Լրագրողի դեմքին հարվածած Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը կոչում է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի երկու տեղակալներին Հանրապետության տոնի առթիվ շնորհվել են բարձրագույն դասային աստիճաններ։

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արտակ Մկրտիչի Պողոսյանին շնորհվել են արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ:

Ինչո՞վ է հայտնի դարձել հանրությանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի նոր կոչման արժանացած տեղակալը. ինչպես իր ղեկավարը, նա եւս լրագրողների դեմ գործողություններով է աչքի ընկել: 2014թ. փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում ՀԱԿ ակտիվիստները Մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման ակցիա են իրականացրել: Իրազեկման աշխատանքներին խոչընդոտել էին: Դեպքից հետո ոստիկանները ոչ թե խոընդոտողներին, այլ ակտիվիստներին բերման էին ենթարկել, իսկ լրագրողների ձեռքից վերցրել էին տեսախցիկները։ Բերման ենթարկվածների թվում են եղել «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը եւ ilur.am կայքի օպերատոր Սարգիս Գեւորգյանը: Ինչպես հայտարարել էր լրագրող Անի Գեւորգյանը, ոստիկանության բաժնում ոստիկանության այն ժամանակվա Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը ձեռքով հարվածել էր իր դեմքին:

Անի Գեւորգյանի հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով:

Դեպքից ամիսներ անց ՀՔԾ-ն կարճել էր քրեական գործով վարույթը՝ «հանցագործության հատկանիշների բացակայության» հիմքով: Անին պատմել էր, որ քրեական գործը կարճել են այն պատճառաբանությամբ, թե, իբր, ոստիկաններն իր նկատմամբ բռնություն էին գործադրում իր իսկ անվտանգության համար:

Դեպքին հաջորդող օրերին ոստիկանությունում նշանակվել էր ծառայողական քննություն, սակայն քննությունը կասեցված էր, քանի որ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ: Դեպքից 1 տարի 5 ամիս անց քրեական գործը կարճելիս ոստիկանությունը համարել էր, որ խախտումներ չեն եղել: Անցնելով ներպետական բոլոր ատյաններով` լրագրող Անի Գեւորգյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Քնար Մանուկյան




Լրահոս