Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» ռազմական գործողության նախապատրաստման աշխատանքներում մեծ դերակատարում ունեցող ռազմական գործիչ Արկադի Տեր-Թադևոսյանը կդառնար 85 տարեկան:
Հայաստանի զինված ուժերի գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է Հայոց Ցեղասպանությունից հետո Անիի մայր տաճարի դիմաց՝ Արաքսի հայաստանյան ափին գտնվող Խարկով փոքրիկ գյուղում հաստատված, ապա աքքսորից խուսափելու համար Թիֆլիսում հաստատված Տեր հոր ընտանիքում:
Ավարտելով Բաքվի զինվորական ուսումնարանն ու Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան՝ Կոմանդոսը նախ ծառայության է անցնում Գյումրիում, հետո՝ Երևանում՝ միաժամանակ դասախոսելով գյուղատնտեսական ինստիտուտում՝ որպես ռազմական ամբիոնի դասընթացակարգի պետ։
Կոմանդոս անունով հայտնի զինվորականն իր ծառայությունը ԽՍՀՄ բանակում անցել է Աֆղանստանում, Գերմանիայում, Խեխոսլովակիայում և Բելառուսում:Արցախյան շարժման տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների մարզման գործում։
1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ և մեկ տարի անց նշանակվել Հայաստանի պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։
1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Կոմանդոսի հրամանատարությամբ իրականացված ռազմական գործողության շնորհիվ ազատագրում են ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին Արկադի Տեր-Թադևոսյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» ռազմական գործողության նախապատրաստման աշխատանքներին:
Կոմանդոս անունով Արկադի Տեր-Թադրոսյանին կոչել են զինակից ընկերները Արցախում՝ որպես առաջնորդ, ում խոսքով շարժվել են գործողութունների ժամանակ։ Տեր-Թադևոսյանին կոչել են նաև «Լեռնային աղվես»։ Այս անունը կապված է գործողության հետ, որն իրականացրել են Արցախի լեռնային անտառներում՝ գյուղերը պաշտպանելիս։ Պատմում են, որ Կոմանդոսը լեռնային տարածքներում շատ արագ կողմնորոշվելու շնորհիվ կարողացել է տարբեր կողմերից հարվածներ հասցնել թշնամուն, ու վերջիններիս թվացել է, թե սարերում հայկական բազաթիվ ջոկատներ են գործում։
Իր կյանքի ընթացքում ունեցած ռազմական գործողությունների համար պարգևատրվել է առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Հայաստանի զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար 2021 թվականի մայիսի 8-ին հետմահու պարգևատրվել Հայրենիքի շքանշանով:
Հուրի Բաղդասարյան