ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԲԵՄՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էբրահիմ Ռաիսոլսադաթին, ով քաղաքական շրջանակում հայտնի էր որպես Էբրահիմ Ռաիսի, եւ 2021 թվականից մինչեւ իր մահը՝ 2024 թվականի մայիսի 19-ը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն էր, սկզբունքային մուսուլման իրավաբան էր:

Մինչ նախագահի պաշտոնն զբաղեցնելը՝ Ռաիսին տարբեր պաշտոններ է զբաղեցրել դատական համակարգում՝ եղել է Թեհրանի դատախազի տեղակալ, ապա դատախազ՝ 1980-1990-ական թվականներին: Հայտնի էր «Թեհրանի դահիճ» կեղծանվամբ, քանի որ հանդիսանում էր «Մահվան կոմիտե» անվամբ հայտնի խմբի անդամ, որը պատասխանատու էր 1988 թվականին հազարավոր քաղբանտարկյալներին մահապատժի ենթարկելու համար:
Եղել է արդարադատության նախարարի տեղակալ, ապա նախարար:
Առաջին անգամ նախագահական ընտրությունների համար առաջադրվել է 2017 թվականին՝ պարտվելով գործող նախագահ Հասան Ռոհանիին՝ 57/38.3 տոկոս հարաբերակցությամբ: 2021 թվականին առաջադրվելով երկրորդ անգամ՝ դարձել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ՝ հավաքելով ընտրողների ձայների 62.9 տոկոսը:
Ռաիսի նախագահության շրջանում փակուղի են մտել ԱՄՆ-ի հետ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը», Իրանը սկսել է Ուրանի հարստացման գործընթաց եւ Գազա-իսրայելական հակամարտությունում աջակցություն ցուցաբերել Գազային: Երկրի ներսում, սակայն, ամեն բան չէ, որ խաղաղ է եղել. երկրում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել՝ իրավունքների ազատականացման մի շարք պահանջներով, ինչը սկսվել է ոստիկանների կողմից բռնի ուժի կիրառումից հետո երիտասարդ Մահսա Ամինիի մահով:
Հատկանշական է այն, թե ինչ ազդեցություն ուներ նախագահ Ռաիսին միջազգային քաղաքական թատերաբեմում, եւ ինչպիսի վախ էր առաջացնում նրա վարած քաղաքականությունը: Այս համատեքստում պետք է մատնանշել, որ նրա նկատմամբ պատժամիջոցներ են սահմանված եղել ԱՄՆ Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակի կողմից՝ համաձայն 13876 Գործադիր հրամանի, ինչպես նաեւ մեղադրվել է մարդկության դեմ հանցագործությունների համար՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների եւ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների կողմից:
Ռաիսին Իմամ Ռեզայի սրբավայրի մեծ իմամ Ահմադ Ալամոլհոդայի փեսան էր:
Հասկանալու համար, թե ինչ գործընթացներ են սկսվելու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի մահից հետո, պետք է հասկանալ օրենսդրական կարգավորումները:
Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ նախագահի մահվան, պաշտոնանկության, հրաժարականի, երկու ամսից ավելի բացակայության, հիվանդության կամ նախագահության ժամկետն ավարտվելու եւ խոչընդոտների առկայության դեպքում, նախագահի լիազորոթյունները ստանձնում է առաջին փոխնախագահը։
Այնուհետեւ, խորհրդարանի նախագահի, դատական իշխանության ղեկավարի եւ առաջին փոխնախագահի մասնակցությամբ ձեւավորված խորհուրդը կազմակերպում է արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք պետք է անցկացվեն առավելագույնը հիսուն օրվա ընթացքում։
Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ մայիսի 19-ին, նախագահ Ռաիսի ուղղաթիռը, որը Թեհրան էր վերադառնում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից, կործանվել էր Արեւելյան Ադրբեջան նահանգի Վարզաքան քաղաքում: Վթարի հետեւանքով նախագահից զատ զոհվել են ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Արեւելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մալեք Ռահմաթին եւ Մոհամմադ Ալի ալ Հաշեմը:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ո՞Վ ԷՐ ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ
Հոսեյն Ամիր-Աբդոլլահյան. իրանցի քաղաքական գործիչ, դիվանագետ, ով 2021 թվականի նախագահական ընտրություններից մինչեւ մայիսի 19-ը երկրի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն էր:
2011-ից 2016 թվականներին Աբդոլլահյանը եղել է արաբական եւ աֆրիկյան երկրների հարցերով փոխարտգործնախարար, Իրանի խորհրդարանի խոսնակի միջազգային հարցերով հատուկ օգնական, Իսլամական խորհրդատվական ժողովի միջազգային հարցերով գլխավոր տնօրեն, Պաղեստինի Ինթիֆադային աջակցության միջազգային խորհրդաժողովի մշտական քարտուղարության գլխավոր քարտուղար, ԱԳՆ միջազգային հարաբերությունների դպրոցի պրոֆեսոր:
Մոհամմադ Խաթամիի նախագահության օրոք միջուկային բանակցությունների ընթացքում Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը եղել է միջուկային բանակցությունների քաղաքական եւ անվտանգության հանձնաժողովի անդամ։ Նա առաջին իրանցի պաշտոնյան էր, ով հրավիրվել է Լոնդոն՝ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վերաբացումից հետո տարածաշրջանային բանակցությունների մասնակցելու:
2007 թվականին Բաղդադում Իրան-Իրաք-ԱՄՆ եռակողմ հանդիպման ժամանակ ղեկավարել է իրանական բանակցային թիմը:
Հ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԺԵՏՈՆՆԵՐԸ ԴԵՌ ԱԿՏՈՒԱԼ ԿԼԻՆԵՆ
Երեւանի մետրոպոլիտենի տոմսեր չեն լինի ժետոններով, կգործի QR կոդերով եւ այլ համակարգերով վճարելու տարբերակը: Այս մասին, երեկ՝ մայիսի 20-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչպես են օգտվելու մեծահասակները, եթե չունեն հնարավորություն հեռախոսից կամ բանկային քարտից վճարելու. «Տարեցների համար լինելու են գանձապահները, իրենք մնալու են, կարող են մոտենալ իրենց 100 դրամը վճարել եւ գանձապահը իրենց փոխանցի 1 QR կոդ՝ մեկանգամյա օգտագործման համար նախատեսված, եւ վաճառվելու են նաեւ քարտեր, որոնք ժամկետով են լինելու. այսինքն՝ հստակ օրով եւ ամսաթվով»:
Նրա խոսքով՝ ժետոնները դեռ որոշ ժամանակ ակտուալ կլինեն:
Այս պահին Երեւանի մետրոպոլիտենի երեք կայարաններում՝ Բարեկամություն, Մարշալ Բաղրամյան եւ Երտասարդական տեղադրվել եւ փորձարկվում է անցակետերի նոր անցարգելները, որոնք բացվում են «Թել Սել Wallet»-ի QR կոդի միջոցով:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՏ ՎԻՃԱԿՆ ՈՒ ԻՐԵՆՑ ԽԱՂԵՐԸ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին: Մրցաշարին ներկա է եղել նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը մոռացել է գրել, որ ներկա է եղել նաեւ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը, որ հրապարակված լուսանկարում պատկերված է եղել Նիկոլ Փաշինյանի եւ Հայկ Ղալումյանի կոքին:
Հայաստանի բարդ վիճակը, Տավուշի՝ սահմանագոտում Ադրբեջանին հանձնվող տարածքներն ու իրենց խաղերը:

ՈՒՂԵՐՁ՝ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը շնորհավորական ուղերձ է հղել ընտանիքի միջազգային օրվա առթիվ։ Նա ուղերձում նշել է, որ մայիսի 15-ը նշվում է որպես ընտանիքի միջազգային օր, այն 1993 թվականին սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: Դրա նպատակը հանրության ուշադրության գրավումն է ընտանիքի բազմաթիվ խնդիրների նկատմամբ: 2011 թվականի փետրվարի 9-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ը հայկական տոնացույցում ամրագրվել է որպես Ընտանիքի օր: Մարզպետն ուղերձում նշել է, որ ընտանիքն առողջ եւ համերաշխ հասարակության հիմքն է, հասարակության հիմնական ինստիտուտներից մեկը. ընտանիքը հայ մարդու համար սրբություն է, ամուր ընտանիքը պետության զարգացման, ժողովրդի բարգավաճման կարեւոր գրավական է։ Հայկ Ղալումյանը մաղթել է խաղաղություն, առողջություն ընտանեկան ջերմություն ու երջանկություն։ Այդ ուղերձը հրապարակված է Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում եւ մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։ Հրապարակված ուղերձի տակ լրագրող Նարինե Կիրակոսյանը հետեւյալ մեկնաբանությունն է գրել. «Լուրջ այդպիսի տոն կա՞, թե՞ մարդկանց զբաղեցնելու համար մոգոնեցիք։ Հա, մեկ է՝ Նիկոլն ու դուք դատվելու եք (խմբ.)»։ Կիրանցի ընտանիքներին պատկանող տները, շինությունները, տարածքները Ադրբեջանին հանձնող, ադրբեջանական սահմանապահ հենակետից 50 մետր հեռավորությամբ Կիրանցում դպրոց գործարկող, այդ կերպ Կիրանցի աշակերտներին ու նրանց ընտանիքներին սթրեսի մատնող մարզպետը չի զլացել, ընտանիքի միջազգային օրվա առթիվ գեղեցիկ բառերով, սիրուն մաղթանքներով շնորհավորանք է հղել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս