ԱԺ քառօրյան, արդեն երկու օր է, բավական բուռն է ընթանում: Ուշագրավն այն է, որ օրենսդիրի և գործադիրի ներկայացուցիչները սկսել են պատասխանել ընդդիմադիր ուժերի ու այլընտրանք համարվող ԲՀԿ-ի բոլոր քննադատություններին ու մեղադրանքներին: Փաստորեն, իշխանությունը հակահարձակման է անցել:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Գրիգորիչը, սակայն, այդպես չի մտածում: Armlur.am լրատվականի հետ զրույցում խմբակցության ղեկավարն ասաց, որ եթե ՀՀԿ-ն հակահարձակման անցնի, ընդդիմություն չի լինի երկրում: Պարզապես դաշտ են ստեղծում, որ ընդդիմությունը կարողանա ինչ-որ կերպ կայանալ:
-Իսկ միգուցե իշխանությունը վախի մե՞ջ է: Համենայն դեպս, նախկինում այսքան շատ չէին հակադարձում ընդդիմադիրների մեղադրանքներին, այն էլ՝ գործադիրի մակարդակով:
-Չասենք ընդդմիության մեղադրանքներին, այլ՝ ընդդիմության անհեթեթություններին:
-Այսինքն` համաձայն չե՞ք, որ իշխանությունը խուճապի մեջ է:
-Խուճապի մեջ եղող մարդիկ ի ծնե են խուճապահար: Իշխանությունը չի կարող խուճապել, քանի որ անձերից է բաղկացած…
-Եթե անգամ չորս ոչ իշխանական ուժերը և «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը միասնաբար են գործում, դա էլ չի մտահոգում իշխանությանը:
-Չորս ուժերն իրար հետ ծածկում են քաղաքական դաշտի մոտավորապես 10-15 տոկոսը:
-Իսկ դժգոհող հասարակությո՞ւնը:
-Հասարակության անունից մենք էլ չենք խոսում: Վերջերս ՏԻՄ ընտրությունները եղան, և մենք 74-75 տոկոս ձայն վերցրինք: Հետևաբար մենք կարող ենք ժողովրդի անունից խոսել, բայց մենք էլ չենք խոսում, որովհետև ժողովուրդն իր անունից կարող է խոսել:
-Ընդդիմությունը չի՞ կարող խոսել հանրության անունից:
-Ընդդիմությունը կարողանում է միայն Ազատության հրապարակում քայլել, ԱԺ-ի խոսափողներից խոսել: Ընդդիմությունը ժողովրդից մեկուսացված է: Նա մտածում է, որ այնքան խելոք է, ժողովուրդն էլ այնքան անխելք է, որ նրա ետևից պետք է գնա:
– Դե՛, մեր ընդդիմությունն այնքան խելացի է, որ այսօր սատարում է «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությանը:
-Ես չէի ուզենա, որ մեր ազգը հարթ ուղեղների ազգ լիներ: Բնականաբար, եթե խնդիր կա, կարող են այլ կերպ մտածել: Բայց ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմությունը պետք է շահեկան վիճակ ստեղծի և գրգռի ինչ-որ մի զանգվածի և ամբոխի վերածի, դա վատ բան է, քանի որ ամբոխը կարողացավ տապալել Ուկրաինան: Իսկ մեր ժողովուրդը նպատակներին կծառայի, ոչ թե ներկուսակցական խնդիրների:
Սոնա Դավթյան