Այս պահին Ալավերդու համայնքապետարանում ընթանում է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: ՏԿԵՆ-ից հայտնում են, որ նիստում ամփոփվում են այսօր կատարված աշխատանքները:
Նախարար Սանոսյանը տեղեկացրել է, որ Լոռու և Տավուշի մարզի այն համայնքներն ու բնակավայրերը, որոնք հեղեղվել են, Կառավարության կողմից կհայտարարվեն աղետի գոտի։ Կառավարության որոշմամբ նաև 300 մլն դրամ կհատկացվի Լոռու և Տավուշի մարզերին հրատապ խնդիրներ լուծելու համար։
Նախարարը տեղեկացրել է նաև, որ ամբողջ օրվա ընթացքում անցել է Մ6 միջպետական ճանապարհի ողջ երկայնքով, մինչև Այրում կայարան, և արձանագրվել են ճանապարհի, կամուրջների փլուզումները, գույքագրվել են վնասները։
Քննարկվել են նաև Ալավերդիում և հարակից բնակավայրերում ջրամատակարարման, գազամատակարարման և կոմունալ մյուս հարմարությունների վերականգնման վերաբերյալ հարցեր։
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանն իր հեևթին ներկայացրել է ամբողջ օրվա ընթացքում իրականացված փրկարարական աշխատանքները: Գնահատվել են այս պահին առկա կարիքները, վաղվա անելիքների համար անհրաժեշտ տեխնիկայի ներգրավման վերաբերյալ հարցեր։