Մայիսի 24-ին, ժամը 12:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում՝ Մասիս քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է գազատարին, առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Այնթափ գյուղի մոտակայքում, «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Է. Ա., ծնված 2005 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց (մոտ 10 մետր), բախվել գազատար խողովակին և գլխիվայր շրջվել. գազատար խողովակից առկա է գազի արտահոսք:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, և երկու ուղևորներ՝ Ս. Մ.-ն (ծնված 2007 թ.) և Գ. Ս.-ն (ծնված 2007 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, իսկ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից դադարեցվել է գազատար խողովակից գազի արտահոսքը:
Մեքենան ուղղվել է հատուկ տեխնիկայի միջոցով։