«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, կիրակի օրը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մեծ հանրահավաք է հրավիրել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շարժման առաջնորդներն արդեն տեւական ժամանակ է՝ պատրաստվում են հանրահավաքին:
Շարժմանը աջակցություն հայտնած խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի մեջ կա կոնսենսուս՝ պետք է ուժերը համատեղել, որպեսզի հանրահավաքն իսկապես աննախադեպ եւ հուժկու լինի: Քաղաքական դաշտը համախմբվել է «կոնսոլիդացիա -1» սկզբունքով:
Այդ օրը հանրահավաքի հարթակից հայտարարվելու է նաեւ ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածուի անունը. ինչպես օրեր առաջ քաղաքական տարբեր ուժերի հետ կայացած հանդիպման ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել՝ թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Անկախ նրանից՝ անգամ Ամենայն հայոց Կաթողիկոսը կօրհնի նրա թեկնածությունը, թե ոչ, միեւնույնն է, կոնսոլիդացիան սրբազանի շուրջ է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր շարժումը մտադիր է այդ օրը հայտարարել նաեւ փողոցային պայքարի վերսկսման, նոն-ստոպ արվող գործողությունների մասին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: