Արտաշատի Արազի փողոցի 39 շենքի 18 բնակարանի բնակչուհի Անուշ Չիլինգարյանն այսօր ԱԺ-ի ընդունարանում էր և որդու հետ անհամբեր սպասում էր ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանին: Սակայն նրան հեռախոսով տեղեկացրին, որ Հարությունյանը նիստերի է:
Ինչպես պարզեց armlur.am լրատվականի թղթակիցը, տիկին Չիլինգարյանին և մի քանի այլ բնակիչների «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տուգանել է իբր գազահաշվիչների աշխատանքին միջամտելու համար: Գազահաշվիչների ժամկետի լրանալուց հետո բերել տեղադրել են նոր հաշվիչներ, հները՝ տարել լաբորատոր փորձաքննության: Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ հաշվիչի դիտապակին խամրած է ու քերծված, ծակված-փակված է ելքի խողովակոստը, աղտոտված է համրման սարքի իրանը, դիտապակին քայքայված է:
Քաղաքացու խոսքով` փորձաքննության տվյալներն անհիմն են, քանի որ ոչ ոք չէր կարող նման բան անել, մասնավորապես պոկել կապարակնիքը և միջամտել հաշվիչների աշխատանքին:
«Ժողովրդից փորձում են ավելորդ գումար գանձել»,-ասաց Արտաշատի բնակչուհին` հավելելով, որ թե՛ իրեն, թե՛ այն բնակիչներին, որոնց եկել է նման փաստաթուղթ, տուգանել են 140.000 դրամով:
Միգուցե գազի ծառայության տեսուչն է նման բան արել: «Մեր գազի տեսուչը պարկեշտ ու բարոյական մարդ է, նման բան չէր անի, այնքան բարձր է դրված հաշվիչը, որ նա հազիվ բարձրանում է, որ թիվը կարդա: Իսկ եթե անգամ անի, ո՞րն է նրա շահը»,- պատասխանեց տիկին Չիլինգարյանը:
Տիկին Չիլինգարյանի խոսքով` ո՛չ ինքը, ո՛չ էլ մյուս բնակիչները, որոնք տուգանվել են, ի վիճակի չեն վճարելու այդքան մեծ գումար:
Տուժած քաղաքացիները դիմել են գազի տարածքային գրասենյակ, «Գազպրոմ» ՓԲԸ-ին, սակայն՝ անարդյունք: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը գրավոր կերպով պատասխանել է, որ քաղաքացու բողոքն անհիմն է: Եթե 5 օրվա ընթացքում քաղաքացիները տուգանքը չվճարեն, կանջատեն նրանց գազը:
Արտաշատի բնակիչները որոշել են՝ եթե տուգանքները չեղյալ չհամարեն, իրենք կփակեն Երևան-Արցախ ճանապարհը: «Թող մեր հարցը կոնկրետ լուծեն»,-եզրափակեց տիկին Չիլինգարյանը:
Սոնա Դավթյան