Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի եւ մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը. Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարությունը:
Արբեջանական դատարանը հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախնական կալանքի ժամկետը։ Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ից ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում։
Ութ ամիս շարունակ Ադրբեջանի իշխանություններն արհամարհել են միջազգային իրավունքը եւ մարդկային արժանապատվությունը՝ Ռուբեն Վարդանյանին պահելով անազատության մեջ՝ առանց դատավարության եւ պատշաճ գործընթացի։
Նրանք շարունակում են հրաժարվել հայտնել, թե երբ տեղի կունենա պատշաճ դատավարություն կամ լսումներ` իրենց, այսպես կոչված, «մեղադրանքների» հիման վրա: Վարդանյանի կալանքը եւս հինգ ամսով երկարաձգելու այս որոշումը՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգի, մարդու հիմնարար իրավունքների եւս մեկ կոպտագույն խախտում է:
Մինչ Եվրախորհրդարանի բանաձեւի, ԱՄՆ Կոնգրեսի պատժամիջոցների մասին օրինագծի եւ Ֆրանսիայի Սենատի բանաձեւի միջոցով շարունակվում է ուժգնանալ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումները, մենք՝ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ կառավարությունների, բիզնեսի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, պահանջել Ռուբեն Վարդանյանի եւ մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը, եթե Ադրբեջանը ցանկանում է պահպանել COP 29-ը հյուրընկալելու արտոնությունը, որն Ադրբեջանը հռչակել է որպես «Խաղաղության համաժողով»։
«Խափանման միջոց կալանքի բազմակի երկարաձգումները՝ առանց գրավի դիմաց ազատ արձակելու մերժումը հիմնավորելու անհատականացված ու կոնկրետ որոշման, Ռուբեն Վարդանյանի իրավունքների հերթական կոպտագույն խախտումն է՝ համաձայն Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, որին Ադրբեջանն անդամակցում է։
Կալանքի ժամկետի երկարաձգումների միակ բացատրությունն այն է, որ այս գործը քաղաքական է, եւ որ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի դեմ որեւէ փաստացի ապացույց չունի՝ նրան դատապարտելու համար։ Հետեւաբար, նա պետք է անհապաղ կերպով եւ անվերապահորեն ազատ արձակվի»,- ասել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը։
ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ԵՌՕՐՅԱ ԱՅՑՈՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ Է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին:
Խորհրդաժողովին կմասնակցեն աշխարհի տարբեր պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, գիտական եւ ստեղծագործական հանրույթի ներկայացուցիչներ:
Համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես կգա զեկույցով, ինչպես նաեւ կվարի խորհրդաժողովի հերթական սեկցիան՝ «Մախթումկուլի Ֆրագի եւ համաշխարհային մշակույթ» թեմայով:
Թուրքմեն անվանի բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովի միջոցառումներն իրականացվում են Թուրքմենստանի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության շրջանակում:
ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
«Ամիօ բանկ» ՓԲԸ եւ ԿԳՄՍ նախարարության միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ:
Հուշագիրը ստորագրել են Ամիօ բանկի Կորպորատիվ կենտրոնի տնօրեն Ազամատ Խակույը եւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ազամատ Խակույը հուշագրի ստորագրումը համարում է պատմական իրադարձություն, որը պետություն եւ բիզնես համագործակցության միջոցով ստեղծում է նոր չափանիշներ ու հնարավորություններ, ինչը չափազանց կարեւոր եւ պատասխանատու աշխատանք է:
«Մեր այս առաջին փոքրիկ քայլն այն բանի ապացույցն է, թե որքան ենք մենք հավատում Հայաստանի ապագային: Այս քայլն առաջին հերթին նշանակալից ներդրում է մարդկային կապիտալում, ովքեր վաղը ստեղծելու են իրենց երազած ապագան Հայաստանի համար: Շնորհակալություն եմ հայտնում, եւ վստահ եմ, որ այս համագործակցությունը կընդլայնվի»,- ասել է Ազամատ Խակույը:
«Կրթությունը եւ մարդկային կապիտալի զարգացումը պետության առաջընթացի առաջնային գործոններ են, եւ շատ կարեւոր է, որ մասնավոր հատվածը եւս ներդրում է կատարում այս ոլորտում՝ համահունչ պետական քաղաքականությանը: Հույս ունենք՝ ձեր օրինակը կլինի վարակիչ այլ տնտեսվարողների համար եւս»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
«Ամիօ բանկն» իրականացնում է իր առաջին մասշտաբային բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ տարբեր բուհերի սոցիալապես խոցելի խմբերի բարձր առաջադիմությամբ մինչեւ 25 ուսանողների կտրվի կրթաթոշակ
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ Amio Era-ի ինստագրամյան էջում:
Կրթությունը հնարավորություն է…
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ «ՇՈՒՍՏՐԻՈՒԹՅՈՒՆ» Է ԱՐԵԼ
Ադրբեջանն իր համար պատմություն է հորինում, իրեն վերագրում հայերի եւ աղվանների կառուցած հին վանքերն ու եկեղեցիները, իսկ ՀՀ կառավարության տարածքային ստորաբաժանում հանդիսացող Տավուշի մարզպետարանը, գոնե խոսքով, տեր չի կանգնում Տավուշի մարզի պատմական հին, շատ նշանավոր հուշարձաններին։ Տավուշում ամենահին պատմական կոթողը սահմանամերձ Բարեկամավան գյուղի հռչակավոր Բարձրյալ Խաչ նախաքրիստոնեական շրջանի բազմանիստ աշտարակաձեւ դամբարան է: Այդ նշանավոր կոթողը, ինչպես նաեւ 7-դարի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Բերդավանի Ղալինջաքար ամրոցը, Նոր Վարագավանքը, Խորանաշատը, Կողբի Մշկավանքը, Տվարաեղցին, Տավուշ բերդը եւ բազում այլ հայտնի պատմական հուշարձաններ բացակայում են Տավուշի մարզպետարանի ինտերնետային պաշտոնական կայքում «Ընդհանուր տեղեկություններ» խորագրի ներքո զետեղված` Տավուշի մարզի պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ տեղեկատվությունից, ուր տեղեկություններ կան միայն Հաղարծին վանական համալիրի, Գոշավանքի, Մակարավանքի, Կապտավանքի, Լաստիվեր քարանձավի (Անապատ), Դեղձնուտի վանքի, Ջուխտակ վանքի, Մաթոսավանքի, Աղջկաբերդի, Կիրանցի վանական համալիրի, Սրվեղի վանքի մասին։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք արել՝ հարցնելով, թե մարզպետարանի ինտերնետային կայքի «Ընդհանուր տեղեկություններ» բաժնի «Տավուշի մարզի պատմամշակութային հուշարձանները» ենթաբաժնում ինչո՞ւ տեղեկություններ չկան Բարձրյալ Խաչի, Բերդավանի Ղալինջաքար ամրոցի, Խորանաշատի, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու, Կողբի Մշկավանքի, Տավուշ բերդի եւ այլ նշանավոր հուշարձանների մասին։ Մարզպետարանից պատասխանել են. «ՀՀ կառավարության 2004թվականի դեկտեմբերի 30-ի N929 Ն որոշմամբ հաստատված ՀՀ Տավուշի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը ներառում է 1996 հուշարձան, որը հնարավոր չէ ամբողջությամբ ներբեռնել կայքում։ Ուստի մարզի հուշարձանների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքում տեղադրված հղումով»։ Նախկինում այդ հղումը չկար, մեր տեղեկատվական հարցումից հետո ավելացրել են հղում, որը սեղմելուց հետո՝ բացում է «Վիքեպեդիայի»՝ «Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ» էջը։ Տավուշի մարզպետարանի կայքում մարզի պատմության եւ մշակույթի հուշարձանները փոքր ծավալով են ներկայացված՝ մի քանի էջով. մարզպետարանի կայքում ինչո՞ւ չի ավելացվում տեղեկատվություն՝ մարզի շատ նշանավոր, արժեքավոր հուշարձանների մասին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ