Այսօր՝ մայիսի 21-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ կարծիք ունի խմբակցությունը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին, ասաց.
«Թե՛ խմբակցությունը, թե՛ քաղաքական թիմն առհասարակ մշտապես քննարկում է ներքաղաքական, արտաքին քաղաքական իրավիճակը: Ռոբերտ Քոչարյանի հերթական քաղաքական պայքարը «սրբազան» կոչելն ինչքանով է օգնում այդ պայքարին, բայց եթե իմ տեսակետն եք ցանկանում լսել, խորհուրդ կտամ Քոչարյանի հերթական քաղաքական պայքարը «սրբազան» չանվանել: Դա ավելի շատ կոմիկ դաշտ է տեղափոխում այս ամեն ինչը»:
ArmLur.am-ը կապ հաստատեց շարժման աջակից, երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչպե՞ս է նա վերաբերվում այս հայտարարությանը, վերջինս պատասխանեց.
«Իսկ եթե Վահագն Ալեքսանյանը վերջում տեսնի, որ Քոչարյանը չի, ի՞նչ է ասելու: Ինձ համար քիչ է հետաքրքիր Քոչարյանը կա թե չկա, ես գիտեմ, որ չկա, գիտեմ, որ սրբազանն է, հարցը այն է, որ մենք ունենք ադրբեջանական իշխանություն, իրենց բլոգերները ադրբեջանական դրոշով են հանդես գալիս արդեն, Նատալի Ալեքսանյանը նույն Վահագնի ազգանվանակից բլոգերը իր հետևի պատին Նիկոլ Փաշինյանի, Ալիևի, իր և Ադրբեջանի ու Ուկրանիայի դրոշի լուսանկարներով է, եթե իրենք չեն թաքցնում, որ ադրբեջանամետ են, ապա Քոչարյանը կապ ունի թե չունի, ինձ չի հետաքրքրում, իսկ ես գիտեմ, որ չունի:
Ինձ հետաքրքիր է, երբ սրբազանը ի վերջո հայտարարի, որ վարչապետի թեկնածուն մի մարդա, ով որևէ կապ չունի Քոչարյանի հետ, այդ ժամանակ ի՞նչ է անելու»:
Էմմա Մարտիրոսյան