Մայիսի 28-ին հայ ժողովուրդը նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը: 1918-ին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը եւ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը:

Մայիսյան հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի` շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը: Մայիսի 26-ին լուծարվել էր Անդրկովկասյան Սեյմը, Ադրբեջանն ու Վրաստանն անկախություն էին ստացել, հերթը Հայաստանինն էր, և մայիսին 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը:

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ` Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն` Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական ղեկը վարելու»,- ասված է Թիֆլիսում Հայոց Ազգային խորհրդի կողմից ընդունված անկախության հռչակագրում:

Արդեն հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտեցման պայմանագիրը, 11 հազար քմ տարածքի վրա ձևավորվեց Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը:

Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ ժամանակում կարողացավ ստեղծել պետությանը բնորոշ բոլոր ատրիբուտները. ընտրեց խորհրդարան, որի առաջին նախագահը դարձավ Ավետիք Սահակյանը, ձևավորեց կառավարություն՝ առաջին վարչապետ դարձավ Հովհաննես Քաջազնունին:
Սակայն Հայաստանի առաջին հանրապետության կյանքը միայն 2 տարի տևեց. 1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը բռնազավթվեց բոլշևիկյան 11-րդ Կարմիր բանակի կողմից:

1992թ.-ից, երբ Հայաստանը կրկին անկախություն ստացավ, մայիսի 28-ը սկսվեց պաշտոնապես նշվել որպես առաջին Հանրապետության օր:

1968-1978 թվականներին Սարդարապատում կառուցվեց հուշահամալիր, որը նվիրված է 1918թ. մայիսի 22-28-ին Սարդարապատում թուրք զավթիչների դեմ մղված պատմական ճակատամարտին: Հուշահամալիրի բացումը կայացավ հերոսամարտի հիսնամյա տարեդարձի օրը:

Ճիշտ ճակատամարտի տեղում է կառուցվել հուշահամալիրը: Այն բացառիկ է մոտիվների յուրահատուկ զուգակցմամբ: Անկրկնելի են թևավոր ցուլերը և վեհասքանչ հաղթական զանգերը: «Զանգակատունը» (35 մ բարձրությամբ) հանդիսանում է համալիրի հորինվածքի դոմինանտը: Այն կատարված է նրբին արտիստականությամբ: Ստեղծագործաբար իմաստավորված է ամեն մի գծիկը, ամեն մի մանրամասնը: Անկրկնելի են թևավոր ցուլերը և վեհասքանչ հաղթական զանգերը: «Զանգակատունը» (35 մ բարձրությամբ) հանդիսանում է համալիրի հորինվածքի դոմինանտը:

 




Լրահոս