«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ՝ մայրաքաղաքում ակցիաներ է իրականացնում՝ այդպիսով արտահայտելով անհամաձայնությունը Տավուշում տիրող իրավիճակի, միակողմանի զիջումների վերաբերյալ։
Սրբազանի առաջնորդած շարժմանը միացել են բազմաթիվ մարդիկ, որոնց թվում են հայտնի եւ սիրված երգիչներ, դերասաններ, արվեստի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական դեմքեր։
Չնայած նրան, որ շարժմանը աջակցում եւ միանում են արվեստի ներկայացուցիչներ, շատերը լուռ ու անտարբեր են մնում եւ դիրքորոշում չեն հայտնում շարժման մասին, այն դեպքում, երբ 2018 թվականին նրանցից շատերը ակտիվորեն մասնակցություն են ունեցել 2018 թվականի «թավշյա հեղափոխությանը»։
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանի հետ։
Մեզ հետ զրույցում Արթուր Սահակյանն ասաց, որ նա անձամբ ամեն երեկո մասնակցում է Սրբազան հոր կազմակերպած հավաքներին։
-Ես ամեն երեկո այնտեղ եմ, մերոնցից էլ մարդկանց այնտեղ տեսել են։ Այնպես որ, աջակցությունը բնականաբար կա։ Ես իմ անունից խոսեմ, քանի որ մենք («Գոյ» թատրոն խմբ.) ցրված ենք, լոկացիա չունենք, բայց ես ամեն երեկո այնտեղ եմ։
Անդրադառնալով նաեւ 2018 թվականի հեղափոխությանը՝ Սահակյանը նշեց, որ նա չի մասնակցել, սակայն թատրոնից եղել են մարդիկ, որոնք մասնակցել են 2018 թվականի «թավշյա հեղափոխությանը»։
-Ես չեմ մասնակցել 2018 թվականին, նրանք սպիտակ են հագել, ես՝ սեւ եմ հագել։ Մեր մեջ մի ՔՊ-ական կար՝ Մանուկյան Արթուր, որ հետո պատգամավոր դարձավ։ Առհասարակ, այն ժամանակ էլ, հիմա էլ, միացան, երբ արդեն ակնհայտ էր այդ ամեն ինչ։ Ես միայն իմ անունից կարող եմ պատասխանել, որ հիմա աջակցում եմ Սրբազանին, սակայն նախորդ անգամներն ինչ եղել են՝ հմայքի տակ չեմ մտել, հմայք չկա էլ։
Արթուր Սահակյանը նաեւ խոսեց այն արվեստի գործիչների մասին, որոնք մինչ օրս լուռ են։
Վերջինիս խոսքով՝ լռության պատճառը վախն ու անսկզբունքային լինելն է։
-Շատերը մտածում են, որ, թող մի բան լինի, հետո կանենք, կասենք՝ մենք վաղուց էինք ասում, այս տրամաբանությունն է։ Հիմա կոնկրետ վախն է։ Այդ վախը կոնկրետ ինձ համար անհասկանալի է եղել, ստորացուցիչ վախ է։ Ամոթ է շատ։ Իրենք արդեն փոքր չեն եւ պատասխանատվություն ստանձնելուց չպետք է վախենան։
Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ
«25 ՀԱ ՄԱՍՈՎ ՈՐԵՎԷ ԲԼԵՖ ՉԿԱ». ԳՐԻԳՈՐՅԱՆ
25 հեկտարի մասով որեւէ բլեֆ չկա, մեզ է վերադարձվում եւ հնարավորություն ենք ունենալու այդ տարածքներն օգտագործել։
Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ըստ Գրիգորյանի՝ սահմանազատման շրջանակներում շատ է քննարկվում Տավուշի 4 գյուղի՝ Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի, Բերքաբերի շուրջ հնարավոր դելիմիտացիայի ազդեցությունը։ Ոսկեպարում, Բաղանիսում եւ Բերքաբերում մեծ հաշվով խնդիր չեն լինի, սահմանն արդեն դելիմիտացիայի շրջանակներում հայտնի է։
«Ինչ վերաբերում է Կիրանցին, այո, որոշակի խնդիրներ կան։ Ճանապարհի մասով մենք արդեն լուծումներ ունենք, կտանք։ Այս պահին որեւէ խնդիր չկա երկարաժամկետ ինչ խնդիր էլ լինի, լուծելու ենք։
4 շինություն կա, որը 1976 թվականի քարտեզով չի մնում Հայաստանի Հանրապետության տարածքում, դրանցից մեկը տուն է, մեկը կացարան, մյուսը խանութ-վագոն է, որն այս պահին չի աշխատում, 4-րդն ավտոտնակ է։
Այս բոլոր խնդիրները Կառավարությունը հասցեագրելու է, այսինքն բնակչությունն ինչ խնդիր էլ ունենա՝ մենք լուծելու ենք։
Ճանապարհն էլ ենք կառուցելու։ Այսինքն՝ ունենալու ենք ճանապարհ, որն ամբողջությամբ ՀՀ տարածքով է անցնելու, եւ ինչպես բազմիցս նշել ենք, մենք համոզված ենք, որ այս գործընթացով մենք ավելի շատ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում». – ասաց Արմեն Գրիգորյանը։
Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը սոցցանցի իր էջում գրում է.
«Այսօր Տավուշի մարզպետը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ փակ հանդիպում է ունեցել սակավաթիվ կիրանցիների հետ՝ վերահաստատելով, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին։
Կրկին խոսվել է փոխհատուցման մասին, ինչն առաջացրել է բնակիչների զայրույթն ու դժգոհությունը։
Չնայած իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տարվող քարոզչությանը՝ կիրանցեցին շարունակում է դեմ արտահայտվել հայրենի հողը որեւիցե գումարի դիմաց հանձնելու դավաճանական օրակարգին։
Ես շարունակում եմ հետեւել գյուղում տեղի ունեցող իրադարձություններին եւ մնալ տավուշցիների կողքին»։
ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՇԱՐԺՄԱՆ ԱՋԱԿԻՑ
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, ելնելով երկրում ստեղծված ծանր իրավիճակից, իշխանությունների կողմից տարվող կործանարար քաղաքականությունից, ինչպես նաեւ դեմ լինելով խաղաղության անվան տակ միակողմանի զիջումներին՝ ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը։
«Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը իր ուսերին ունենալով բազմամյա պետական շինարարության փորձ, գործելով բացառապես ի շահ հայ ժողովրդի եւ Հայաստան աշխարհի, պատրաստ է հանդիպել շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին եւ ավելի մանրամասն քննարկել հետագա անելիքները։
Կամք, հավատ եւ ողջախոհություն բոլորիս». -ասված է ՀԿԿ Կեմնտկոմի հայտարարության մեջ:
ԻՆՉՈՒ ԵՆ ՏՆՕՐԵՆԻՆ ԱԶԱՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Ինչպես երեկ գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, Արագածոտնի մարզի Բյուրական բնակավայրի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Լուսինե Մկրտչյանին աշխատանքից հեռացնում են։
Այս առթիվ ամբողջ դպրոցում հայտարարված էր գործադուլ եւ դասադուլ՝ ի պաշտպանություն դպրոցի տնօրեն Լուսինե Մկրտչյանի։
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է դպրոցի տնօրեն Լուսինե Մկրտչյանի հետ։
Մեզ հետ զրույցում նա ասաց, որ գործադուլ եւ դասադուլ ոչ միայն երեկ է եղել, այլեւ շարունակվում է այսօր։
«Ոչ մի քաղաքական պայքարի համար չէ դա, պարզապես մարզպետարանի կողմից նկատառումներ կան հատուկ, որը կազմակերպվեց, եւ ինձ ազատեցին աշխատանքից, այլ բան չունեմ ասելու». – ասաց Լուսինե Մկրտչյանը։
Նշենք, որ համացանցում տարածվում էր տեղեկույթ, ըստ որի՝ դպրոցի տնօրենին աշխատանքից ազատում են քաղաքական ընդդիմադիր հայացքների համար, սակայն Մկրտչյանն ընդգծեց, որ քաղաքական որեւէ պայքարի չի մասնակցել։
«Քաղաքական ոչ մի պայքարի ես չեմ մասնակցում եւ չեմ մասնակցել, որովհետեւ աշխատանքի եմ եղել։ Ես իմ տեղում՝ որպես տնօրեն, աշխատել եմ հանուն դպրոցի, աշակերտների, ուսուցիչների եւ համայնքի, որը կհաստատեն ուսուցչական կոլեկտիվը, աշակերտներս եւ ողջ համայնքը։ Այլ բան չեմ ուզում շարունակել, որովհետեւ շատ վրդովված եմ». – ասաց Մկրտչյանը։
ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը ԱՄՆ այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջոն Բասի, պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Քիմի, ինչպես նաեւ պետքարտուղարի ժողովրդավարության, աշխատանքի եւ մարդու իրավունքների հարցերով օգնական Ռոբերտ Ջիլքրիստի հետ։
Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ համաշխարհային անվտանգության ոլորտում զարգացումները: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին: