Ավազակային հարձակում Վանաձորում․ հարվածել են հայտնի առևտրականի գլխին, հափշտակել «Լեքսուսը», 40 հազար դոլար և 36 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 24-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի շենքերից մեկի բակում ավազակային հարձակում է տեղի ունեցել և տուժածը ընկած է գտենին, իսկ նրան պատկանող ավտոմեքենայով հանցագործը կամ հանցագործները դիմել են փախուստի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Տիգրան Ոսկանյանը իր  բնակության՝ Թաթերական փողոցի 4-րդ շենքի բակում իրեն պատկանող «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան ավտոտնակում կանգնեցնելու նպատակով դուրս է եկել ավտոմեքենայից, մոտեցել ավտոտնակի դռանը, բացել այն և այդ ժամանակ իր թիկունքի կողմից անհայտ անձը հարվածել է իր գլխին, ով վայր է ընկել, իսկ երբ ուշքի է եկել, նկատել է, որ ավտոմեքենան առևանգել են։

Մինչ դեպքի վայրում աշխատել են փորձաքրեագետները, ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ առևանգված «Lexus» մակնիշի ավտոմեքենան գտնվում է Վանաձոր քաղաքի Բոշյան փողոցի վերջնամասում, «Նավ» ռեստորանային համալիրի դիմաց։

Ոստիկանները, պարեկներն, քննիչներն ու փորձաքրեագետը ժամանել են նշված վայր, որտեղ առջևի հատվածը ամբողջությամբ վնասված հայտնաբերել են «Lexus»-ը։

Ֆոտոլրագողի տեղեկություններով տուժածն ասել է, որ առևանգված ավտոմեքենայում եղել էր 36 մլն ՀՀ դրամ և 40 հազար դոլար։ Տուժած Տիգրան Ոսկանյանը Լոռու մարզում հայտնի առևտրական է, ով զբաղվում է մեծածախ առևտրով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անրհաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը ճշտելու, նրանց և գողունը հայտնաբերելու ուղղությամբ։

Տուժածը հարվածի հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել։




Լրահոս