Քննչական կոմիտեն ArmLur.am-ին նոր մանրամասներ է հայտնում բլոգեր Արթուր Չախոյանի ձերբակալման հետ կապված․
«2024թ. մայիսի 18-ին տարբեր քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ նույն օրը մի խումբ անձինք՝ Ա.Չ.-ի գլխավորությամբ, մուտք են գործել Երևան քաղաքի Կողբացի փողոցում գտնվող Հայաստանի խաղերի սպորտի և մշակույթի պալատ և Հայաստանի պետականակենտրոն կուսակցության կայանալիք նիստը խաթարելու նպատակով վիճաբանել կուսակցության անդամների հետ։ Դեպքի վայր են մեկնել ոստիկաններ, որտեղ պարզվել է, որ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, վերոնշյալ միջադեպի մասնակիցների կողմից միմյանց հասցեին հնչել են հայհոյանքներ, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում մասնակիցները հարվածներ են հասցրել միմյանց։
Ոստիկանների կողմից միջադեպի վեց մասնակից, ինչպես նշված տարածք մտածներից, այդ թվում Վ. Չ.-ն , այնպես էլ այնտեղ գտնվողներից, ֆիզիկական ներգործություն և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով տեղափոխել են Ոստիկանության բաժին, որտեղ ձեռնարված միջոցառումներով պարզվել է բոլորի ինքնությունը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Կայացվել է նշված անձանց ձերբակալելու որոշում։ Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի հանգամանքները, միջադեպին մասնակիցների շրջանակը պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»: