Հոսեյն Ամիր-Աբդոլահյան. իրանցի քաղաքական գործիչ, դիվանագետ, ով 2021 թվականի նախագահական ընտրություններից մինչև երեկ՝ մայիսի 19-ը, երկրի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն էր:
2011-ից 2016 թվականներին Աբդոլահյանը եղել է արաբական և աֆրիկյան երկրների հարցերով փոխարտգործնախարար, Իրանի խորհրդարանի խոսնակի միջազգային հարցերով հատուկ օգնական, Իսլամական խորհրդատվական ժողովի միջազգային հարցերով գլխավոր տնօրեն, Պաղեստինի Ինթիֆադային աջակցության միջազգային խորհրդաժողովի մշտական քարտուղարության գլխավոր քարտուղար, ԱԳՆ միջազգային հարաբերությունների դպրոցի պրոֆեսոր:
Մոհամմադ Խաթամիի նախագահության օրոք միջուկային բանակցությունների ընթացքում Հոսեյն Ամիր-Աբդոլահյանը եղել է միջուկային բանակցությունների քաղաքական և անվտանգության հանձնաժողովի անդամ։ Նա առաջին իրանցի պաշտոնյան էր, ով հրավիրվել է Լոնդոն՝ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վերաբացումից հետո տարածաշրջանային բանակցությունների մասնակցելու:
2007 թվականին Բաղդադում Իրան-Իրաք-ԱՄՆ եռակողմ հանդիպման ժամանակ ղեկավարել է իրանական բանակցային թիմը:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 19-ին, նախագահ Ռաիսի ուղղաթիռը, որը Թեհրան էր վերադառնում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո, կործանվել էր Արևելյան Ադրբեջան նահանգի Վարզաքան քաղաքում: Վթարի հետևանքով նախագահից զատ զոհվել են ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը, Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մալեք Ռահմաթին և Մոհամմադ Ալի ալ Հաշեմը:
Հուրի Բաղդասարյան