Իբրահիմ Ռաիսոլսադաթին, ով քաղաքական շրջանակում հայտնի է որպես Իբրահիմ Ռաիսի, և 2021 թվականից մինչև իր մահը՝ 2024 թվականի մայիսի 19-ը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն էր, սկզբունքային մուսուլման իրավաբան էր:
Մինչ նախագահի պաշտոնն զբաղեցնելը, Ռաիսին տարբեր պաշտոններ է զբաղեցրել դատական համակարգում՝ եղել է Թեհրանի դատախազի տեղակալ, ապա դատախազ՝ 1980-1990-ական թվականներին: Հայտնի էր «Թեհրանի դահիճ» կեղծանվամբ, քանի որ հանդիսանում էր «Մահվան կոմիտե» անվամբ հայտնի խմբի անդամ, որը պատասխանատու էր 1988 թվականին հազարավոր քաղբանտարկյալներին մահապատժի ենթարկելու համար:
Եղել է արդարադատության նախարարի տեղակալ, ապա նախարար:
Առաջին անգամ նախագահական ընտրությունների համար առաջադրվել է 2017 թվականին՝ պարտվելով գործող նախագահ Հասան Ռոհանիին՝ 57/ 38.3 տոկոս հարաբերակցությամբ: 2021 թվականին, առաջադրվելով երկրորդ անգամ, դարձել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ՝ հավաքելով ընտրողների ձայների 62.9 տոկոսը:
Ռաիսի նախագահության շրջանում փակուղի են մտել ԱՄՆ-ի հետ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը», Իրանը սկսել է Ուրանի հարստացման գործընթաց և Գազա-իսրայելական հակամարտությունում աջակցություն ցուցաբերել Գազային: Երկրի ներսում սակայն, ամեն բան չէ, որ խաղաղ է եղել. երկրում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել՝ իրավունքների ազատականացման մի շարք պահանջներով, ինչը սկսվել է ոստիկանների կողմից բռնի ուժի կիրառումից հետո երիտասարդ Մահսա Ամինիի մահով:
Հատկանշական է այն, թե ինչ ազդեցություն ուներ նախագահ Ռաիսին միջազգային քաղաքական թատերաբեմում, և ինչպիսի վախ էր առաջացնում նրա վարած քաղաքականությունը: Այս համատեքստում պետք է մատնանշել, որ նրա նկատմամբ պատժամիջոցներ են սահմանված եղել ԱՄՆ Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակի կողմից՝ համաձայն 13876 Գործադիր հրամանի, ինչպես նաև մեղադրվել է մարդկության դեմ հանցագործությունների համար միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների կողմից:
Ռաիսին Իմամ Ռեզայի սրբավայրի մեծ իմամ Ահմադ Ալամոլհոդայի փեսան էր:
Հասկանալու համար, թե ինչ գործընթացներ են սկսվելու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի մահից հետո, պետք է հասկանալ օրենսդրական կարգավորումները:
Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության 131-դ հոդվածի համաձայն՝ նախագահի մահվան, պաշտոնանկության, հրաժարականի, երկու ամսից ավելի բացակայության, հիվանդության կամ նախագահության ժամկետն ավարտվելու և խոչընդոտների առկայության դեպքում, նախագահի լիազորոթյունները ստանձնում է առաջին փոխնախագահը։
Այնուհետև, խորհրդարանի նախագահի, դատական իշխանության ղեկավարի և առաջին փոխնախագահի մասնակցությամբ ձևավորված խորհուրդը կազմակերպում է արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք պետք է անցկացվեն առավելագույնը հիսուն օրվա ընթացքում։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 19-ին, նախագահ Ռաիսի ուղղաթիռը, որը Թեհրան էր վերադառնում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո, կործանվել էր Արևելյան Ադրբեջան նահանգի Վարզաքան քաղաքում: Վթարի հետևանքով նախագահից զատ զոհվել են ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը, Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մալեք Ռահմաթին և Մոհամմադ Ալի ալ Հաշեմը:
Հուրի Բաղդասարյան