ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում արդեն երկրորդ տարին է՝ կազմակերպվում է տնտեսագիտական միջազգային օլիմպիադա` ավագ դպրոցականների շրջանում ֆինանսական եւ տնտեսագիտական գրագիտության մակարդակը բարձրացնելու, տնտեսագիտության ու ֆինանսատնտեսագիտական ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով:

Այս տարի օլիմպիադան մեկնարկեց մարտին՝ դպրոցական փուլում գրանցելով տպավորիչ ցուցանիշներ. Հայաստանի 110 դպրոցներից ավելի քան 890 10, 11, եւ 12-րդ դասարանների աշակերտներ մասնակցեցին, որոնցից 91-ը հաղթահարելով անցողիկ շեմը՝ անցան հանրապետական փուլ։ Օլիմպիադային մասնակցելու համար բավարար են միջառարկայական գիտելիքները, որոնք աշակերտները ստանում են հասարակագիտություն, մաթեմատիկա առարկաների շրջանակում: Օլիմպիադան անցկացվում է երեք փուլով` դպրոցական, հանրապետական եւ միջազգային։
Օլիմպիադայի հանրապետական փուլը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 21- ին Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Գրավոր եւ բանավոր փուլերի արդյունքում կպարզվեն հաղթողները, իսկ անգլերենով ամենաբարձր ցուցանիշներ գրանցած մասնակիցներից 5-ը կմասնակցեն միջազգային փուլին՝ սեպտեմբերին, Հունաստանում՝ ավելի քան 20 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։
ՀՀ-ում օլիմպիադան առաջին անգամ կազմակերպվել է 2022-2023 ուսումնական տարում. հանրապետական փուլին մասնակցության իրավունք էր ստացել դպրոցական փուլը հաղթահարած 36 աշակերտ։ Դպրոցական փուլին մասնակցել էին 10, 11, եւ 12-րդ դասարանների շուրջ 400 աշակերտներ Երեւանի եւ մարզերի 70 դպրոցներից: Գրավոր եւ բանավոր փուլերի արդյունքում առավել բարձր ցուցանիշներ գրանցած 5 մասնակիցները մասնակցեցին Սլովակիայում կայացած միջազգային փուլին՝ գրանցելով տպավորիչ արդյունքներ 17 երկրների շարքում:
Հայաստանում օլիմպիադան կազմակերպվում է Վարքագծային որոշումների կենտրոնի կողմից` ՀՀ ԿԳՄՍՆ-ի, ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, ինչպես նաեւ միջազգային գործընկերների` Economic Fundamentals Initiative-ի հետ սերտ համագործակցությամբ։ Այս տարի օլիմպիադայի անցկացմանը աջակցել են նաեւ «Էվոկաբանկը» եւ «Իզի Փեյ» ընկերությունը։
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ 125…» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Այս տարի լրանում է հայ նշանավոր քանդակագործ եւ գեղանկարիչ, եռաչափ եւ կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի 125-ամյակը:
Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւ Երվանդ Քոչարի թանգարանը հայտարարել էին մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն էր մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին այն առավել ճանաչելի դարձնելը:
Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված մրցույթի շրջանակում հրապարակված մրցութային 5 հարցերի մեկնաբանություններում գրվել է շուրջ 260 պատասխան:
Մայիսի 14-18-ը՝ յուրաքանչյուր օր, ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել են Երվանդ Քոչարի կենսագրությանը, ստեղծագործական կյանքին վերաբերող տարաբնույթ հարցեր, եւ համաձայն մրցութային պայմանների՝ առաջինը ճիշտ պատասխանողը ճանաչվել է տվյալ օրվա հաղթող:
Խմբագրված, ինչպես նաեւ այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել: Որպես պարտադիր պահանջ՝ պատասխանում պետք էր միայն հայատառ նշել սովորողի տվյալները (անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, դասարան/կուրս, մասնագիտություն):
Ներկայացնում ենք հարցերին առաջինը ճիշտ պատասխանած մասնակիցներին.
. ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Թամարա Մակարյան,
. Երեւանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի «Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր եւ ցանցեր» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Արծրուն Առաքելյան,
. Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Հովիկ Ղազարյան,
. Երեւանի թիվ 118 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արաքսյա Սարգսյան:
Մրցույթի 2-րդ օրվա հարցի մեկնաբանություններում ճիշտ պատասխան չի գրվել, հետեւաբար՝ այդ օրվա հաղթող չի եղել:

ԿԱՄՈՒՐՋՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՎ
Մայիսի 21-23-ը Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) ՄԿՈՒ որակի ապահովման ֆորումը՝ «Աշխատանքին միտված ձեւավորող գնահատման որակի ապահովում» խորագրով։
ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրում նախանշված է շրջանավարտների մասնագիտական զբաղվածության մակարդակը հասցնել 90%-ի։ Սահմանված ցուցանիշի ապահովումը խթանելու համար Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից մշակվել է Աշխատանքին միտված ձեւավորող գնահատման որակի ապահովման մոդել, որը հնարավորություն է տալիս հետեւել, թե ինչքանով են գործատուները քոլեջներում մասնակցում ուսանողների կրթությանը՝ դասավանդումից մինչեւ մասնագիտական հմտությունների ձեւավորում եւ ընթացիկ գնահատում՝ թողարկելով աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետ։
Երեք օրերի ընթացքում 16 երկրներ ներկայացնող փորձագետները հանդիպումներ կունենան ՀՀ գերատեսչությունների ղեկավարների, գործատուների, գործատու-դասախոսների, ՄԿՈՒ հաստատությունների տնօրենների, կրթական ծրագրերի, կարիերայի կենտրոնների ներկայացուցիչների, որակի ապահովման պատասխանատուների հետ։
Ֆորումի շրջանակներում փորձագետները խորհրդատվություն կտրամադրեն, թե որակի ապահովման մեխանիզմների միջոցով ինչպես առավել շատ խթանել գործատուի համատեքստը ճանաչող շրջանավարտների պատրաստմանը՝ աշխատաշուկան համալրելով կարողունակ եւ մրցունակ մասնագետներով։

«ԻՆՏԵՐ» – «ԼԱՑԻՈ» ԽԱՂԸ՝ ՈՉ ՈՔԻ
Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց վերջին րոպեներին՝ 1:1:
32-րդ րոպեին «Լացիոյի» գոլը խփեց ճապոնացի կիսապաշտպան Դաիչի Կամադան։ «Ինտերը» հավասարությունը վերականգնեց 88-րդ րոպեին հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսի գոլի շնորհիվ։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 64-րդ րոպեին։
«Ինտերը» վաստակել է 93 միավոր, «Լացիոն» 60 միավորով 7-րդն է։

ԳԼՈՒՇԱԿՈՎԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է «ՈՒՐԱՐՏՈՒԻՑ»
Երեւանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Դենիս Գլուշակովը հեռանում է ակումբից:
Այս մասին գրում է ռուսական «Սպորտ-էքսպրեսս»-ը:
«Մրցաշրջանն ավարտվում է, գնում եմ՝ իրերս հավաքելու եւ հետո հրաժեշտ կտամ բոլորին։ Հեռանում եմ «Ուրարտու»ից: Մենք պայմանավորվածություն ունեինք մինչեւ մրցաշրջանի ավարտը։ Իսկ թե հետո ինչ կլինի, ցույց կտա ժամանակը».-ասել է Գլուշակովը: Վերջինս «Ուրարտու»-ին միացել էր 2024 թվականի փետրվարին:
37-ամյա փորձառու ֆուտբոլիստը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, մասնավորապես՝ Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի եւ «Սպարտակ»-ի, ինչպես նաեւ «Ախմատ», «Խիմկի» եւ «Նիժնի Նովգորոդ» ակումբներում։ Կիսապաշտպանը 2016/17 մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չեմպիոն, ինչպես նաեւ Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում` Ռուսաստանի սուպերգավաթի հաղթող։
Ռուսաստանի հավաքականի կազմում Գլուշակովը մասնակցել է 2018 թվականի աշխարհի առաջնությանը, ինչպես նաեւ 2012 եւ 2016 թվականների Եվրոպայի առաջնություններին։

«ԲԱՎԱՐԻԱՆ» ԶԻԴԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ՎԱՐԻ
Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը մտադիր չէ բանակցություններ վարել ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանի հետ:
Նախորդ ամիս ֆրանսիական L’Equipe-ը գրել էր, որ Զիդանը կնախընտրի գլխավորել ոչ թե «Բավարիան», այլ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Բավարիան» Թոմաս Տուխելին փոխարինելու համար չի կարողացել համաձայնության գալ Գերմանիայի նոր չեմպիոնի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի, Լիսաբոնի «Բենֆիկան» մարզող Ռոջեր Շմիդտի եւ Ավստրիայի հավաքականի ղեկը ստանձնած Ռալֆ Ռանգնիկի հետ: Տուխելը հայտարարել էր, որ չի մնա «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում: Գերմանիայի ավարտված առաջնությունում մյունխենցիները 72 միավորով զբաղեցրել են 3-րդ տեղը:




Լրահոս