Ամբողջ աշխարհը պետք է հասկանա՝ Հայաստանում ինչ բարքեր են տիրում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Երեկ ամբողջ օրը պատգամավորներին հետապնդել են: Դաշտերով ու ձորերով հասել ենք Կիրանցի մատույցներ, մեր կյանքին էլ վտանգ է սպառնացել, երկինք են բարձրացրել անօդաչու թռչող սարքեր, ԱԱԾ եւ ոստիկանական ստորաբաժանումները մոտավորապես 10 շղթա էին կազմել, կարծես գեղարվեստական ֆիլմ նկարեին, ամոթ է».- ասաց պատգամավորը:
Գառնիկ Դանիելյանը շեշտեց, որ երեկ էլ քաղաքացիները ցանկանում էին Սրբազան հոր հետ շփվել, ծանր հոգեբանական վիճակում էին գտնվում:
«Վրաստանից գալիս են՝ խնդիր չկա, Իրանից գալիս են՝ խնդիր չկա, Ռուսաստանից գալիս են՝ խնդիր չկա, խնդիրը մե՞նք ենք: Մենք հասկանում ենք, որ Ալիեւը որոշել է, որ մենք չպետք է մտնենք, այստեղի աշխատողներին ասել է, որ թույլ չտան՝ մտնենք: Դպրոցի շրջակայքում էլ է սյուն տեղադրվել, եթե սյուներով նայենք, գյուղը կիսվում է երկու մասի՝ մի կողմը հայկական է լինելու, իսկ մյուսն ադրբեջանական, բայց այդտեղ ոչ մեկը չի ապրելու».- ընդգծեց նա:
Պատգամավորի խոսքով՝ խնդիրն այն է, որ ապօրինի գործողություն է իրականացվում, ու թույլ չեն տալիս գյուղ մտնել:
Հիշեցնենք՝ մայիսի 15-ին՝ Կիրանցում սահմանազատման գործընթացի վերաբերյալ ԱԳՆ հաղորդագրությունից հետո, կիրանցեցիները կրկին ճանապարհը փակել էին:
Ոստիկանական ուժերը երեկ ընդդիմադիր պատգամավորների եւ մշակութային մի շարք գործիչների արգելում էին մտնել Կիրանց:
Ընդդիմադիր պատգամավորներին այլընտրանքային ճանապարհով հաջողվեց հասնել գյուղ: Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԿԻՐԱՆՑՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ Է ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺԸ
Արման Թաթոյանի գրառում է արել Կիրանցում տեղի ունեցող դեպքերի մասին՝ նշելով. «Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում», որ վերաբերում է մեր երկրի պետական սահմանի, մեզանից յուրաքանչյուրի անվտանգությանը:
Կիրանցում ոստիկանները կամայական որոշումներով են սահմանափակել քաղաքացիների, գյուղերի բնակիչների ու մասնագիտական աշխատանք կատարող լրագրողների ազատ տեղաշարժը, առանց իրավական կանոնների ստեղծված են ոստիկանական ինչ-որ անցակետեր, եւ մարդկանց տեղաշարժը թույլ են տալիս սեփական հայեցեղությամբ։
Առանց որեւէ բացատրության ու հիմքերի է տեղի ունենում պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատումը», որի կանոնակարգի նախագիծ անգամ գոյություն չունի։
Պետական սահմանին եւ սահմանային անվտանգության հարցերը վերաբերում են մեզանից յուրաքանչյուրին եւ առաջնահերթ՝ սահմանային բնակիչներին, նրանց կենսական իրավունքներին. ցանկացած սահմանափակում պահանջում է հանրային հաշվետվություն ու իրավական պատշաճ հիմնավորում:
Մինչդեռ, լրագրողների մասնագիտական աշխատանքը, մարդկանց ազատ տեղաշարժը խոչընդոտելով՝ թաքուն ու անհաշվետու իրագործվում են անօրինական որոշումներ»։
ՇԱՐԺՈՒՄԸ ԴՐԱԿԱՆ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
«Նոր ուժ» կուսակցության հիմնադիր եւ նախագահ Հայկ Մարությանը սոցցանցի իր էջում գրում է.
«Սիրելի ժողովուրդ,
Մեր գնահատականը Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի վերաբերյալ հնչեցրել ենք դեռեւս մայիսի 1-ին՝ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության հիմնադիր համագումարին։ Այդ գնահատականը հետեւյալն է.
2021-ի ընտրություններով ձեւավորված կառավարության խոսույթը մի քանի անգամ էական փոփոխությունների է ենթարկվել մեր երկրի առաջ ծառացած ամենակենսական խնդրի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում։ Սկսած Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես «կարմիր գիծ» ճանաչելուց, մինչեւ Արցախի իսպառ ուրացում, սկսած Եվրաինտեգրացիայի խոստումներից, մինչեւ Աստանա եւ «ռեգիոնալիզացիա»։ Հետեւաբար, նրանց հռչակած որեւէ սկզբունք ու «կարմիր գիծ» այսօր ոչ մի հավատ չի ներշնչում։ Իշխանություն, որն այս տարիների ընթացքում հազար ու մի սահման է խախտել, հազար ու մի խոստումից հետ կանգնել, այդ իշխանությունն այլեւս կորցրել է Հայաստանի ճակատագրին վերաբերող հարցերով զբաղվելու լեգիտիմ իրավունքը։
2021-ի ընտրության ժամանակ ՔՊ-ին տված քվեն այլեւս առ ոչինչ է։
Գործող իշխանությունը չունի բավարար կոմպետենտություն, գիտելիքներ եւ կարողություններ՝ այս կարեւորագույն հանգրվանում Հայաստանն առաջնորդելու համար։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան։
Անրադառնամ նաեւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ իր հետ հանդիպելու հրավերին։ Նախ, շնորհակալ եմ Սրբազանին հրավերի համար եւ սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդի եւ սիրված հոգեւորականներից մեկի հետ՝ իմ հարգանաց հավաստիքը նրան անձամբ փոխանցելու եւ, ինչու ոչ, զրուցելու «չարի ու բարու, ստի եւ ճշմարտության» (ինչպես Սրբազանն է ասում) կամ «սեւ ու սպիտակ ուժերի» (ինչպես ես եմ ասում) մշտարդիական պայքարի մասին։
Ինչ վերաբերում է Սրբազանի գլխավորած քաղաքական պայքարին, ապա թեեւ խոր գաղափարական անհամաձայնություն ունենք շարժման կողքին կանգնած հիմնական քաղաքական ուժերի ու հարթակից հնչած մի շարք թեզերի հետ, այդուհանդերձ, դրական ենք գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես։ Փաստ է, որ մայիսի 9-ին կայացած հանրահավաքը ամենաբազմամարդն էր 2018-ի ժողովրդական շարժումից հետո եւ մեկ անգամ եւս ապացուցեց, որ Փաշինյանի իշխանությունը կորցրել է հանրության վստահությունը։
Միեւնույն ժամանակ համոզված ենք, որ նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ ազատ, հավասար, համընդհանուր արտահերթ ընտրությունների արդյունքում»։
ՀԻՇԵՑ ՇՈՒՇԻՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ
«Արյուն կա իրենց վզին։ Այդ տղաներից չորսին ես եմ հուղարկավորել». – Կիրանցի փակ ճանապարհի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը՝ հիշելով 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիում ոստիկանների զոհվելու դրվագը։
Սրբազանը մանրամասնեց. «Իրենց մեղքով է եղել, իրենց հրամանատարության ներքո. անիմաստ տեղը տղաներին տարել են Շուշի, առանց որեւէ պատճառի, պատերազմի սկզբի հատվածում հենց, հավանաբար այն պատկերը տալու համար, թե զորքը չի գործում»։
Ապա, ցույց տալով սեւ բերետավոր ոստիկաններին՝ սրբազանն ասաց. «Սեւազգեստներն «ուժեղ տղերք» են, իրենք մի 800 հազար աշխատավարձ են ստանում՝ այս մարդկանց՝ ցուցարարներին ծեծելու համար»։
ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Իրանի նախագահ Ռաիսիի եւ նրան ուղեկցող պատվիրակության նահատակությունից հետո Իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները համատեղ հայտարարությամբ իրենց ցավակցությունն են հայտնել ժողովրդին եւ Իսլամական Հեղափոխության առաջնորդին:
Հայտարարության մեջ ասվում է.«Մենք՝ որպես Իրանի իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ԻԻՀ գերագույն առաջնորդին, զոհերի ընտանիքներին եւ Իրանի մեծ ժողովրդին ցավակցում ենք նախագահ այաթոլլահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի, Թավրիզում ԻԻՀ առաջնորդի ներկայացուցիչ եւ ուրբաթօրյա աղոթապետ այաթոլլա սեյեդ Ալ Մոհամմադ ալ-Հաշեմիի, Արեւելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթիի, գեներալ սեյեդ Մահդի Մուսավիի եւ ուղղաթիռի անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ»։
Հայտարարությունը ստորագրել են Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարավային Իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը, Իրանի ասորի եւ քաղդեացի քրիստոնյաների պատգամավոր Շառլի Էնվիե Թեքիեն, Իրանի զրադաշտականների պատգամավոր Էսֆանդիար Էխթիարին եւ Իրանի հրեաների պատգամավոր Հոմայուն Սամե Յահ Նաջաֆաբադին։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո, Թեհրան վերադառնալիս վթարի էր ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ուղղաթիռը. զոհվել են նաեւ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը, Արեւելյան Ադրբեջան նահանգի ղեկավարը եւ այլ պաշտոնյաներ:
Իրանի Իսլամական հանրապետությունում 5-օրյա սուգ է հայտարարվել: