ArmLur.am-ը ուսումնասիրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած պաշտոնատար անձի 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։
Այսպիսով, պարզ դարձավ, որ Հակոբ Ասլանյանը Ազգային Ժողովի աշխատակազմից որպես աշխատանքի վարձատրություն ստանում է տարեկան 10 մլն 751 հազար դրամ։ Ասլանյանը ֆինանսական միջոցներ է ստանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից որպես կենսաթոշակ տարեկան 825 հազար դրամ, այն ամսեկան կազմում է գրեթե 68 հազար դրամ։ Ասլանյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն դրամ, բանկային ավանդները 1 մլն դրամ և 6 հազար ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ ավելանալով գրեթե 3 հազար ԱՄՆ դոլարով։
Ասլանյանը համեմատած մյուս ՔՊ-ականների հետ համեստ կյանքով է ապրում։ Պատգամավորն ունի 1 բնակարան Երևանում` ձեռք բերված դեռ 1986 թվականի հուլիսի 1-ին, նույն բնակարանի համասեփականատեր է նաև պատգամավորի կինը՝ Ալվարդ Խաչատրյանը։
Բնակարանը, որը գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում, նախորդ տարվա հայտարարագրում ձեռք էր բերվել 1987 թվականի օգոստոսի 28-ին։ Սա վրիպակ է, թե՝ սխալմունք, չենք կարող ասել։
Պատգամավորի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 400 հազար դրամ։
Ասլանյանի կնոջ բանկային ավանդները կազմել են 1 մլն 200 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել է 500 հազար դրամ, հաշվետու տարվա եկամուտները կազմել է 612 հազար դրամ, որը կենսաթոշակ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Կնոջ բանկային ավանդները 2022 թվականից հետո ավելացել են և 2023 թվականին զրոյիղ դարձել 1 մլն 200 հազար դրամ։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում երիտասարդ Սամվել Վարդանյանը, տեսնելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան թիրախավորել էր՝ անվանելով «ժեխ բիձա», «դավաճան»: Դեպքից հետո նրան ձերբակալեցին, իսկ քննչականից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին՝ երիտասարդին դիմակավորված բանդան ծեծել էր, խոշտանգել, սեռական նվաստացման ենթարկել: Սկզբում Հակոբ Ասլանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, որ Սամվել Վարդանյանի դեմ բողոք չի ներկայացնի, սակայն մեկ օր անց ակնհայտ քաղաքական որոշման արդյունքում կայացված որոշումից հետո Հակոբ Ասլանյանը հաղորդում ներկայացրեց Սամվել Վարդանյանի դեմ։
Էմմա Միքայելյան