«ԵՐԹՈՒՂԱՅԻՆԻ» ԳՈՐԾՈՎ՝ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Երեւան քաղաքի բնակիչ Ս.Վ.-ի կողմից ԱԺ պատգամավոր Հ.Ասլանյանին վիրավորելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը խոչընդոտելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ:
Մասնավորապես, քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Երեւան քաղաքի հիշյալ բնակիչը, հասարակական տրանսպորտում թույլ տալով հակահասարակական վարքագիծ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել երկրի ղեկավարության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասցեին՝ հրահրելով ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն եւ թշնամանք:
Մասնավորապես՝ 2024 թվականի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Վ.-ն թիվ 42 երթուղային ավտոբուսում մոտենալով նույն ավտոբուսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հ.Ասլանյանին, տեսագրելով, այնուհետեւ համացանցում տարածելու նպատակով միացնելով բջջային հեռախոսի տեսախցիկը, այն ուղղել է դեպի Հ.Ասլանյանը եւ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ անպարկեշտ արտահայտություններով ստորացնելով վերջինիս, ինչպես նաեւ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հակադրվելով եւ անտեսելով հանրային տրանսպորտում գտնվող անձանց՝ վիճաբանությունը դադարեցնելու հորդորները, խախտել է այդ անձանց անդորրը եւ շարունակել վիճաբանությունը նաեւ իրեն դիտողություն արած անձանց հետ՝ արդարացնելով իր գործողությունները:
Ստեղծված իրավիճակի պատճառով երթուղային ավտոբուսի վարորդը ստիպված դադարեցրել է երթեւեկությունը եւ պահանջել, որպեսզի վիճաբանողները դուրս գան երթուղայինից:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ դեռեւս 2023թ. ապրիլին Ս.Վ.-ն, համացանցի տարբեր հարթակներում ուղիղ եթերով հեռարձակված հաղորդման ժամանակ, պատմել է, որ մի օր պատահաբար հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հ.Ասլանյանին, ում նկատմամբ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, որից հետո իրենց միջեւ սկսվել է խոսակցություն: Այնուհետեւ, երբ Հ.Ասլանյանը բարձրացել է երթուղային ավտոբուս, ինքը երթուղային ավտոբուսի մեջ գտնվող անձանց բարձրաձայն ասել է, որ նշված անձը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հ.Ասլանյանն է՝ քաղաքական հայացքներով պայմանավորված թիրախավորելով վերջինիս:
Նկատի ունենալով, որ վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներն առերեւույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ, նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն կատարելու նպատակով, միացվել է վերոհիշյալ՝ խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ս.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով եւ 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցությամբ 7.000.000 ՀՀ դրամի չափով գրավի:
Նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ՝ ՄԻՋԱԴԵՊԻ ԵՎ ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ մեր տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղային ավտոմեքենայում վիճաբանության մեջ մտած Սամվել Վարդանյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։
Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց նաեւ փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Քննչական կոմիտեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրել երկու իրար հակասող հատկանիշներով: Քրեական օրենսգրքի՝ խուլիգանության ու տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ ատելություն հրահրող հրապարակային խոսքի տարածման հոդվածներով։ Նա տնային կալանքի տակ է։
Սակայն, աղմկահարույց մյուս դեպքով սայլը տեղից չի շարժվում կամ, միգուցե, իրավապահները ջանասիրություն ցուցաբերել չեն ուզում։
Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո՝ ձերբակալված երիտասարդն իրեն այցելած պատգամավորներին ու փաստաբաններին պատմել էր՝ ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս՝ ապրիլի 15-ի գիշերը, իր նկատմամբ իրականացվել էր բռնություն։ Մասնավորապես՝ դիմակավորված 4-5 անձինք մոտեցել էին ոստիկանության մեքենային (իսկ այդ ժամանակ ոստիկանները գնացել էին՝ իրենց բնական կարիքները հոգալու), դաժան ծեծի էին ենթարկել Սամվել Վարդանյանին, իջեցրել էին տաբատը, թքել վրան։
Արդյունքում` բռնության մասին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հաղորդման հիման վրա` ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգում կատարելու հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ): Այս գործը ոչ մի կերպ չի բացահայտվում»։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ
Փաատաբան Գոռ Գեւորգյանը գրում է Իրազեկում. «Միանում եմ փաստաբանների կողմից հայտարարած գործադուլին եւ երկուշաբթի չեմ մասնակցելու դատական նիստերին ու չեմ ներկայանալու որեւէ պետական կառույց, դրանով իմ բողոքի ձայնն եմ բարձրացնելու փաստաբանների հարկային բեռի բարձրացման եւ անվճար իրավական օգնության տրամադրման արգելքի դեմ։

ԻՆՉԻ՞ ԴԻՄԱՑ ԵՆ ԳՆԴԱՊԵՏՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆ ՏԱԼԻՍ
Մայիսի 15-ին, երբ Ազատության հրապարակում թեժ էր, Պն-ում կադրային փոփոխությունների ալիք էր սկսվել: Միգուցե այդ ճանապարհով Պն-ն ցանկանում էր համակարգում հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններով «լռեցնել» գնդապետներին:
Սակայն, այս նշանակումների մեջ ամենաուշագրավն այն է, որ նոր պաշտոնի նշանակվածներից ոմանք դեռեւս 3 տարի առաջ պահանջում էին նիկոլ Փաշինյանի հրաժարականը. իսկ հիմա ամեն ինչ մասին՝ ամենասկզբից:
Պատերազմից մեկ տարի հետո՝ 2021 թվականի փետրվարի 25-ին, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ու այդ հրաժարականին միացել էին Պն մի շարք գնդապետներ, գերերալներ ու վարչության պետեր:
ՀՀ վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում:
ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:
ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուս ուսի մարտնչել թշնամու դեմ:
Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:
Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ:
Եվ ահա, այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սմբատ Վոլոդիայի Գրիգորյանը, որին ՊՆ-ն մայիսի 15-ին նոր պաշտոն է տվել: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի եւ 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սմբատ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից». – նշված է հրամանագրում:




Լրահոս