Ուզբեկստանի նախագաhի դուստր Գյուլնարա Քարիմովան նամակով դիմել է լրատվամիջոցներին և հայտնել, որ 15-ամյա դստեր հետ գտնվում է տնային կալանքի տակ:
«Ես և իմ դուստրը որպես պատանդ պահվում ենք իմ սեփական տանը: Սկզբում մեզ զրկեցին ուտելիքից մի երկու օրով, այնուհետև՝ հեռուստատեսությունից և աշխարհի հետ կապից: Ես ուժեղ հոգեբանական ճնշման տակ եմ, ծեծված եմ: Կարող եք հաշվել իմ ձեռքերի կապտուկները», -գրում է նախագահի դուստրը:
Նամակում ներկայացվում է տնային կալանքի տակ հայտնվածների կյանքը, ամենօրյա սպառնալիքները, ոստիկանության տեսախցիկների օգնությամբ իրականացվող հսկողությունը:
Նամակի վերջում Քարիմովան հույս է հայտնում, որ իր հոր մոտ կհաղթի առողջ բանականությունը, և նա իրեն «պարզապես բաց կթողնի երեխաների հետ ապրելու»:
BBC-ի տվյալներով՝ նամակի համեմատումը Քարիմովայի ձեռագրի նմուշների հետ թույլ է տալիս եզրակացնել, որ նամակի հեղինակն իրոք Գյուլնարա Քարիմովան է: Նրան համարում էին հոր` Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի ամենահավանական հետնորդը: Սակայն անցած նոյեմբերին Քարիմովային մոտ կանգնած կոմերցիոն և հասարակական կազմակերպությունները ենթարկվեցին ճնշման իշխանությունների կողմից: Նրա հիմնադրամը փակվեց, ինչպես և՝ նրա կողմից վերահսկվող հեռուստա և ռադիոկայանները, Տաշքենդում նրան պատկանող խանութները, իսկ նրա մտերիմներից ոմանց ձերբակալել են: