ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ 4 ոչ իշխամական ուժերի ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելուն և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու ու քննարկում ունենալուն հայտարարեց ՝ «Ես անիմաստ եմ համարում մեր մասով որևիցե քննարկում»:
Պատգամավորը նշեց նաև, որ «Անտանելի և անթույլատրելի է, որ այսօր ընթացող քաղաքական քննարկումներում շրջանցվում է այն հանգամանքը, որ Հայաստանը գնում է ինքնամեկուսացման մեջ և, ցավոք սրտի, արդեն չի ընկալվում որպես ինքնուրույն որոշումներ կայացնող պետություն, այլ ընկալվում է որպես ռուսական տարածք: Հստակ է, որ Հայատանի սոցիալ-տնտեսական և շատ այլ կարևորագույն խնդիրներ կապված են հենց իմ նշած հանգամանքի հետ, և այդ կարևորագույն փաստը շրջանցելու պարագայում կառավարության հրաժարականի պահանջ դնելն ուղղակիորեն իմաստազրկվում է, քանզի նույն այդ կառավարությունն է ՀՀ-ն տանում դեպի Մաքսային Միություն, ինչն էլ կբերի քաղաքական և տնտեսական մեկուսացման:
Ահա այստեղ է մեր մոտեցումների տարբերությունը: Իհարկե, այլ հարցերով քննարկում հնարավոր է, բայց արտաքին քաղաքականության հետ կապված մենք մեր մոտեցումներն ունենք, ու ցավում եմ, որ մեր մոտեցումներին չեն հետևում մեր գործընկերները, մյուս քաղաքական ուժերը, կամ էլ ` շատ ընտրովի մոտեցում են ցուցաբերում:
Մեր քաղաքացիների արտահոսքը Ռուսաստանի Դաշնություն ակնհայտորեն մեծ արագությամբ տեղի է ունենում, իսկ եթե մենք մեր ձեռքերը ծալած նստենք, որոշ ժամանակ հետո կհասկանանք, որ ՀՀ քաղաքացիներն արդեն ՀՀ քաղաքացիներ չեն»: