Գիտնականները պարզել են՝ սննդամթերքի որ տեսակներն են բացասաբար անդրադառնում երեխաների սրտանոթային համակարգի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանացի գիտնականները պարզել են, որ ճարպերի, աղի, շաքարի և ածխաջրերի պարունակությամբ և լուրջ վերամշակում անցած սննդամթերքի հաճախակի գործածությունը բարձրացնում է երեք տարեկան և ավելի բարձր տարիքի երեխաների մոտ սրտանոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը: Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Jama Network Open ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 3-6 տարեկան 1500 երեխա։ Գիտնականները խնդրել են նրանց ծնողներին հայտնել, թե սովորաբար ինչ քանակությամբ վերամշակում անցնած մթերք են օգտագործում երեխաները: Խոսքն արդյունաբերական պայմաններում արտադրվող սննդի մասին է, որին մեծ քանակությամբ շաքար, աղ, ճարպ, արհեստական գունանյութեր և պահածոյացնող նյութեր են ավելացվում։ Սննդամթերքի նման տեսակների շարքին են դասվում արագ սնունդը, չիպսերը, սառեցված կիսաֆաբրիկատները, գազավորված քաղցր ըմպելիքները, վերամշակված միսը, պանիրը, տորթերն ու թխվածքաբլիթները:

Գիտնականները պարզել են, որ մեծ քանակությամբ նման մթերք օգտագործող երեխաների մոտ ավելի բարձր է մարմնի զանգվածի ինդեքսն ու օրգանիզմում ճարպերի մակարդակը, իսկ գոտկատեղի չափն ավելի մեծ: Բացի այդ, նրանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ևս ավելի բարձր է:

Բացի այդ, պարզվել է նաև, որ արագ սննդի, պաղպաղակի և ճարպոտ մթերքի չարաշահումը կապված է երեխաների արյան մեջ բարձ խտության լիպոպրոտեինների կամ «լավ» խոլեստերինի մակարդակի նվազման հետ, իսկ այս տարրն օգնում է պահպանել սրտամկանի առողջությունը: «Լավ» խոլեստերինի մակարդակի նվազումը կարող է մեծացնել սրտի կորոնար հիվանդության հավանականությունը:

Գիտնականներն ընդգծում են նաև, որ երեխաների մոտ սրտանոթային հիվանդությունների զարգացմանը նպաստող հավելյալ գործոն կարող է հանդիսանալ ավելորդ քաշը, որը կուտակվում է նման անառողջ սննդի չարաշահման դեպքում։




Լրահոս