«ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ, եթե ապացուցվի, որ ժողովրդավարությունը խարխլվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման գործընթացում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Զարմանալիորեն ԱՄՆ-ն եւ առհասարակ Արեւմուտքն այսպիսի նախանձախնդրություն չցուցաբերեցին եւ պատժամիջոցներ չկիրառեցին Ադրբեջանի նկատմամբ, երբ վերջինս 2020-ին Արցախում քիմիական զենք էր օգտագործում, 9 ամիս տեւողությամբ տոտալ բկոկադայի մեջ էր պահում Արցախահայությանը, ուղղակիորեն ցեղասպանական գործողություն էր իրականացնում՝ հայաթափելով երեքհազարամյա Արցախը կամ այսօր, երբ անթաքույց ոչնչացնում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը։
Զարմանալիորեն այն Արեւմուտքը, որը Շարլ Միշելի շուրթերով Հայաստանին նշաձողն իջեցնելու հորդորներ էր տալիս, աչք փակեց նաեւ այդ քաղաքականության հետեւանք ադրբեջանական էթնիկ զտման եւ ռազմական գործողության վրա, դառնալով ցեղասպանության գործակից եւ պատասխանատու։
Այդ նույն Արեւմուտքը աչք փակեց Ադրբեջանի բռնապետի ոչ ժողովրդավարական ընտրության վրա եւ առաջինը շնորհավորեց բռնապետին։
Այդ նույն Արեւմուտքը՝ Ֆոն Դեր Լայենի տեսքով փարվեց բռնատեր Ալիեւին՝ հայտարարելով ստրատեգիական գործընկերության եւ ակնհայտորեն ռուսական բովանդակությամբ ադրբեջանական նավթագազային առաջնահերթությունների մասին։
Արեւմուտքի կրկնակի ստանդարտները, միջազգային իրավունքի եւ սկզբունքների բռնաբարման անհաղորդությունը կամ խուլի եւ կույրի վարքագծի դրսեւորումը սպանում են հարգանքը եւ հավատը միջազգային կառույցների նկատմամբ, անգամ «ժողովրդավարություն» խիստ էլաստիկ հասկացության նկատմամբ ալերգիա առաջացնում:
Ի դեպ, այս օրերին ոստիկանական ուժերը խայտառակ բռնություններ եւ անհամաչափ գործողություններ են գործադրվում խաղաղ հանրահավաքների մասնակիցների նկատմամբ։ Հայաստանը վերածվել է համատարած ոստիկանապետության` արեւմտյան գրանտներով «բարեփոխված» ոստիկանապետության։
Ոստիկանությունն, ըստ էության թքած ունի։ Համակարգը նման վարքագիծ եւ բռնություններ է գործադրում անգամ այն բանից հետո, երբ ՀՀ ոստիկանության անհամաչափ գործողություններն արձանագրվել են Freedom House-ի եւ Պետդեպ-ի զեկույցներում։
Իսկ իրականում, այսօր Հայաստանում ո՜չ թե Մարդու իրավունքների, ո՜չ թե ժողովրդավարության «խարխլման» հետ ենք առերեսվում, այլ սահմանադրական կարգի տապալման։
Հայաստանը հարաճող բռնապետություն է՝ խարսխված ոչ թե ժողովրդավարությանմ այլ՝ ուժային կառույցների վրա։
Ժողովրդավարական արեւմուտքը կարծես թե չի տեսնում… իսկ ավելի շուտ՝ տեսնում է այն, ինչ շահեկան է։
Կարծում եմ Արեւմուտքը մտածելու բան ունի. եթե նրանց պատկերացրած Ժողովրդավարությունը նիկոլի դեմքն ունի, ապա արթնացող հայ մարդն իրավունք կունենա կողմնորոշիչներ ճշտելու.
ENOUGH IS ENOUGH!!!!
Թբիլիսիում ընդդիմության փողոցային երթում ԵՄ անդամ երկու երկրի դեսպանների ներկայությունը շատ բանի մասին է»։
ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱԿ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչների հետ։
Լրագրողների հետ զրույցում նաեւ տեղեկացրել է, որ հանդիպմանը ՀԱԿ-ից չորս հոգի են ներկա եղել, այդ թվում՝ ՀԱԿ փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը։ Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկա չի եղել հանդիպմանը։
Հարցին, թե ՀԱԿ-ը կո՞ղմ է վարչապետի հրաժարականի պահանջին, սահմանազատման ներկա գործընթացի դադարեցմանը, սրբազանը պատասխանել է. «Այս հանդիպմանը դրա մասին ասելու խնդիր նույնիսկ չի եղել: Իրենք բազմաթիվ հեռուստաելույթներով, հրապարակային հայտարարություններով արտահայտել են իրենց կարծիքը։ Քննարկվել են գործընթացների վերաբերյալ, իրենց կեցվածքի, դիրքորոշման վերաբերյալ հարցեր։ Բացի դա, մենք որոշակի երկար տարիների բարեկամություն ունենք, մտերմություն ունենք: Ի վերջո հոգեւորական եմ չէ՞, բարեկամություն, մտերմություն ունեմ»։
Մինչ այս Բագրատ սրբազանը հանդիպումներ է ունեցել խորհրդարանական ընդդիմության, նախկին վարչապետների, այլ քաղաքական ուժերի եւ հասարակական գործիչների հետ։ Տավուշի թեմի առաջնորդն հայտարարել է, որ քաղաքական ուժերի հետ հանդիպումների նպատակը հետագա ուրվագիծն ու ուղղությունը կառուցելն է։
ԹՈՒՆՅԱՆԸ՝ ՍՐԲԱԶԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ես բացառում էի, որ երբեւէ կունենանք մի իրավիճակ, երբ Եկեղեցին փաստացի իշխանափոխության օրակարգով շարժում կնախաձեռնի, բայց կյանքն անպես է փոխվել, որ ոչ մի բան չի կարելի բացառել: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Հարցին, արդյոք հանդիպել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին եւ եթե լինի ռաջարկ, արդյոք կհանդիպի, նա պատասխանեց. «Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի եւ օրակարգը ասի, կմտածեմ, բայց նման անհրաժեշտություն չեմ տեսնում»:
Հարցին՝ օրակարգը պարզ չէ՞, նա արձագանքեց. «Ոչ, ես գիտեի Կիրանցի, Ոսկեպարի, Տավուշի անվտանգությունն է օրակարգը:
Հիմա շարժում է ընթանում, մարդիկ իրենց տեսակետը արտահայտում են, անհնազանդության ակցիաներ են անում, ժողովրդավարական երկրին հարիր գործընթացներ են: Հիմա եթե իրենց կհաջողվի ժողովրդի մեծամասնությանը համոզել կամ իմպիչմենթի գործընթացը ավարտին հասցնել, ինչքան հիշում եմ՝ ժամկետներ էլ էին նշում, այդ գործընթացը յուրաքանչյուր ոք կարող է տանել առաջ: Որեւէ խնդիր չեմ տեսնում»:
Թունյանը նկատեց, որ այն օրակարգը, որը կա շարժման մոտ, խիստ տարբերվում է իրենց օրակարգից:
ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՎՐԴՈՎՎԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ՝ պարզաբանումներ ստանալու, թե երեկ ինչու էր վրդոովվել եւ թիրախավորել լրագրողին։
-Երեկ տհաճ միջադեպ տեղի ունեցավ Կիրանց գյուղում, որը սպասվածից առավել մեծ արձագանք գտավ, հատկապես սոցցանցերում:
-Կիրանցը իմ հայրենի գյուղն է, եւ նրա շուրջ տեղի ունեցող ցավալի իրադարձությունները, բնականաբար, ինձ չեն կարող, մեղմ ասած, չանհանգստացնել եւ չհուզել։ Ես հիմա չեմ ցանկանում կրկին կատարվածը քննարկել, միայն ցանկանում եմ ասել, որ առաջինը հենց ես չէի ցանկանա, որ նման միջադեպ արձանագրվեր, այն էլ լրատվամիջոցի եւ լրագրողի մասնակցությամբ։ Իհարկե, ոչ միայն չէի ցանկանա, որ այդպես լինի, այլ ցավում եմ տեղի ունեցածի համար։
-«Հայաստան» խմբակցությունից նշեցին, որ Գեղամ Նազարյանը հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ։
-Համարեք, որ Ձեր հարցերին պատասխանելով՝ հանդես եմ գալիս լրացուցիչ պարզաբանմամբ։ Կրկնեմ մեկ անգամ եւս, ես հարգել, հարգում եմ, հարգելու եմ լրագրողի եւ մամուլի աշխատանքը, միայն կցանկանայի, որ դեպքին գնահատական տալուց առաջ՝ ծանոթները, ընկերները փորձեն պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել։
Մի պարզաբանում եւս, «Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ։
-Իսկ իմպիչմենտի գործընթացին կմիանա՞ք։
-Ինչ վերաբերում է այն ստոր լուրերին, թե ես, իբր, հնարավոր իմպիչմենտի դեպքում դեմ եմ արտահայտվելու կամ ձեռնպահ եմ մնալու, ապա կարճ եւ հստակ ասեմ` ես կողմ եմ արտահայտվելու։
Եվ ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր իմանալով, որ իմ եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ շատ վաղուց անձնական եւ ոչ անձնական որեւէ հարաբերություն չկա, դիտավորյալ լուրեր են տարածում, թե մենք մտերմիկ հարաբերություններ ունենք։
Գուցե շատ ժամանակ անց այս եւ այլ միջադեպերի, ասեկոսեների, իմ դեմ արդեն շատ երկար՝ ամիսներ շարունակվող ուղղորդվող արշավի մասին մանրամասն անդրադառնամ, բայց հաստատ՝ ոչ հիմա։ Միայն մի խնդրանք, այս ամենի մեջ մի ներքաշեք հերոս տղերքի ծնողներին։ Դուք անարգանքի սյունին գամում եք՝ գամեք, բայց հանգի՛ստ թողեք իմ բախտակիցներին։ Առայժմ՝ այսքանը։
Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ