ԱԺ-ում քննարկվել են կաթի մթերմանն առնչվող խնդիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարզեր պարբերաբար կատարած մեր այցերի ընթացքում անասնապահները բարձրաձայնում են կաթի մթերմանն առնչվող խնդիրների և, մասնավորապես, գնի նվազեցման փաստի մասին: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ մայիսի 27-ին «Տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցության երաշխավորումը կաթի մթերման ոլորտում առկա խնդիրների համատեքստում» թեմայով իր նախաձեռնած աշխատանքային քննարկման ընթացքում:

Պատգամավորի խոսքով՝ Կառավարությունը խթանում է գյուղատնտեսության այս ճյուղը և էկոնոմիկայի նախարարության միջոցով ավելացնում է դրա զարգացմանն ուղղված պետական ֆինանսավորումը:

Խնդիրը քննարկվել է պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների տնօրենների, ՀՀ միջազգային գործընկերների, ֆերմերների հետ:

Էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանը ներկայացրել է կաթի շուկայում առկա իրավիճակը: Նա նշել է, որ 2023 թվականին արտադրվել է 590,9 հազար տոննա կաթ. նախորդ տարվա համեմատ կաթի արտադրությունը նվազել է 5,2 տոկոսով: Միտումը պահպանվել է նաև 2024 թվականին: Առաջին եռամսյակում արտադրվել է 123,1 հազար տոննա կաթ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համամետ նվազելով 3,5 տոկոսով:

Զեկուցողն անդրադարձել է նաև կաթի փոշու ներմուծման ծավալներին` ընդգծելով, որ շարունակվել են ներմուծման ծավալների նվազման միտումները: Գերատեսչության ներկայացուցչի խոսքով կտրուկ նվազել է ներմուծվող կաթի փոշու գինը, ինչն ազդել է նաև մթերվող կաթի գնի վրա:

Ֆերմերները դժգոհել են` ընդգծելով, որ վարկեր են վերցրել, թանկ անասնակեր գնել, այլ ծախսեր կատարել, բայց եկամուտ չեն կարողանում ստանալ, քանի որ տարվա այս եղանակին իրենց ապրանքն արժեզրկվում է: Նշվել է, որ այս պահին 1 լիտր կաթը գյուղացին կարողանում է վաճառել ընդամենը 130-140 դրամով` նախորդ տարիների 200 դրամի փոխարեն: Մտահոգություն է հնչել, որ որոշ համայնքներում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը պակասել է մոտ 50 տոկոսով:

Քննարկման մասնակիցներն ընդգծել են, որ խնդիրը նոր չէ, այն վերջին տարիներին արդիական է դառնում հատկապես կաթի սեզոնայնության (մայիսից օգոստոս) ընթացքում:

Ելույթ ունեցողներն առաջարկել են խանութներում տարբերակված և մակնշված դարակաշարերով ներկայացնել անարատ կաթով և բուսական յուղով արտադրված թթվասերները: Այս մասով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչը փաստել է, որ պետական վերահսկողության շրջանակում հիմնականում արձանագրվում են մակնշման հետ կապված խախտումներ:

Ֆերմերների կարծիքով՝ ոլորտը խոցելի վիճակում է, և Կառավարությունը պետք է համապատասխան լուծումներ գտնի: Առաջարկ է եղել նվազեցնել ներմուծվող կաթի փոշու ծավալները, ձևավորել կաթ արտադրողների ասոցիացիա, որը կզբաղվի ոլորտի խնդիրների լուծմամբ:

Ամփոփելով քննարկումը` Ռուստամ Բաքոյանը նշել է, որ գյուղացու շահերը պետք է պաշտպանված լինեն բոլոր մակարդակներով: Պատգամավորը, կարևորելով խնդրի լուծումը, հավաստիացրել է, որ առաջիկայում Կառավարության գործընկերների հետ կձեռնարկեն հստակ քայլեր:




Լրահոս