Ալիևը մանրամասնել է, թե ինչ են խոսել ինքն ու Ռաիսին վերջին անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է մայիսի 19-ին Ադրբեջանում տեղի ունեցած իր և ավիավթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի վերջին հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին։

«Ինչպես գիտեք, մինչ ողբերգությունը մենք միասին անցկացրել ենք ավելի քան երկու ժամ։ Մեկ ժամից ավելի տևած երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ կարևոր հարցեր։

Հերթական անգամ հաստատվեցին Իրան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման ապագա ուղղությունները, և կրկին դրսևորվեց երկու կողմերի ամուր քաղաքական կամքը։ Միաժամանակ մենք մտքերի լայն փոխանակություն ունեցանք կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի շուրջ, և ընդունվեցին կարևոր որոշումներ։

Վստահ եմ, որ մարդիկ, ովքեր մասնակցել են այդ հանդիպմանը, դա կներկայացնեն Իրանի նոր ղեկավարության ուշադրությունը։

Ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, վստահ եմ, կիրականացվեն, քանի որ դա հիմնված է իրանցի և ադրբեջանցի ժողովուրդների կամքի վրա, և հանգուցյալ նախագահ Ռաիսիի հետ զրույցի ընթացքում մենք արտահայտեցինք մեր հաստատակամ կամքը, որ ապագայում կլինեն շատ խոշոր նախագծեր՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով»,- մանրամասնել է Ալիևը։

Ուղղաթիռի կործանումը տեղի էր ունեցել մայիսի 19-ին, երբ Ռաիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից։ Այդ օրը նրանք մասնակցել էին Արաքս գետի վրա Խուդաֆերին և Գիզ Գալասի ջրատարների բացման արարողությանը։




Լրահոս