
Երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանն ազատ է արձակվել։ Այս մասին հայտարարություն են տարածել նրա փաստաբաններ Արամ Վարդևանյանը, Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը։
«Դատարանը մերժեց քննիչի [կալանավորման] միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղեւոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից», – ասված է պաշտպանների հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր՝ Հ.Ղ.-ն (Հրաչյա Ղևոնդյան-խմբ․) քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ նպատակադրվել է զավթել իշխանությունը, այն է՝ մի խումբ անձանց հետ գրավել ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ ոստիկանության շենքերը, ինչպես նաև՝ բռնություն գործադրելու միջոցով տիրանալ Ազգային ժողովի և Կառավարության լիազորություններին, նպատակն իրականացնելու համար դիտավորությամբ ստեղծել են պայմաններ, այդ թվում՝ դիտարկել 2024 թվականի մայիսի 26-ին նախատեսվող հանրահավաքին այն իրագործելու հարցը։
Հայկ Ղևոնդյանի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել, որ «ձայնագրության մեջ լսվող ձայնը Հ. Ղևոնդյանինը չէ, հաջորդիվ այն հեռախոսահամարը, որով իբր թե կատարվել է խոսակցությունը «Ավտոատվետչիկ» է և գոյություն չունի, հետևաբար մեղադրանքը ամբողջությամբ հորինվածք է»։
Ավելի ուշ Ղևոնդյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել։