Հիսուս Քրիստոսից մինչև Պապ Թագավոր. ու՞մ հետ է իրեն համեմատել այս տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրում է հաճախ իրեն համեմատել Աստծո, Հիսուս Քրիստոսի և պատմական տարբեր կերպարների հետ: Իր ելույթներում բազմիցս Փաշինյանն ՔՊ-ին համեմատել է Աստծո իշխանության հետ, իսկ իրեն՝ Հիսուս Քրիստոսի:

Այսպիսով՝ դեռ 2019թ-ին Նիկոլ Փաշինյանն կառավարության նիստի ժամանակ իրեն համեմատել էր Հռոմի պապի հետ.

«Նախարարություններ կան, որ նույնիսկ ճիպոտով տեղից հնարավոր չի շարժել: Մենք ունենք նախարարություններում լիքը պարապ մարդիկ, որոնց միակ ակնկալիքն այն է, թե երբ է գալու ժամը լրանալու, որ գնան տուն։ Եվ պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել, տվյալ դեպքում, Հռոմի պապը ես եմ։ Եկեք ձև չանենք, թե ունենք ռազմավարություն մշակելու պոտենցիալ»,-նշեց նա։

Նախորդ տարի ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն իր իշխանությանը համեմատել էր Աստծո հետ՝ հայտարարելով՝ եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ` լավ չեն Աստծո հետ։

Այս տարի մարտի 31-ին էլ Նիկոլ Փաշինյանը Արտաշատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հիսուս Քրիստոսի ուղին համեմատել էր այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը։

«Ինձ համար պակաս կարևոր չէ Հիսուս Քրիստոսի քաղաքական ընկալումը, որովհետև Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստծո որդին է, այլև առաջնորդի իդեալական կերպար և իմ ընկալմամբ նաև երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը, որը ակնհայտորեն շատ բան է փոխել իր գործունեությամբ»,-իր խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա համեմատականներ է տարել իր կուսակցության հետ եւ ասել, որ իրենց կուսակցությունը մի քանի անգամ «մեռել է» եւ բազմիցս «հառնել»:

Երեկ էլ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հերթական համեմատությունն արեց՝ հայտարարելով՝ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը Պապ թագավորի երազանքի իրագործումն է.

«Պապ թագավորն այլևս չի սպանվելու։ Դա ես երաշխավորում եմ. ինչ վեղար էլ հագնեն, քանի կիլոգրամանոց խաչ դոշներից կախեն, Պապ թագավորը չի սպանվելու։ Այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է, և էդ երազանքն այլևս չի կարող սպանվել, սա է մեր քաղաքական առաքելությունը»,– եզրափակել էր նա:

Ք․Մ․




Լրահոս