Ուկրաինական ճգնաժամի արդյունքում խաթարված աշխարհակարգը կարծես թե նորանոր ճեղքվածքներ է տալիս: Արդեն իսկ խոսվում է Ղրիմից հետո Ուկրաինայի արևելյան շրջաններում և Մերձդնեստրում սպասվող ապակայունացման հավանականության մասին, իսկ Սիրիայի Քեսապի շրջանում վերջին օրերին ծավալված իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ ապակայունացման միտումները շատ ավելի մեծ աշխարհագրություն ունեն, քան կարելի էր սպասել:
Ստեղծվող իրավիճակը հղի է Հայաստանի համար լրջագույն մարտահրավերներով, որոնք, սակայն, հայրենի քաղաքական դաշտը կարծես թե դեռևս չի գիտակցում: Իսկ ամենամեծ վտանգը, որը կարող է մեզ սպառնալ, հարևան Վրաստանում իրավիճակի ապակայունացումն է` Ռուսաստանի ջանքերով և, իհարկե, հայերի ձեռքերով:
Ինչից սկսվեց ուկրաինական ճգնաժամը. այն բանից, որ ԱՄՆ-ը ցանկացավ ՆԱՏՕ-ի զորքերը մոտեցնել Ռուսաստանի դարպասներին: Իսկ Ռուսաստանն էլ, բնականաբար, գործադրեց և դեռ գործադրելու է բոլոր ջանքերը` նման հեռանկարը թույլ չտալու համար: Եվ առավել քան ակնհայտ է, որ այն, ինչն անընդունելի էր Ուկրաինայի դեպքում, ոչ պակաս անընդունելի կլինի նաև Վրաստանում: ՆԱՏՕ-ին անդամակցող Վրաստանը Ռուսաստանի համար նույնպիսի, եթե ոչ ավելի մեծ, սպառնալիք է:
Հետևաբար` կասկածից դուրս է, որ իրադարձությունների արդեն իսկ ուրվագծվող զարգացման դեպքում առաջիկայում Ռուսաստանը գործադրելու է բոլոր ջանքերը` Վրաստանը ներսից «պայթեցնելու» համար: Եվ կրկին` դա արվելու է անջատողական ուժերի հրահրմամբ, այդ թվում և` Ջավախքում:
Թե դա ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար, դժվար չէ պատկերացնել: Առավել ևս, որ բանը կարող է հասնել ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ներգրավմանը, օրինակ` Վրաստանում ապրող հայերի իրավունքների պաշտպանության նպատակով:
Այս ամենն, իհարկե, առայժմ միայն հնարավոր վտանգների տիրույթում է, ինչը, սակայն, ոչ միայն պետք չէ թերագնահատել, այլև պետք է ամենայն մանրակրկտությամբ վերլուծել, հաշվարկել, և կանխել:
Մինչդեռ այսօր Հայաստանի քաղաքական, դիվանագիտական, փորձագիտական շրջանակներում այս վտանգների մասին որևէ մեկը չի խոսում: Ավելին` ընդդիմությունն այսօր զբաղված է ընդամենը սեփական վարկանիշի բարձրացման էժանագին գործընթացով` կառավարությանն անվստահություն հայտնելով, իսկ իշխանությունն էլ, ինչպես միշտ, ոչինչ չանելով:
Ինչ վերաբերում է տարբեր քաղաքացիական նախաձեռնություններին և վերլուծական կենտրոններին, ապա նրանք էլ, կարծես թե, իրենց դոնորների կողմից չունեն այդպիսի խնդիրներով զբաղվելու պատվերներ: Եվ արդյունքում Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերներն, այսօր, կարելի է ասել, թողնված են ինքնահոսի: