Այսօր դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբանը` Նիկոլայ Բաղդասարյանը, լրագրողներին ներկայացրեց միջազգային փորձագետների կողմից արված եզրակացությունները:
Թե իրականում ինչպես է տեղի ունեցել նախորդ տարվա հոկտեմբերի 20-ի վթարը Երևան-Եղվարդ ավտոճանապարհին, փորձագետները ցույց են տվել մոդելավորման միջոցով:
Հիշեցնենք, որ Երևան-Եղվարդ ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ 7 մարդ, որոնց մեջ է նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը:
Փաստաբանի խոսքով՝ գործում կա փորձագիտական եզրակացություն, որ մեղավոր է հետևից խփող ավտոմեքենան: Բացի այդ, կա վկաների ցուցմունքը, և նրանք ոչ թե պարզապես ականատեսներ են, այլ՝ մեքենայի մեջ գտնվողները:
«Եթե համեմատենք Եվրոպայի հետ, ապա այնտեղ հատուկ տեխնոլոգիաներով, հատուկ սարքավորումներ օգտագործելով` ամբողջ դեպքի վայրը լուսանկարվում և հետազոտվում է մասնագետների կողմից, և բացառվում է, որ դեպքի վայրի զննության արձանագրությունում լինի սխալ: Սրանից հետո այդ ամենը հանձնվում է համապատասխան մարմիններին, ովքեր մոդելավորում են վթարը: Այսինքն` չեն լսում մի կողմին, հետո՝ մյուսին, որ հետո քննիչը որոշում կայացնի` ով է սխալ, ով՝ ճիշտ»,- իր խոսքում նշեց փաստաբանը:
Ընթացքում միացավ նաև եվրոպացի փորձագետ Գուստավ Կասալինսկին:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Տաթև Հարությունյան