
Singapore Airlines ավիաընկերության՝ Լոնդոնից Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 70-ը, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Բանգկոկի հիվանդանոցը, որտեղ տեղափոխվել են տուժած ուղևորները։
«Հիվանդանոցից հայտնել են, որ ընդհանուր առմամբ բուժման է ուղարկվել 71 մարդ, որոնցից վեցի վիճակը ծանր է»,- գրում է գործակալությունը։
Ավելի վաղ Singapore Airlines-ը հայտնել էր, որ Boeing 777-300ER ինքնաթիռով Լոնդոնից Սինգապուր չվերթի ժամանակ ուժեղ տուրբուլենտության պատճառով մեկ մարդ զոհվել է, շատերը տուժել են։ Ինքնաթիռը շեղվել է դեպի Բանգկոկ, որտեղ բարեհաջող վայրէջք է կատարել։ Սինգապուրի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ քննիչներ կուղարկի Բանգկոկ: