«Սա քաղաքական պատվեր է, քիչ անց դատարանը քննելու է գործը»․ փաստաբանը՝ Ասկերանի քաղաքապետի ձերբակալության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում հայտարարեց, որ ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը։

ArmLur.am-ը կապ հաստատեց Ռուբեն Մելիքյանի հետ՝պարզելու դեպքի մանրամասները։

Մեր հետ զրույցում Մելիքյանն ասաց, որ այսօր ժամը 12-ին դատարանը քննելու է գործը, կալանքի միջնորդություն է ներկայացվել։

«Վարույթը նախաձեռնվոլ է երեկ չէ առաջին օրը՝ մայիսի 22-ին, այն բանից հետո երբ պարոն Շամիրյանն ու այլ Արցախի ներկայացուցիչներ հանդիպում ունեցան Բագրատ Սրբազանի հետ։ Պարոն Շամիրյանը նաև, կարծում եմ, մասնակցություն է ունեցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այլ միջոցառումների, որովհետև անունը ինձ ծանոթ է բերման ենթարկվածների ցուցակներից, այս ընթացքում տասնյակ ու հարյուրավոր բերման ենթարկվածների ցուցակներից նրա անունն ինձ ծանոթ էր»,- ասաց Մելիքյանը։

Ռուբեն Մելիքյանն ընդգծեց, որ սա ուղիղ քաղաքական պատվեր է և չէր կարող սա քաղաքական պատվեր չլինել։

«Սա ուղիղ քաղաքական պատվեր է, այն չէր կարող քաղաքական պատվեր չլինել։ Մի գործով էլ ասեմ, հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել է ոստիկանությունը, այսինքն ոչ թե ինչ-որ քաղաքացի, այլ՝ ոստիկանությունը։  ՀՀ իշխանությունները պաշտոնապես հրաժարվելով Արցախից, հիմա փորձում են ինչ-որ հավակնություններ ներկայացնել Արցախի պետության կողմից Ասկերան համայնքին վստահված գույքի հետ կապված։ Ես դա  երեկ գնահատեցի և որակեցի բարոյական առումով դիակապտություն, ՀՀ իշխանություններն այս գործով իրականացնում են դիակապտություն, այսինքն՝ իրենց սպանված եղբոր գրպաններն են մտել և այնտեղ տեսնում են, թե ինչ կա արժեքավոր։ Սա է անում իրեն չակերտավոր Պապ թագավորի տեղը դրած անձնավորության քաղաքական թիմը»,- ընդգծեց Մելիքյանը։

Ռուբեն Մելիքյանը նաև նշեց, որ այս կերպ փորձում են վախեցնել հանրահավաքներին մասնակցողներին, միակ նպատակը դա է։

Աննա Սրապիոնյան




Լրահոս