վարչական ակտի կատարման ինքնաբերաբար կասեցման ընդհանուր կանոնը չի գործում այն դեպքերի առկայության պայմաններում, որոնք սպառիչ կերպով թվարկված են Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասում։ Ըստ այդմ՝ ընդհանուր կանոնից «շեղվող» հատուկ դեպքերից է նաև այն, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները)։
Իր հերթին՝ օրենսդիրը, նշված դեպքերում վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետևանքների ընդհանուր կանոնի բացառության կիրառման հնարավորությունը պայմանավորել է մի քանի նախադրյալներով։ Այսպես, որպես վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման առաջնային նախապայման, կարելի է դիտարկել հայցվորի միջնորդությամբ նշված փաստերի առկայությունը, որը, սակայն, ինքնին բավարար չէ վիճարկվող վարչական ակտի կասեցման համար։ Անհրաժեշտ է, որպեսզի ներկայացված միջնորդությամբ դատարանի մոտ ձևավորվի հիմնավոր կասկած՝ վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ։ Նշյալ դատողությունը հիմնված է օրենսդրի կողմից սահմանված այն կարգավորման վրա, ըստ որի՝ թեև Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ՀՀ վարչական դատարանին տրված է վարչական ակտի կատարումը կասեցնելու հայեցողական լիազորություն, այնուամենայնիվ, դրա ծագումը պայմանավորված է միայն հայցվորի կողմից համապատասխան միջնորդության ներկայացմամբ։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ վերոգրյալ նախապայմանները փոխկապակցված են միմյանց հետ, իսկ դրանց համաժամանակյա առակայությունն էլ ապահովում է վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետևանքների ընդհանուր կանոնի բացառության կիրառումը։ Բայց և այնպես, հարկ է նկատի ունենալ, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու ցանկացած միջնորդություն չէ, որ կարող է դատարանի կողմից բավարարվել, և ըստ այդմ՝ հիմք հանդիսանալ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման համար։ Առանցքային նշանակություն ունի ինչպես միջնորդության մեջ զգալի վնասի և (կամ) իրավունքների պաշտպանության անհնարինության հավանականության վկայակոչումը, այնպես էլ այդ հավանականությունն այնպիսի համոզիչ, հստակ փաստարկներով և միջնորդությանը կից ապացույցներով հիմնավորելը, որ դատարանի մոտ ձևավորվի հիմնավոր կասկած՝ հայցվորին զգալի վնաս պատճառվելու և (կամ) նրա իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու կապակցությամբ։ Այլ կերպ ասած՝ հայցվորը միջնորդությամբ պետք է նախանշի նաև վիճարկվող վարչական ակտի կատարմամբ իր համար այնպիսի անբարենպաստ իրավիճակի առաջացման սպասելիությունը, որը նյութական առումով անհամարժեք վնաս կպատճառի իրեն և (կամ) այլևս կիմաստազրկի իրավունքների հետագա պաշտպանությունը։

Որոշումը՝
https://cassationcourt.am/decisions/?decision_search%5Bsearch%5D=%D5%8E%D4%B4%2F2659%2F05%2F22&decision_search%5B_token%5D=efc81b5d28c2733e07246.NDPn7Ze4bFgIDE7fXuzhvFO0Ph2FHEZ6PrrhK79hGPQ.Rny0lfjTXgg9VByyGbqE7BXMXVbxRhwXcPiWbNMwUIcGV5_V__8CYG9adg

Իրավական հարցը․
Ապրանքի ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման վիճարկված չլինելու պայմաններում` այդ որոշման հիման վրա ընդունված վարչական ակտի վիճարկման շրջանակներում կարո՞ղ է արդյոք գնահատվել մաքսային մարմնի կողմից կատարված ապրանքի դասակարգման իրավաչափությունը։

Դիրքորոշումը․
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ մաքսային մարմնի կողմից կատարված ապրանքի դասակարգման իրավաչափության (հիմնավորվածության) գնահատումն ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման հիման վրա ընդունված վարչական ակտերի վիճարկման և իրավաչափության ստուգման շրջանակներում կնշանակի ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման իրավաչափության ստուգում, ինչը, ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի բացակայության պայմաններում, կխախտի այդ որոշման իրավաչափության կանխավարկածը։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վիճարկման հայցի առարկան միայն ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման հիման վրա ընդունված որոշումը (որոշումները) անվավեր ճանաչելու պահանջն է, ապա դրա (դրանց) իրավաչափությունն ստուգելու շրջանակներում ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գնահատել ապրանքի դասակարգման որոշմամբ մաքսային մարմնի կողմից կատարված համապատասխան ծածկագրով դասակարգման իրավաչափությունը (հիմնավորվածությունը)։ Ըստ այդմ՝ ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման վիճարկված չլինելու պայմաններում այդ որոշման հիման վրա ընդունված որոշումը (որոշումները) չի (չեն) կարող անվավեր ճանաչվել՝ մաքսային մարմնի կողմից ապրանքների սխալ դասակարգված լինելու հիմքով, քանզի դատական պաշտպանության ենթակա իրավունքի ենթադրյալ խախտումն այդ հիմքով թույլ է տրվել ոչ թե վիճարկվող որոշմամբ (որոշումներով), այլ ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշմամբ, որը պաշտպանված է իրավաչափության կանխավարկածով։

Որոշումը՝ https://cassationcourt.am/decisions/?decision_search%5Bsearch%5D=%D5%8E%D4%B4%2F8707%2F05%2F20&decision_search%5B_token%5D=efc81b5d28c2733e07246.NDPn7Ze4bFgIDE7fXuzhvFO0Ph2FHEZ6PrrhK79hGPQ.Rny0lfjTXgg9VByyGbqE7BXMXVbxRhwXcPiWbNMwUIcGV5_V__8CYG9adg




Լրահոս